Երեկ գրել էինք Ավստրալիայի Ազգային գիտական գործակալության հետազոտողների կողմից մայրցամաքի տարածքում ապրող չղջիկների խոշոր տեսակների պոպուլյացիայի մեջ հայտնաբերված նախկինում անհայտ ու պոտենցիալ վտանգավորություն ներկայացնող ախտածնի (պաթոգենի) մասին:
Գիտնականները նորահայտ վիրուսին տվել են «Սոլթ- Գալլի» անվանումը: Եվ, ահա, մի նոր և առավել տագնապալի տեղեկություն, որի մասին հայտնի դարձավ դարձյալ երեկ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները ծայրահեղ մտահոգություն են հայտնում Աֆրիկայում նոր, նախկինում անհայտ ու խիստ վտանգավոր հիվանդության առաջացման կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Associated Press» գործակալությունը, հիվանդության բռնկումը գրանցվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Ենթադրվում է, որ վարակի աղբյուր են դարձել չղջիկները, որոնց կերել են երեք երեխաներ, հենց նրանցից էլ սկսվել է վարակի սրընթաց տարածումը: ԱՀԿ- ն նախկինում անհայտ վիրուսը գնահատել է որպես շատ վտանգավոր
Հիվանդությունը բնութագրվում է բարձր մահացությամբ և արագ զարգացմամբ։ Ընդամենը մեկուկես ամսվա ընթացքում վիրուսի զոհ է դարձել ավելի քան 50 մարդ, նրանց թվում՝ 4 բժիշկ։ Առողջապահության նախարար Սամուել- Ռոջեր Կամբան նշել է, որ 53,6 տոկոս մահացության ցուցանիշը ցույց է տալիս իրավիճակի կրիտիկական ծանրությունը:
Հիվանդության դրսևորումների թվում նշվում են հանկարծակի փսխումը և հետագա ներքին արյունահոսությունը, ընդ որում, տարածուն բնույթ ու ծանր ընթացք ունեցող: Մահը կարող է վրա հասնել առաջին ախտանշանների ի հայտ գալուց ընդամենը 48 ժամվա ընթացքում։
Associated Press- ի տեղեկացմամբ, փորձագետներն ընդգծում են, որ հիվանդության կլինիկական պատկերը նման է հեմոռագիկ տենդին, սակայն պայմանավորված է սկզբունքորեն նոր հարուցիչով։ Ըստ նրանց նախնական գնահատականների, այս վարակի դեպքում մահացության ցուցանիշն ավելի բարձր է, քան Էբոլայի, դենգեի և դեղին տենդի դեպքում։
Մինչ օրս նոր հարուցիչն ամբողջովին ուսումնասիրված չէ, և հիվանդության պատճառին ուղղված բուժման արդյունավետ մեթոդներ գոյություն չունեն: Բժիշկները կարող են միայն պայքարել ախտանիշների դեմ:
Արթուր Հովհաննիսյան