Նոր քաղաքական ուժը հարկադրորեն պետք է պատասխանի ո՛չ միայն ներքին քաղաքականությանն առընչվող հարցերի, այլև արտաքին քաղաքականությանն ու հատկապես անվտանգային քաղաքականությանն առընչվող հարցերի։
Ներքին քաղաքականությունն իր հերթին պետք է պատասխանի երկու չափազանց կարևոր հարցերի՝ ներպետական և ներազգային։
Ներպետական հարցերը վերաբերվում են ՀՀ տնտեսական միջավայրի ձևավորմանը, արդարության մթնոլորտի հաստատմանը, ներքին համերաշխության հաստատմանը, արտադրական հնարավորությունների ընդլայնմանը, աղքատության հաղթահարմանը, ծնելիության մակարդակի բարձրացմանը, գիտություն–արդյունաբերություն համադրությանն ու համագործակցությանը, կրթական ոլորտի կարգաբերմանը և նոր կրթական փիլիսոփայության հաստատմանը և այլն։
Ներազգային հարցերը վերաբերվում են համազգային համերաշխության հաստատմանը, համահայկական իդեալի՝ նպատակի, սահմանմանը, դրա իրագործման ռազմավարության ստեղծմանն ու տեղայնացմանը, և այլն։
Արտաքին քաղաքականությունն իր հերթին պետք է պատասխանի ինչպես ռեգիոնալ, այնպես էլ արտառեգիոնալ, մայրցամքային և գլոբալ հարցերի։ Հայաստանի տեղն ու դերը նեղ տարածաշրջանում, լայն տարածաշրջանում, աշխարհամասում, մայրցամաքում և աշխարհում։
Հայաստանի հնարավորություններն ու հնարավորությունները սահմանափակող գործոնները, դրանց փոխազդեցության մակարդակը և այլն:
Իսկ ահա, որ այս պահին թերևս ամենակարևորն է՝ անվտանգային քաղաքականությունը։ Անվտանգային քաղաքականությունը առընչվում է ո՛չ միայն ռազմական անվտանգությանը, այլև կրթական, հոգևոր, տնտեսական, առողջապահական, կոմունիկացիոն, իրավական, պարենային անվտանգությանը և այլն։
Նոր քաղաքական ուժի առնվազն կարճաժամկետ խնդիրը խատված ռազմական բալանսի վերականգնումն է։ Միջնաժամկետ հեռանկարում՝ ընդհանուր անվտանգային բալանսի հաստատումը, երկարաժամկետ հեռանկարում՝ հաստատված անվտանգային բալանսի կերպափոխումն հօգուտ Հայաստանի։
«Ինչպե՞ս և ի՞նչ ճանապարհով» հարցերի պատասխանը յուրաքանչյուր կառավարության պարտքն է:
Հայաստանը չի՛ կարող լինել խաչմերուկ սպասարկող անիմաստ գոյացություն, Հայաստանն ունի իր տեղը և դերն աշխարհում, և մեր պարտքն է հաստատել Հայաստանի տեղը և դերը՝ գործնական հողի վրա։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ