Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Օգոստոսի 8-ի եռակողմ հանդիպումը Հայաստանի համար նոր Պրահա է լինելու

Օգոստոսի 8-ի եռակողմ հանդիպումը Հայաստանի համար նոր Պրահա է լինելու
06.08.2025 | 18:44

Այսօր հաստատվեց. Նիկոլ Փաշինյանը կմեկնի Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հետ: The Washington Post-ը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահը «կփորձի միջնորդել երկու երկրի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը»։

Ուշագրավ է, որ Հայաստանը և Ադրբեջանը մինչ այժմ հայտարարում էին, թե երկկողմ հարաբերությունների կարգավորման համար միջնորդների կարիք չունեն: Մինչ այժմ մի քանի միջնորդական փորձեր եղել են Ռուսաստանի, Թուրքիայի, ԵՄ-ի և Իրանի կողմից: ԵՄ միջնորդությունը բերեց նրան, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը: Ֆրանսիայի միջնորդությունները ոչինչ չտվեցին, բացի մի քանի կցկտուր հակաադրբեջանական հայտարարություններից: Դրանք Ադրբեջանի կողմից ուղղակի ծաղրի ենթարկվեցին և արհամարհվեցին, թեև ֆրանսիական ներդրումները Ադրբեջանում և երկկողմ առևտրաշրջանառությունը շարունակվում են և աճում: Այսինքն, ֆրանսիական միջնորդությունը զուտ այդ երկրի տնտեսական և քաղաքական շահերը Ադրբեջանում ամրապնդելու համար էին: Թուրքիայի միջնորդությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում մշտապես բխել է Թուրքիայի եղբայրական Ադրբեջանի շահերից: Սկզբում դա պայմանավորված էր արցախյան հակամարտության կարգավորմամբ, իսկ 44-օրյա պատերազմից և Արցախի վերջնական հայաթափումից ու բռնազավթումից հետո՝ Թուրքիայի քաղաքական ղեկավարության համաթուրանական ծրագրերի իրականացմամբ:

Միայն Ռուսաստանի միջնորդական ջանքերն են մշտապես մերժվել կա՛մ Ադրբեջանի, կա՛մ Հայաստանի կողմից: Իրենց հակառուսական դրսևորումներում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները նրբանկատությամբ աչքի չեն ընկնում: Հայաստանը բոյկոտում է ՀԱՊԿ-ը, արգելում է ռուսական ազդեցության գործիչների մուտքը, սահմանային հսկողության անցակետերից հեռացնում է ռուս սահմանապահներին և այլն: Ադրբեջանը բացահայտ օժանդակում է Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ, ամեն առիթով հակառուսական դեմարշներ է անում տարբեր միջազգային հարթակներում, իսկ այս օրերին ուղղակի բաց կոնֆլիկտի մեջ է՝ Ռուսաստանում ադրբեջանական հանցավոր խմբավորումների պատճառով:

Հիմա ԱՄՆ-ի հերթն է եկել: Հանուն արդարության՝ սա նորություն չէ, բայց ոչ մի տեսանելի ազդեցություն դեռևս չի ունեցել: Ամեն ինչ կատարվում է «սողացող» ընթացքով: Ադրբեջանում թուրքական (իրականում՝ ՆԱՏՕ-ական) զինվորականության ներկայությունը, Հայաստանում համատեղ զորավարժությունները թույլ են տալիս եզրակացնել, որ Միացյալ Նահանգները հիմա տարածաշրջանում առարկայական ներկայություն ունի, և դա նրանց հնարավորություն է տալիս գործնական միջամտություն ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ:

Իսկ Միացյալ Նահանգների ինչի՞ն է դա պետք: Հենց այստեղ է թաքնված խնդրի բուն բովանդակությունը:

Թրամփին չհաջողվեց արագ կանգնեցնել իր իսկ երկրի կողմից հրահրված ռուս-ուկրաինական կոնֆլիկտը, որտեղ խայտառակ պարտություն է կրում՝ իր եվրոպական դաշնակիցների հետ միասին: Նրան չհաջողվեց ծնկի բերել Իրանին՝ իր մյուս դաշնակից Իսրայելի հետ համագործակցությամբ: Ավելին՝ Իսրայելն այնպիսի վնասներ կրեց 12-օրյա պատերազմում, որ ծնկաչոք աղերսում էր Թրամփին՝ միջամտել և դադարեցնել ռազմական գործողությունները: Հիմա Թրամփին «հաղթանակներ» են պետք, որոնք ոչ միայն կբարձրացնեն նրա վարկանիշն ընտրողների մոտ, այլև խիստ անհրաժեշտ է մեկուսացնել Իրանին՝ հնարավոր նոր պատերազմից առաջ, և Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից՝ որպեսզի ոչ միայն չկարողանա օժանդակել Իրանին, այլև ստպված լինի գնալ զինադադարի՝ Ուկրաինայում: Այսինքն, այս ամբողջ գործընթացը, իր սուր ծայրով, ուղղված է Ռուսաստանի և Իրանի դեմ:

Առաջին հայացքից դա Թրամփի և Միացյալ Նահանգների շահն է: Ցավալին այն է, որ դրա գործիքն է դառնում Հայաստանը: Ադրբեջանը կորցնելու շատ բան չունի, որովհետև Նիկոլ Փաշինյանից առանց այդ էլ ամեն ինչ ստացել է կամ ստանում է՝ առանց դիմադրության: Կորցնողը բացառապես Հայաստանն ու հայ ժողովուրդն են, որովհետև այն «համաձայնագիրը», որին փորձելու է միջնորդել Միացյալ Նահանգները, անկասկած ունենալու է «միջանցքային» տրամաբանություն: Որքան էլ Փաշինյանն ու իր մերձավոր թիմակիցները փորձեն համոզել, թե դա ոչ մի ազդեցություն չի ունենալու Հայաստանի ինքնիշխանության վրա, դրանք սոսկ բառեր ու դատարկ ձևակերպումներ են: Հայաստանին պարտադրվելու են ստորացուցիչ պայմաններ, որոնցից դուրս գալն այլևս անհնար է լինելու: Հայաստանն ու հայ ժողովուրդը ոչ միայն տարածքային կորուստներ են ունենալու, թեև դա քողարկվելու է «խաղաղության խաչմերուկ» կամ «Թրամփի կամուրջ» ձևակերպումներով, այլև Հայաստանը դարձնելու են աշխարհաքաղաքական առևտրի կամ ռազմական բախումների թատերաբեմ՝ նույն Իրանի և Ռուսաստանի դեմ Միացյալ Նայահանգների և նրա դաշնակիցների համար:

Կարո՞ղ է Փաշինյանը դիմակայել՝ ոչ: Ուզո՞ւմ է՝ ոչ: Օգոստոսի 8-ի եռակողմ հանդիպումը Հայաստանի համար նոր Պրահա է դառնալու, որի հետևանքներն առավել անդառնալի են լինելու:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2295

Մեկնաբանություններ