ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Կոտրել իշխանության օրակարգային մենաշնորհը և վերականգնել քաղաքական դաշտի բնական հավասարակշռությունը

Կոտրել իշխանության օրակարգային մենաշնորհը և վերականգնել քաղաքական դաշտի բնական հավասարակշռությունը
16.09.2025 | 11:04

Հայաստանյան քաղաքական դաշտի վերջին տարիների առանձնահատկություններից մեկը Նիկոլի կողմից կիրառվող, արդեն «բարի» ավանդույթ դարձած մեդիա-քաղաքական տեխնոլոգիան է։ Նիկոլի քաղաքականության ամենաակնառու առանձնահատկություններից մեկը մշտական օրակարգի մանիպուլյացիան է։ Նա վաղուց հասկացել է, որ Հայաստանում քաղաքական դաշտը կարելի է վերահսկել ոչ թե իրական խնդիրների լուծմամբ, այլ դրանց շուրջ ստեղծվող աղմուկի և թեմաների վերահսկմամբ։ Արհեստական օրակարգեր գեներացնելով՝ նա մշտապես պահում է ուշադրությունը իր վրա և դառնում այն առանցքը, որի շուրջ բոլորը ստիպված են պտտվել։ Սա այնպիսի մեխանիզմ է, որն ապահովում է նրան «թիվ մեկ նյուզմեյքր» լինելու կարգավիճակ, նույնիսկ այն ժամանակ, երբ իրական քաղաքական ասելիք չունի։

Այդ մոտեցումը լուծում է միանգամից մի քանի խնդիր։ Նախ, այն թույլ է տալիս մղել երկրորդ պլան երկրի ամենաէական հարցերը՝ անվտանգային մարտահրավերները, արտաքին քաղաքականության ձախողումները, սոցիալ-տնտեսական ճգնաժամերը։ Զբաղվելով նիկոլական թեզերի տիրաժավորմամբ՝ բոլոր այդ հիմնարար խնդիրների մասին հասարակությունը սկսում է քիչ խոսոել, քանի որ ամբողջ տեղեկատվական դաշտը լցված է վերջինիս «ցիտատներով», նրա կողմից բարձրացվող թեմաներով կամ ցիլինդրը դրած հեծանիվ քշելով։ Երկրորդ, այդ կերպ նա պահպանում է իր քաղաքական կշիռը՝ անգամ ամենախոցելի իրավիճակում Նիկոլը շարունակում է հանդես գալ որպես հիմնական «խոսափող», իսկ մնացած բոլոր ուժերը հայտնվում են արձագանքողի դերում։ Եվ սա ամենավտանգավոր հետևանքն է․ քաղաքական ընդդիմախոսները մշտապես կորցնում են իրենց նախաձեռնողականությունը, որովհետև ստիպված են մեկնաբանել այն, ինչ իշխանությունը դնում է սեղանին։

Հետևանքն այն է, որ քաղաքական պայքարը տեղի է ունենում ոչ թե իրական խնդիրների դաշտում, այլ Նիկոլի կողմից ստեղծված փակ տարածքում, որտեղ գերակշռում են կեղծ առաջնահերթությունները։ Այսպիսի իրավիճակում ընդդիմադիր ցանկացած ուժ, որքան էլ անկեղծ կամ ակտիվ լինի, հայտնվում է փակուղու մեջ։ Քանի դեռ քաղաքականությունը սահմանվում է իշխանության գեներացրած թեմաներով, ընդդիմախոսները դատապարտված են երկրորդ պլանի խաղացողի դերակատարության։

Դատապարտվածության այդ վիճակից դուրս գալու միակ ճանապարհը սեփական օրակարգի առաջադրումն է։ Դա նշանակում է՝ հրաժարվել ոչ էական, արհեստականորեն ստեղծված թեմաների հետևից վազելուց և հանրային դիսկուրսը տեղափոխել այն խնդիրների դաշտ, որոնք իսկապես կենսական են պետության և հասարակության համար։ Որքան էլ Նիկոլը փորձի կեղծ օրակարգերով մանիպուլյացիա անել, դրանց ազդեցությունը կթուլանա այն պահից, երբ կհաստատվի այլընտրանքային հստակ ու հետևողական օրակարգ։

Այդ պատճառով էլ քաղաքական պայքարը չի կարող սահմանափակվել արձագանքելու մարտավարությամբ։ Պետք է ձևավորվի երկարաժամկետ ռազմավարություն, որի առանցքում կլինի ոչ թե Նիկոլի ասածներին ու նախաձեռնություններին հակազդելը, այլ սեփական, իրական լուծումների ու գաղափարների առաջարկը։ Միայն այդպես հնարավոր կլինի կոտրել իշխանության օրակարգային մենաշնորհը և վերականգնել քաղաքական դաշտի բնական հավասարակշռությունը։

Ավելին, գեներացրած օրակարգից դուրս գալն ու սեփական խաղի կանոններ հաստատելը միակ ճանապարհն է, որ երկրում իրական քաղաքականություն ու մտածողություն ձևավորվի։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 199

Մեկնաբանություններ