BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Տասը դրամի բարեգործություն են անում, տասը հազար դրամի գոռում են»

«Տասը դրամի բարեգործություն են անում, տասը հազար դրամի գոռում են»
18.03.2016 | 00:51

Թալինի քաղաքապետի առաջիկա ընտրություններում հիմնական թեկնածուն համարվում է գործող քաղաքապետը: Այս ընտրության առնչությամբ «Իրատեսը» հարցեր ուղղեց Թալինի ընտրատարածքից ընտրված, ՀՀԿ խմբակցության անդամ ՄՆԱՑԱԿԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ:

-Թալինի ընտրություններում ո՞վ է Ձեր նախընտրած թեկնածուն:
-Ես ՀՀԿ անդամ եմ, և կուսակցությունը ում սատարի, իմ հնարավորությունների շրջանակում աջակցելու եմ նրան: Բայց ՏԻՄ ընտրությունները որոշակի յուրահատկություն ունեն:
-Այսի՞նքն:
-ՏԻՄ ընտրություններում կուսակցականությունը դժվար թե դեր ունենա, որովհետև նեղ անձնական, բարեկամական ու հազար ձևի կապեր են գործում:
-Եթե ՀՀԿ-ն որոշի պաշտպանել գործող քաղաքապետին, ժողովուրդը կարող է ա՞յլ թեկնածուի «անցկացնել»:
-Ինչի, չե՞ն եղել էդպիսի դեպքեր, շատ են եղել: Ես մի քանի անգամ անցել եմ էդ փուլով, երեք անգամ քաղաքապետ եմ ընտրվել, շատ լավ ճանաչում եմ մարդկանց:
-Ասում էին՝ հնարավոր է՝ Թալինը նաև քաղաքապետի կին թեկնածու ունենա:
-Ո՞վ ա էդ կինը, էդ իմ կնոջ մասին է խոսքը, մի քանի անգամ հերքել եմ, նման բան չկա:
-Ինչո՞ւ, համայնքներում կին թեկնածուն լավ չի՞ ընդունվում:
-Ընդունվում ա, ես կողջունեմ, եթե կին թեկնածու լինի: Իսկ իմ կնոջ առումով պիտի ասեմ, որ ինքը լուրջ մասնագիտություն ունի, բժիշկ է, ավելի կարևոր գործ ա անում:
-Քաղաքապետի գործն անլո՞ւրջ է:
-Ոչ թե անլուրջ ա, այլ լուրջ ծանրաբեռնվածություն ա, պատասխանատվություն: Ես չեմ ուզենա, որ իմ կինը մտնի այդ ծանրաբեռնվածության տակ:
-Փաստորեն, Դո՞ւք եք նրան հետ պահել:
-Հետ պահելը ո՞րն ա: Նախ՝ ինքը չի ցանկացել, իսկ էդ խոսակցություններն օդից վերցրած են: Բնական է, որ եթե ինքը շատ ցանկանար, ես ոչ թե բռնությամբ հետ կպահեի, այլ խորհուրդ չէի տա այդ ծանրության տակ մտնել: Հետո էլ, կրկնում եմ` ինքը լուրջ մասնագետ ա:
-Որպես բժիշկ, «վիրահատական» միջամտությամբ համայնքի խնդիրներին մեկընդմիշտ լուծում կտար:
-Չէ, ինքը վիրաբույժ չէ, ինքը պրոֆիլակտիկայով է զբաղվում: Հիմա «Հայկական վերածնունդից» կա առաջադրված թեկնածու, որքան գիտեմ, ՀՅԴ-ն էլ է թեկնածու առաջադրելու: Չի բացառվում նաև այլ թեկնածուների գրանցում: Եթե մի տեղ թեկնածուների քանակն աճում է, մրցակցությունն էլ ա մեծանում, ու անկանխատեսելի իրավիճակներ կարող են առաջանալ: Թալինը շատ մեծ համայնք չէ, ունի ընդամենը 5000 ընտրող, իսկ ընտրություններին մասնակցում է առավելագույնը 3500 մարդ, ու բոլորն իրար ծանոթ-բարեկամ են:
-Հասկացանք, որ քաղաքականությունից հետ եք պահում Ձեր կնոջը, իսկ Դո՞ւք ինչ եք որոշել, նորից խորհրդարանում լինելու ցանկություն ունե՞ք, թե՞ Ձեր հարցում «վերևում» արդեն «պրոֆիլակտիկ» աշխատանքներ իրականացրել են:
- Նման ցանկություն ունենալը դեռ քիչ ա: Համամասնականի դեպքում կուսակցություններն են թեկնածուներին առաջադրում, եթե կուսակցությունը որոշի, որ պիտի շարունակեմ իմ գործունեությունը ԱԺ-ում, կշարունակեմ: Եթե ոչ, կմտածեմ հետագա անելիքների մասին:
-Այս տարիներին, որպես Թալինից ընտրված պատգամավոր, ի՞նչ եք արել Ձեր ընտրատարածքի համար:
-Էդ արդեն թալինցին կասի, ես չեմ ուզում գլուխ գովել:
- Նշեք մի բան, որ արել եք:
-Նախ, ընտրվելու ժամանակ ամպագոռգոռ բաներ չեմ խոստացել: Շատերը գնում են մարդկանց ասում են, թե էս կանեն, էն կանեն, բայց փորձում են պետության իրականացրած ծրագրերը վերագրել իրենց: Ես էդպես չեմ վարվում: Ես թիմի անդամ եմ, ունենում ենք բյուջետային քննարկումներ, որոնց ընթացքում մեր տարածքի հետ կապված խնդիրները փորձում ենք վեր հանել և լուծում տալ այդ խնդիրներին:
-Դուք բավականին պասիվ պատգամավոր եք, ելույթ ունենալիս կամ հարցեր բարձրացնելիս Ձեզ չենք տեսել: Խնդիրներն ի՞նչ ձևով եք «վեր հանել»:
-Եթե Ձեզ թվում ա, թե խնդիրները միայն ելույթ ունենալով պիտի բարձրաձայնել, սխալվում եք: Ես էնքան ելույթներ եմ լսում, որ 100 %-ով պոպուլիզմ ա: Ես էդ տեսակը չեմ, ես պրագմատիկ գործելու կողմնակիցն եմ: Եթե կա առանց աղմուկի խնդիրները լուծելու տարբերակը, պետք չէ միկրոֆոնից այդ մասին բարձր ձայնով գոռալ, հետո էլ մի ուրիշ տեղ գոռալ, թե էդ խնդիրը ես լուծեցի: Անողը պետք ա լինի պետությունը, իշխանությունը: Շատ խնդիրներ են լուծվել: Ես ընտրողներին խոստացել եմ, որ լինելու եմ պարտաճանաչ պատգամավոր, չեմ բացակայելու նիստերից, խմբակցության քննարկումներից, հանձնաժողովի նիստերից: Հիմնական խնդիրները խմբակցությունում, հանձնաժողովի նիստերում են որոշվում: Խնդիրները լուծվել են բյուջեի հաշվին: Պապերս ինձ ժառանգություն չեն թողել, որ ես իմ միջոցներով խնդիրներ լուծեմ:
-Դուք կարողություն չունե՞ք, որ մի բան էլ Ձեր միջոցներով անեք:
-Ի՞նչ կարողություն: Էսօր ո՞վ ա իր անձնական կարողություններով հարց լուծում: Իհարկե, ժամանակին որոշ հարցեր լուծել եմ: Եթե հնարավորություններդ ներում են, ուրեմն բարեգործություն պիտի անես: Բայց այդ բարեգործությունն անաղմուկ պետք է անել, տասը դրամի բարեգործություն են անում, հետո տասը հազար դրամի գոռում են:

Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2188

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ