ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Նվարդ Տերյան՝ Վահան Տերյանի դուստրը, Գևորգ Էմինի կինը

Նվարդ Տերյան՝ Վահան Տերյանի դուստրը, Գևորգ Էմինի կինը
30.09.2025 | 11:56

Նվարդ Տերյանը Վահան Տերյանի միակ դուստրն էր: Նվարդը մեծացել էր Մոսկվայում։ Նրանց տանը, Նվարդի մայրը՝ Անահիտը, հաճախ էր կազմակերպում գրական-երաժշտական երեկոներ ու հյուրընկալում ժամանակի անվանի գրողների, նկարիչների ու երաժիշտների։ Մեծ Մոսկվայում ու այս միջավայրում էր հասակ առնում Նվարդը:

1942 թվականին ավարտելով ինստիտուտը, ստանալով իրավաբանական կրթություն, Նվարդը բնակություն է հաստատում Երևանում: Զբաղեցնում Իրավաբանական դպրոցի տնօրենի պաշտոնը:

Նվարդը ցանկանում էր վերականգնել իր հոր գրական ժառանգության նկատմամբ ընտանիքի հեղինակային իրավունքները:

Բանն այն է, որ Վահան Տերյանի դասընկերը՝ Պողոս Մակինցյանը, հրատարակել էլ Վահան Տերյանի ստեղծագործությունների քառահատորյակը, իսկ ստացված հոնորարից բաժին չէր հասել Տերյանի ընտանիքին։

Այդ խնդիրների լուծման նպատակով Նվարդն այցելում է Պետական հրատարակչություն, որտեղ էլ հանդիպում է Հեղինե Մուրադյանին՝ Գևորգ Էմինի քրոջը։

Հեղինեն, ինչպես շատ-շատերը, անսահման սիրում էր Տերյանի ստեղծագործությունները։

Այս հանդիպմանը հաջորդում է Նվարդի այցելությունը Մուրադյանների տուն, որտեղ էլ հանդիպում և ծանոթանում են սկսնակ բանաստեղծ ու ինժեներ Գևորգ Էմինն ու Նվարդ Տերյանը։

«Թող, Տերյան Նվարդ, ու հավատա,

Բա՜րձր է գրքերից համբույրը քո,

Դու մոռացե՞լ ես, թե ով ասաց

-«Ափսոս չէ՞, Մարգո, այս երեկոն»»:

Էմինի ընտանիքն այդ տարիներին բնակվում էր Կոնդում՝ մի հողե հյուղակում, ինչպես հիշում է Նվարդ Տերյանը։ Ամուսնանալուց հետո այդ տանն է հաստատվում նորաստեղծ ընտանիքը։ Նվարդի համար սա կենցաղի կտրուկ փոփոխություն էր, սակայն հաջորդում են ավելի դժվար օրեր։

1942 թվականին Գևորգ Էմինին ցանկանում են ուղարկել ռազմաճակատ։

Ավետիք Իսահակյանի օգնությամբ խնդիրը լուծվում է։ Շուտով Նվարդ Տերյանին սենյակ են տրամադրում հենց Տերյան փողոցի վրա, հենց այս բնակարանում 1943 թվականին ծնվում է Գևորգ Էմինի և Նվարդի առաջնեկը՝ Վահանը: Հետագայում ընտանիքը համալրում է նաև երկրորդ որդին՝ Գրիգոր Էմին-Տերյանը:

Էմինի գրական առաջին ուսուցիչը Չարենցն է եղել։ Գևորգ Էմինն ու Նվարդ Տերյանը որդեգրում և ընտանեկան ջերմություն են տալիս Եղիշե Չարենցի դստերը՝ Արփենիկին, որը հետագա ամբողջ կյանքի ընթացքում Նվարդին «մամա» էր կոչում:

Նվարդ Տերյանը հիշում է․

«Հերթական անգամ, երբ լողացնում էի Արփենիկին, հասկացա, որ սա պատմական պահ է. փաստորեն Վահան Տերյանի դուստրը Եղիշե Չարենցի դստերն է խնամում»:

Գևորգ Էմինի գրական գործունեությունը վերելք է ապրում և 1951 թվականին նա արժանանում է Ստալինյան մրցանակի, դառնում խորհրդային կարևորագույն պարբերականներից մեկի հայաստանյան թղթակիցը: 1951 թվականին մահանում է Նվարդ Տերյանի մայրը՝ Անահիտը: Որոշ ժամանակ անց Գևորգ Էմին և Նվարդ Տերյան ամուսնական զույգը բաժանվում է։ Այդ բաժանությունն անխուսափելի էր և դրան չխանգարեց անգամ երեխաների առկայությունը: Ամուսնալուծությունն ուղեկցվում է վեճերով ու ծանր դատավարությամբ։ Գումարվում է նաև Նվարդի հիվանդությունը․ նրա մոտ թոքախտ է ախտորոշվում։

Որոշ ժամանակ անց Գևորգ Էմինն ամուսնանում է Արմենուհի Ղամբարյանի հետ:

Արմենուհին ուսուցչություն էր արել Թիֆլիսում, իսկ Երևանում աշխատում էր որպես թերթի խմբագիր:

Նրանց առաջին հանդիպումներից մեկի ընթացքում Գևորգ Էմինն ասում է՝ «շատ գեղեցիկ եք, նման եք քնարական բանաստեղծությունների մի գրքույկի»: Նրանց ընդհանուր հետաքրքրությունները շատ-շատ էին, ինչը թերևս ամուր ընտանիքի կառուցման հիմք դարձավ։

«Հայ գրականություն» ՖԲ էջից

Դիտվել է՝ 4542

Մեկնաբանություններ