Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փաշինյանը` Աբրահամյանին. «Դուք գործարա՞ր եք, թե՞ կառավարության անդամ»

Փաշինյանը` Աբրահամյանին. «Դուք գործարա՞ր եք, թե՞ կառավարության անդամ»
21.05.2014 | 13:26

«Դուք Ձեր ողջ կյանքում մի ընտանիքի չեք պահել, բացի քննադատելուց»,- այսօր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, պատասխանելով իր անձին վերաբերող Նիկոլ Փաշինյանի հարցերին, ասաց Հովիկ Աբրահամյանը, ինչը հարուցեց պատգամավորի վրդովմունքը և նա տեղից փորձեց արձագանքել: Մինչ այդ Փաշինյանը ներկայացրեց բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` վարչապետի հայտարարագրերի տվյալները, և զարմանք հայտնեց, թե ինչպես են նրանք առանց բիզնեսի կուտակել այդպիսի կարողություններ: «Եթե պաշտոնավարմանը զուգահեռ բիզնեսով եք զբաղվել, դա էլ կոռուպցիա է»,- հավելեց պատգամավորը և հիշեցրեց ծրագրում նշած տնտեսական աճի նվազագույն շեմի սահմանումը: «Կառավարության ծրագրում նշել եք հինգ տոկոս աճի թիրախը, որը նվազագույն շեմ եք սահմանել: Բայց, կներեք, նվազագույն շեմը սահմանել է Սերժ Սարգսյանը` 2013-ի մարտի 18-ին, ասելով, որ ՀՀ այն կառավարությունը, որը չի ապահովի 7% աճ, պետք է հրաժարական տա: Սա ի՞նչ ա. կառավարության ծրագի՞ր, թե՞ Ձեր հրաժարականի դիմումը: Թե, ասենք, Նաջարյանի ասածը Ձեզ համար ինչ նշանակություն ունի»: Այնուհետև մեջբերելով Հովիկ Աբրահամյանի` կուտակային կենսաթոշակային բարեփոխումների առնչությամբ խոսքը, թե պարտադիր է, բայց ոչ պարտադրված, մեջբերեց բառարանային բացատրությունը, որ այդ երկուսը նույն բառերն են: «Հայերենում այս նախադասությունն իմաստ չունի»,-հեգնեց Փաշինյանը:

Հովիկ Աբրահամյանը նախ խայթեց, թե լավ է, որ պատգամավորը բառարան է կարդում, և խոստացավ, որ ինքն էլ նույն կերպ կվարվի: «Հասկանում ենք, որ ձեր ձեռագիրն է միշտ փնտրել, ինչ-որ բաներ գտնել, բայց դա ինձ չի հուսալքում: Շատ մեծ տարբերություն կա խոսողների ու գործ անողների միջև»,- նշեց վարչապետը` հորդորելով «նեգատիվ» չտրամադրվել գործարարների նկատմամբ, քանի որ նրանց շնորհիվ է թոշակը, աշխատավարձը բարձրանում, բանակ պահվում և այլն: Գովերգելով գործարարությունը, ի վերջո, Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ինքը երբեք չի ժխտել, որ ունեցվածք ունի և դա կուտակել է հողագործությամբ:
Փաշինյանը հակադարձեց, որ ինքը ոչինչ չունի գործարարության դեմ: «Պարոն Աբրահամյան, ես զարմանում եմ, որ Դուք ինձնից պաշտպանում եք գործարարներին: Ես գործարարների անուն չեմ տվել, այլ կառավարության անդամների: Հենց էդ եմ ուզում հասկանալ, Դուք գործարա՞ր եք, թե՞ կառավարության անդամ: Ասում եք` հող եք մշակել: Էդ ոնց ա, ձևն ասեք: Հայաստանի ողջ գյուղացիությունը հող է մշակում ու տոկոսի տակ է: Դուք հող եք մշակում, միլիոնավոր դոլարներ եք աշխատում, ասեք, հատուկ ձև՞ ունեք»: «Ասողին լսող է պետք: Հարցրեք, ասենք: Ես չեմ ամաչում, օրինակ, հարցնել պարոն Բագրատյանին, որ իմ գիտելիքները չեն ներում: Պարոն Փաշինյան, ես խնդրում եմ Ձեզնից հանդարտություն, մի լարվեք: Դուք պատկերացում էլ չունեք, թե ինչ է նշանակում գործարարություն, չեք էլ կարող գործարարությամբ զբաղվել: Հող էլ չեք կարող մշակել: Այո, Դուք փորձում եք գործարարներին սարքել թշնամի էս երկրին»,-ընդդիմադիր պատգամավորին դիմելով` ասաց Հովիկ Աբրահամյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 978

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ