Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Եղածը բազմապատկելու նախապայմանը

Եղածը բազմապատկելու նախապայմանը
31.07.2025 | 15:19

Լևոն Ներսիսյան ֆենոմենալ մարդու մասին շատերն են գրել ու պատմել: Իսկապես, բացառիկ երևույթ էր, ահռելի իմացության ու գիտելիքի տեր, իսկական արտիստ թե՛ փողոցում, թե՛ լսարանում, թե՛ իր էության մեջ: Շատ անգամներ եմ նրան լսել, և այդ վայելքի հետ մեկտեղ միշտ ջանացել եմ հասկանալ մի գաղտնի՞ք՝ ո՞րն է այս մարդու դատողության ու խոսքի կառուցման մեխանիկան, որտե՞ղ է թաքցնում այն լծակը, որի օգնությամբ առաջնորդում է մտքի հայեցողական երթը:

Եվ մի օր ես դա, այնուամենայնիվ, գտա:

Ես նկատեցի, որ Ներսիսյանի յուրաքանչյուր թեմատիկ անցում գրեթե միշտ սկսվում էր միևնույն բառով.

- Բայց…

Այդ շարքային շաղկապը նրա համար այնքան կենսական ու էական նշանակություն էր ձեռք բերել, որ ես կարող էի նույնիսկ պնդել, որ նա իր դատողությունների ու տրամաբանության մարմինը կառուցում էր հենց այդ մի հատիկ բառի ողնաշարի վրա: Նա հետևողականորեն ձևակերպում էր իր ասելիքը, հասցնում էր նրան եզրահանգման դռների մոտ, թվում էր՝ ևս մի թեթև հպում, ու բանալին ուր որ է քո սպասելիքների առաջ կբացի նվիրական տարածքը: Բայց հանկարծ ամեն բան կրկին սասանվում էր, և «բայց»-ը դառնում էր դրության տերը: Ու մինչ մենք շփոթված իրար էինք նայում, նա արդեն նախորդի ավերակների վրա կառուցում էր մի նոր շինվածք, որ պիտի կանգուն մնար մինչև հաջորդ «բայց»-ը:

Ասել է թե՝ ոչինչ վերջնական, ավարտուն ու միանշանակ չէ, որովհետև կա «բայց»-ը, և նա է կառույցի հիմնասյունը, հավաստիության հաջորդ պատվարը, շարժումը երաշխավորող էներգիան: Բայց-ը ճյուղավորվելն է, սաղարթ ունենալու երաշխիքը, հեռանկարի ընդարձակումը, եղածը բազմապատկելու նախապայմանը, համոզմունքի այլընտրանքը, անմերժելիի վերակերտումը, վերջակետի բացառումը… Բայց-ը շնչառություն է:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 10742

Մեկնաբանություններ