Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Արցախյան պատերազմի առաջին տարեգիրը

Արցախյան պատերազմի առաջին տարեգիրը
03.11.2025 | 12:04

Մտավորականներին հայտնի բան եմ ասում, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակույթ, անգամ վայրենիներինը` Աստծուն մոտենալու յուրօրինակ դրսեւորում է` ըստ նրանց կշռի, հավատի կամ բանական լույսով առաջնորդվելու չափ:

Հիմնականում այդպես է նաեւ անհատների կյանքում: Եթե մանկուց Աստծո հետ հարաբերվելով ես աճում, մեծանում, ապա անկարելի է, որ մի օր Հայրենիքիդ վտանգի պահին` վտանգը քո անձնական խնդիրը չդիտես կամ շատերին օգտակար, օրհնված գործերով մարդ չդառնաս:

Մանկուց Աստծո պահպանությանը հանձնված Հովհաննեսը եւս մասնակցեց արցախյան պատերազմին, սակայն նրա զենքը... լուսանկարչական ապարատն էր: Ինչպես մեր քրիստոնեական վարդապետության մեջ է ասվում թե. յուրաքանչյուրն իր շնորհներով ծառայի մյուսներին: Այդպես է ամբողջանում մարդը, ընտանիքը, ազգն ու ժողովուրդը: Եվ վերջապես` Եկեղեցին: Սիրեցեք միմյանց, ասաց Քրիստոս: Այս սերը եթե չարտահայտվի մեր շնորհներով միմյանց օգուտ տալու, ծառայելու մեջ, նման սերը սնամիտ կամ հիվանդ կլինի: Անառողջ հոգու դրսեւորում:

...Հովհաննես Արմենակյանի մեծ եղբայրը, երբ մահացել է, մայրը ուխտ է արել Աստծո հետ, որ երբ Աստված պահպանի իր նոր մանկանը, ապա տղայի 6-րդ դասարանից սկսած ուխտի պիտի գնա Ղալթախչիի Սուրբ Հովհաննես: Ասում եւ տղայի անունը մահացած եղբոր անունով Հովհաննես է դնում: Խոստանում եւ 15 տարի շարունակ որդուն առած ուխտի է գնում Սուրբ Հովհաննես: Շնորհակալության համար մատաղ է անում, բաժանում ժողովրդին: Եվ ուխտագնացությունը դադարեցնում է որդու խնդրանքով միայն: Թե մեծ եմ արդեն, մա’յր, ինձ համար լի ու բավական են ուխտագնացություններդ, այժմ մյուս զավակներիդ համար արա:

Երբ արցախյան պատերազմը սկսվեց, Հովհաննեսն այդ ժամանակ աշխատում էր «Ավանգարդ» թերթի խմբագրությունում: Հովհաննեսը եւս ուխտագնաց դարձավ: ՈՒխտագնաց` ճակատային գծի ողջ տարածքով: Գնում էր դիրքերը, լուսանկարում, բերում խմբագրություն ու կրկին մեկնում ճակատ: Առանց որեւէ մեկի հանձնարարության էր անում:

Աստծո ներքին դրդմամբ:

Ինքնակամ:

Միակն էր Հովհաննեսը, որ իր լուսանկարներով պատերազմի տաք ընթացքն առավել լիարժեք, առավել բազմակողմանի եւ բազմաբովանդակ ներկայացրեց մեր ժողովրդին:

Նրա մասին ասում են. «Արցախում այդ խիստ տարիներին, չկար թուփ ու ծառ, որ Հովհաննեսը լուսանկարած չլիներ»: Զորի Բալայանը Հովհաննեսին իրավամբ անվանեց. «Արցախյան պատերազմի առաջին տարեգիր»:

Մի անգամ զորամասից հեռացավ եւ հայտնվեց շրջափակման մեջ:

- Մտա մոլլայի մեջիթը,-պատմում է Հովիկը:- Մտածում էի` մի՞թե ամեն ինչ ինձ համար արդեն վերջացավ: Բայց քրիստոնյա հայի համար ամոթ է հույսը կորցնել եւ կանչեցի Աստծուն: Ասացի, Սուրբ Հովհաննես, իմ պահապան Սուրբ, հասի՛ր ինձ օգնության: Եվ ժամ ու կես հետո, մերոնք տեսնելով, թե իրենց մեջ չեմ, ետ վերադարձան ու փրկեցին ինձ: Աստված լսեց աղոթքս, հիշեց մորս կատարած ուխտագնացությունները:

Հովհաննեսը մոտ է եղել Մոնթեին, նրան բազմաթիվ անգամներ լուսնկարել, վայելել նրա ընկերակցությունը, նրա հետ մասնակցել հարսանիքի:

- Հարսանիքին ես ու Մոնթեն մի դույլ թան խմեցինք,- ասում է Հովիկը:- Երկուսս էլ ուտելու կամ ոգելից խմելու մեջ շատ զուսպ էինք: Զորավարը գիտեր, որ իր զուսպ ապրելակերպով շատերի ճակատագրի պատասխանատուն է մնում: Ես էլ, որովհետեւ հոգուս հուշումով այսօր այստեղ էի, վաղը այլ տեղ: Շրջում եւ լուսանկարում էի ճակատային գծով մեկ:

Հաղթանակից հետո սպարապետ Վազգեն Սարգսյանը մի հոգեւոր պատմական նախաձեռնություն իրականացրեց: «Հաղթեցինք,- ասաց, այժմ հարկ է, որ շնորհակալ լինենք հաղթանակի մեր Աստծուն: Մեծ մատաղ անենք` ի հիշատակ հերոսաբար ընկածների եւ ի գոհություն հաղթանակած ապրողների: Թող որ բոլոր ծնողներն ու հարազատները մասնակցեն այդ արարողությանը»: Ավտոբուսների մի մեծ շարասյունով գնացինք Սուրբ Գեղարդ: Մոտ երեք հազար մարդ էր հավաքվել: Յուրաքանչյուր սեղանի երկարությունը քառասուն մետր կլիներ: Այդ մեծ օրը բազմաթիվ հուզիչ լուսանկարներ արեցի:

Զորի Բալայանն ու Սերժ Սարգսյանը որոշեցին իմ հազարավոր լուսանկարներից հիշատակի մի ալբոմ տպագրել: Այն ժամանակ «Ավանգարդում» էի աշխատում: Սերժը մեկ միլիոն դրամ փոխանցեց խմբագրությանը: Պատմել էր Վազգեն Սարգսյանին, Վազգենը կանչեց ինձ: Ասացի, որ թուղթն արդեն գնել է Սամվել Անտոնյանը` Դսեղ գյուղից: Միայն կոշտ կազմն է մնացել: Վազգենը կազմի համար ինձ ուղարկեց Հրաչյա Թամրազյանի մոտ: Այնուհետեւ Վահան Քոչարի հետ վեց ամիս աշխատեցինք եւ արդյունքում ծնվեց հիշտակի այս ալբոմը.

«Ես մի զարկն եմ քո կռվի» վերնագրով»:

1994 թվականից արդեն «Հայ զինվոր» թերթի լուսանկարիչ Հովհաննես Արմենակյանը հանրապետության նախագահի կողմից պարգեւտրվեց «Մարտական գործողություններին մասնակից» մեդալով: Ապա Արցախի մայրերի կողմից. «Արցախի մայրերի երախտագիտություն» մեդալով եւ այլ պարգեւներ էլ ստացավ:

Աստված օրհնի ուխտագնաց Հովհաննես Արմենակյանին եւ բոլոր հայ ուխտագնացներին, որոնք Տիրոջ տված շնորհներով են իրենց ուխտն իրականացնում` հանուն Աստծո եւ հայրենյայց:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԻ

գրառած գրքից

Դիտվել է՝ 331

Մեկնաբանություններ