Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Զավեշտը դարձել է քաղաքական օրակարգ

Զավեշտը դարձել է քաղաքական օրակարգ
01.05.2024 | 06:58

Ես ծնվել եմ Նոր Բայազետում, կարող եմ ազատ խոսել հորս ու մորս մասին, իմ պապ ու տատի մասին և` վերջ։ Այդքանը: Ընդամենը: Եվ ոչ այն պատճառով, որ ես իմ նախնիների մասին ավելին չգիտեմ, այլ նրա համար, որ մեծ պապերս ու տատերս եկել են Բայազետից: Իսկ Բայազետն առայժմ դուրս է մեր այժմյան պետական սահմաններից, հետևաբար խիստ գաղտնի ու արգելված թեմա է։ Նաև` վտանգավոր. բա որ հանկարծ մեր առանց այդ էլ կատաղած հարևաններն ավելի կատաղե՞ն։

Արդյոք մեր քաղաքացիական հասարակությունը տիրապետո՞ւմ է կատաղության դեմն առնելու գործիքներին, թե՞ մեզ սին հույսեր է տալիս։ Ցավոք, այս զավեշտը դարձել է քաղաքական օրակարգ: Ողբամ ես ձեզ, կամակատարնե՛ր և իբր թե պետություն կառուցողների անդե՛մ հանրություն։ Այս իրավիճակին հասել ենք նյութական ու մտավոր արժեքների կարևորման ու մեր ինքնության կարևոր բաղադրիչի` հոգևորի անտեսման պատճառով։ Որովհետև մյուս երկուսի` նյութականի ու մտավորի ցանկացած համադրում չի կարող առնչվել մեր առաքելությանն ու նրա ստեղծած քաղաքակրթական արժեքներին։ Բացի այդ, այս տարբերակը խնդիրները լուծում է «կամ… կամ»-ի սահմանափակ եղանակով, ինչը նշանակում է կա՛մ պատերազմ, կա՛մ խաղաղություն։ Սակայն, ունենալով կարճաժամկետ չափում` այն ոչ մի դեպքում կայունություն չի երաշխավորում։ Ցավալի է, որ քաղաքական այրերն են այսպիսի կարճամտություն ցուցաբերում, ինչն էլ հանգեցնում է արհավիրքի։ Չէ՞ որ կան այլ տարբերակներ ևս։ Իսկ համայն մարդկության զարգացումը ապահովել և ապահովելու է հենց այդ երրո՛րդ բաղադրիչի կիրառումը։
Ո՛վ հայ ազգ, վերագտի՛ր քո առաքելությունը, վերադարձի՛ր քեզ հարազատ արժեքներին և կգտնես ավելի հիմնարար լուծում։ Նշեմ, որ հայրենատիրություն հնարավոր է նաև առանց մեծ կորուստների, և այս հնարավորությունը տալիս է հոգևորի անկասելի զորությունը։
Որպես վերջաբան: Անհնար է ջնջել Արարատյան քաղաքակրթության հետքերը աշխարհի պատմությունից` բնատարածքներ, հուշարձաններ, թանգարաններ, Աստվածաշունչ, բազմաթիվ վկայություններ և այլն։ Ուստի ավելի լավ է հրաժարվել կեղծ օրակարգերից և նորից դառնալ ժողովրդավար, քանզի ժողովրդավարությունը քաղաքակրթական արժեքների ընդունումն է և ոչ սին օրակարգերի միահեծան հաստատումը:

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 5119

Մեկնաբանություններ