ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Ո՞վ է մարդկանց միացնում և ո՞վ է մարդկանց պառակտում. «բարի» նկատառումներով՝ ճանապարհ դեպի դժոխք

Ո՞վ է մարդկանց միացնում և ո՞վ է մարդկանց պառակտում. «բարի» նկատառումներով՝ ճանապարհ դեպի դժոխք
18.12.2025 | 13:41

Ըստ Աստվածաշնչի, ընդհանրական եկեղեցու հայրերի ուսմունքի Աստված միության Աստված է, իսկ պառակտումը (հունարեն՝ schisma) ամենածանր հարվածներից մեկն է, որը կարող է հասցվել հավատացյալների համայնքին, Եկեղեցուն, կամ ընտանիքին, որն իր հերթին համարվում է «Փոքր եկեղեցի»: Պառակտումը բխում է մարդկային հպարտությունից և կրքերից, որոնք սնվում են դիվային մոլորություններից, և համարվում է սատանայի ու դիվային գործունեության ուղղակի հետևանք։ «Սատանա» բառը (հին եբրայերեն՝ śāṭān) նշանակում է «հակառակորդ», իսկ հունարեն «դիաբոլոս» (diabolos) բառի արմատը նշանակում է բաժանող կամ զրպարտող։ Սատանայի բուն էությունը միությունը քանդելն ու բաժանելն է։ Եկեք քննենք.

1. Սատանայի գործելաոճն է. «Բաժանիր, որ տիրես»: Սատանան երբեք չի կարող հաղթել Աստծուն և Նրա Եկեղեցուն իր միասնականության մեջ։ ՈՒստի, նրա հիմնական մարտավարությունը պառակտում սերմանելն է։ Առաջին պառակտումը Եդեմական պարտեզում նա մտցրեց մարդու և Աստծո միջև, իսկ հետո՝ Ադամի և Եվայի միջև, երբ նրանք սկսեցին մեղադրել միմյանց։

2. Պառակտումը սատանայի սերմն է, որը նա ցանում է անդադար: Տեր Հիսուսի պատմած «Որոմների առակը» (Մատթ. 13:24-30) հստակ ցույց է տալիս, որ Տերը ցանում է բարի սերմը՝ միություն, սեր, ճշմարտություն, իսկ թշնամին՝ սատանան գալիս է գիշերով և ցանում է որոմներ՝ պառակտում, ատելություն, կեղծիք, մոլորություն:

3. Սուրբ Հոգին միավորում է տարբեր մարդկանց: Օրինակ, Հոգեգալստյան ժամանակ տարբեր լեզուներով խոսողները դարձան միասին, միասիրտ (Գործք. 2:1-47)։ Իսկ չար ոգին՝ սատանան, բաժանում է նույնիսկ ամենամտերիմներին։ Առաքյալը զգուշացնում է սատանայի տարատեսակ ներշնչումներից. «Այս իմաստութիւնը ի վերուստ չէ իջած, այլ՝ երկրաւոր է, մարմնաւոր եւ դիւային. որովհետեւ, ուր հակառակութիւն եւ նախանձ կայ, այնտեղ կայ անկարգութիւն եւ ամէն չար բան» (Յակոբ. 3:15-16): Իսկ Աստծուց եկող իմաստությունը «… նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան։ Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում» (Յակ. 3:17-18):

4. Սատանան հազվադեպ է բացահայտ գործում։ Նա օգտագործում է մարդկային տկարությունները.

ա) Հպարտություն, որի սերմն է. «Իմ կարծիքն ավելի ճիշտ է, քան Եկեղեցունը, քահանայինը, հայրերինը և այլն»։ Եկեղեցում ցանկացած պառակտում կամ հերձված սկսվում է հպարտությունից, որը համարվում է սատանայի գլխավոր մեղքը։

բ) Բամբասանք և զրպարտություն, որոնց սերմերն են մարդկանց իրար դեմ հանելը։

գ) Գայթակղություն, երբ հոգևորականը մեղք է գործում, սատանան դա օգտագործում է, որպեսզի հավատացյալներին գայթակղեցնի և դուրս հանի եկեղեցուց։

5. Պողոս առաքյալը Կորնթացիներին ուղղված իր առաջին թղթում ամենախիստ ձևով է անդրադառնում պառակտմանը, քանի որ այնտեղ հավատացյալները բաժանվել էին խմբերի՝ ըստ իրենց նախընտրած առաջնորդների.

«Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ էլ նոյն խօսքը ունենաք. եւ ձեր մէջ բաժանումներ չլինեն. քանզի հաստատ էիք նոյն մտքի եւ նոյն մտածման մէջ» (Ա Կոր. 1:10):

Նույն թղթում առաքյալը որպես պառակտման պատճառ նշում է հոգևորի պակասը.

«Որովհետև դեռ մարմնավոր եք. քանի որ ձեր մեջ կա նախանձ, հակառակություն և պառակտումներ, չէ՞ որ մարմնավոր եք և ըստ մարդկային հաճույքների եք ընթանում» (Ա Կոր. 3:3):

6. Առաքյալը զգուշացնում է հեռու մնալ այն մարդկանցից, ովքեր միտումնավոր պառակտում են սերմանում համայնքում.

«Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ո՛ւշ դրէք այնպիսիներին, որ հերձուածներ եւ գայթակղութիւններ են առաջ բերում այն վարդապետութիւնից դուրս, որը դուք սովորել էք. եւ խորշեցէ՛ք նրանցից» (Հռոմ. 16:17):

7. Մեկ այլ տեղ նա զգուշացնում է.

«Հեռացի՛ր հերձուածող մարդուց՝ մէկ կամ երկու անգամ նրան խրատելուց յետոյ. իմացի՛ր, որ շեղուած է այդպիսին եւ մեղանչում է՝ ինքն իսկ դատապարտելով իրեն» (Տիտ. 3:10):

8. Պողոս առաքյալը մարմնի օրինակով ցույց է տալիս Եկեղեցու անբաժանելությունը.

«Ինչպէս մէկ է մարմինը եւ ունի բազում անդամներ, եւ մարմնի այդ բազում անդամները բոլորը մէկ մարմին են, այնպէս էլ՝ Քրիստոս» (Ա Կոր. 12:12):

Ինչպես մարդու մարմնի անդամները չեն կարող առանձին գոյություն ունենալ, այնպես էլ հավատացյալները. «Որպէսզի մարմնի մէջ բաժանումներ չլինեն, այլ որպէսզի այդ անդամները նոյն հոգը տանեն միմեանց նկատմամբ» (Ա Կոր. 12:25):

9. Տեր Հիսուս Գեթսեմանի պարտեզում աղոթքի մեջ Հայր Աստծուց միություն խնդրեց հավատացյալ հոտի համար. «… որպէսզի ամէնքը մի լինեն. ինչպէս դու, Հա՛յր, իմ մէջ, եւ ես՝ քո մէջ, որպէսզի նրանք էլ մեր մէջ լինեն, եւ որպէսզի աշխարհն էլ հաւատայ, թէ դո՛ւ ուղարկեցիր ինձ» (Յովհ. 17:21):

10. Տեր Հիսուս հստակ ասաց.

«Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն քաղաք կամ տուն կանգուն չի մնայ» (Մատթ. 12:21): Այսինքն, պառակտումը տանում է դեպի կործանում՝ լինի դա պետություն, թե համայնք, թե ընտանիք:

11. Մեր օրերում պառակտումներն իջել են մինչև «Փոքր եկեղեցի»՝ ընտանիք, որը նույնպես համարվում է չարի ամենամեծ թիրախներից մեկը: Պսակի խորհրդով տղամարդը և կինը «մի մարմին» են (Ծննդ. 2:24)։ Պառակտումն այս միության անբնական հակառակն է։ Երբ ընտանիքում սկսվում է պառակտում, այդ «մի մարմինը» կարծես պատռվում է, ինչը հակառակություն է Աստծո հետ: Չարախոսությունը, բամբասանքը, հիշաչարությունը, եսակենտրոնությունը, դավաճանությունը, քինախնդրությունը այն սերմերն են, որնք ցանում է սատանան պարարտ հող գտնելու ակնկալիքով: Տեր Հիսուս Նոր կտակարանում կրկին շեշտում է.

«Ապա ուրեմն՝ ոչ թէ երկու, այլ մէկ մարմին են։ Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ. 19:6)։ Պառակտված ընտանիքում խաթարվում է հոգևոր պաշտպանվածությունը։ Որտեղ չկա խաղաղություն և միություն, այնտեղ չկա Աստծո ներկայությունը, ինչը տեղ է բացում չարի համար։

12. Վերջապես, պառակտումը կարող է լինել նաև եղբայրների, ծնողների և որդիների միջև։ Աստվածաշունչը զգուշացնում է, որ վերջին ժամանակներում. «Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն։ Եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու նրանց պիտի սպանեն» (Մատթ. 10:21)։ Սա համարվում է աշխարհի բարոյական անկման նշաններից մեկը, ինչի դրսևորումների ականատեսն ենք սկսել դառնալ առօրյա կյանքում և ինչի հարաճուն վտանգի առաջ ենք մենք կանգնած հիմա:

Ամփոփում

Եկեղեցու հայրերն ասում են. «Միությունը Աստծուց է, բաժանումը՝ չարից»։ Միությունը Եկեղեցում, համայնքում և ընտանիքում պահելու համար շատ կարևոր է միասնական աղոթքը, միասին Ս.Պատարագներին մասնակցելը, Ս.Հաղորդություն ստանալը, երբ Քրիստոս Ինքն է ամուր կապով շաղկապում Իր Եկեղեցու անդամներին: Նաև սուրբ հայրերի խրատներին հետևելը. Հեռու մնալ պառակտիչներից, չլսել նրանց սատանայական կոչերը և մասնակից չլինել «բարի» նկատառումներով դեպի դժոխք տանող նրանց քայլերին: Եթե մի գործողություն տանում է դեպի սիրո պակաս, թշնամանք և խմբավորումների ստեղծում, ապա դրա հետևում կանգնած է «բաժանողը»՝ սատանան։ Պառակտումը նշան է, որ մարդիկ դեռ չեն հասել հոգևոր հասունության և առաջնորդվում են սեփական «ես»-ով, այլ ոչ թե Քրիստոսի սիրով: Պառակտումը բխում է հպարտությունից, մեծամտությունից, նախանձից և սատանայի ցանած այլ սերմերից: Այն տկարացնում է հավատքը և կործանում պետությունը, համայնքը, ընտանիքը: Մարդկանց պառակտումը սոսկ հոգեբանական խնդիր չէ, այլ հոգևոր պատերազմ։ Պառակտման միակ դեղը խոնարհությունն է, որովհետև չարը չի կարողանում մնալ այնտեղ, որտեղ կա անկեղծ զղջում և խոնարհություն։ Սատանան չի կարողանում հաղթել այնտեղ, որտեղ մարդը պատրաստ է ասելու.

«ՏԷ՛Ր ՅԻՍՈւ՛Ս ՔՐԻՍՏՈ՛Ս, ՈՐԴԻ՛ ԱՍՏՈՒԾՈ. ողորմեա՛ ինձ, մեղավորիս: Ետև՛ս գնա՛, սատանա: Ների՛ր եղբա՛յրս, սիրելի՛ս, ես մեղավոր էի»։

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 245

Մեկնաբանություններ