ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Նորաբաց լսարան ու ստուդիա` մանկավարժական համալսարանում

Նորաբաց լսարան ու ստուդիա` մանկավարժական համալսարանում
15.03.2014 | 12:01

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում բացվեց թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող Արմեն Հովհաննիսյանի անվան ուսումնական ստուդիա, ինչպես նաև պատմաբան, պետական մշակութային գործիչ Ստեփան Պողոսյանի անվան հեռուստալրագրության լսարան:

Ստուդիայի սարքավորումները (համակարգիչներ, թվային տեսախցիկներ և այլն) հատկացրել է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը (հիմնադիր Բարսեղ Բեգլարյան): Իսկ Ստեփան Պողոսյանի ընտանիքը լսարանին նվիրել է Պողոսյանի հրատարակած գրքերը: Լսարանը առաջիկայում ծառայելու է նաև որպես հեռուստալրագրության բաժնի ընթերցասրահ, որտեղ ուսանողները շաբաթվա ցանկացած օր կարող են այցելել և օգտվել իրենց անհրաժեշտ գրականությունից:
Լսարանների բացման արարողությանը մասնակցեցին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը և այլք: Հյուրերը ծանոթացան ստուդիայի ուսանողների պատրաստած հեռուստահաղորդումների դիտման սրահին, խմբագրական և տեսամոնտաժման սրահներին` հագեցած համակարգիչներով, թվային տեսախցիկներով և այլ սարքավորումներով:
Բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն իր խոսքում նշեց, որ ժամանակակից տեխնիկայով վերազինված լսարանը նոր շունչ ու բովանդակություն է ստացել, օգտվել կարող են ոչ միայն մանկավարժական համալսարանի, այլև մյուս բուհերի ուսանողները. «Եթե չլիներ Բարսեղ Բեգլարյանի մասնակցությունն այս գործում, դժվար թե կարողանայինք ուսանողներին նման հնարավորություն ընձեռել: Ցավոք, հաճախ չեն ստեղծվում անհրաժեշտ պայմաններ, որ ուսումնական գործընթացը լիարժեք լինի, ինչն ամենակարևորն է, և ոչ պակաս կարևոր է, որ հավերժանան մեր մեծերի անունները»: Հասմիկ Պողոսյանն ասաց, որ չի կարողանում թաքցնել հուզմունքը, որովհետև ամեն ինչ իր համար շատ անսպասելի էր. «Անսպասելի էր, որ կան բարերարներ, ովքեր գնահատում են ազգային արժեքները, որ կա մի հաստատություն, որտեղ հասկանում են, թե ինչ կրթություն պետք է տալ մատաղ սերնդին»: Բարսեղ Բեգլարյանը կես կատակ, կես լուրջ ասաց, որ խոսել շատ չի սիրում, թե չէ քաղաքականությամբ կզբաղվեր: Դիմելով երիտասարդներին՝ նշեց, որ բախտի բերմամբ թե պատահմամբ մի քիչ հարստացել է, բայց հարստութունը փողը չէ, նյութականը չէ. «Մենք ստեղծել են «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը, որ միջոցներ հատկացնենք կրթական և մշակութային ծրագրերին: Ես պատիվ եմ ունեցել ճանաչել և Ստեփան Պողոսյանին, և Արմեն Հովհաննիսյանին, ու վստահ եմ, որ ձեր մեջ կլինեն և ստեփան պողոսյաններ, և արմեն հովհաննիսյաններ»:
Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը irates.am-ի հետ զրույցում ասաց, որ սա առաջին քայլն է, և հավանաբար շարունակություն կլինի. «ՈՒսանողները գործնական պարապմունքների մեծ մասն այստեղ կանցկացնեն, տեխնիկական կողմին ավելի գիտակ կլինեն: Նախկինում ուսանողներին գործնական աշխատանքների համար հեռուստաընկերություններ էինք ուղարկում: Նրանք էլ ժամանակ չունեին ու միշտ չէ, որ բարի էին տրամադրված: Հիմա գոնե հեռուստատեսություն կգնան ավելի պատրաստված ու ավելի պահանջատեր կլինեն»:

Միջոցառման ժամանակ հնչեցին ելույթներ, հուշեր օրվա հերոսների մասին: ԵՊՄՀ-ի թանգարանագիտության և հուշարձանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանն իր խոսքում ասաց, որ Ստեփան Պողոսյանը տարբերվում էր բոլորից: «Մեծ ազգային գործիչ էր, համեստ մարդ, որքան հեռանում ենք նրանից, այնքան զգում ենք նրա մեծությունը: Շատ նման էր միջնադարյան պատմիչներին: Երբեք չի առնչվել ակադեմիական ինստիտուտների հետ, բայց ստեղծել ու թողել է այնպիսի ժառանգություն, որ չէր կարող թողնել մի որևէ ինստիտուտ: Նրա վերջին եռահատոր աշխատությունը` բաղկացած 3600 էջից, նվիրված էր Հայոց ցեղասպանության պատմությանը, 1915-ից առ այսօր նման գիրք չի դրվել սեղանի վրա և համոզված եմ, որ առաջիկա 20-30 տարիների ընթացքում չի լինի»:
Վաստակաշատ հեռուստալրագրող Ջուլետ Կաժոյանը հավելեց, որ Ստեփան Պողոսյանի ղեկավարության տարիները մեր հեռուսատեսության ոսկե շրջանն են եղել. «Այն ժամանակ հայ հեռուստադիտողը նայում էր միմիայն հայկական ազգային հեռուսատեսութուն, որովհետև ավելի հետաքրքիր էր, ազգային, բովանդակային, քան ռուսականը: Ազգային զարթոնքի ժամանակ, ղարաբաղյան մեծ հաղթանակի գործում մեծագույն դեր ունի հանրային հեռուստատեսության այդ տարիների ղեկավարը` Ստեփան Պողոսյանը»: Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանը հավելեց, որ Ստեփան Պողոսյանի համարձակության դրսևորումներից մեկը Արմեն Հովհաննիսյանի նման մարդուն ճանապարհ տալն էր, ով գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի բնորոշմամբ` վերջին մոհիկաններից էր, նոր գրականության մեր հրաշալի թարգմանիչը, ակտիվ մարդը, որը միշտ եղել է գործող անձ, համր դերակատար չի եղել:

Ներկաները դիտեցին Ստեփան Պողոսյանի և Արմեն Հովհաննիսյանի մասին պատմող ֆիլմեր: Միջոցառման ավարտին Հասմիկ Պողոսյանը և և Բարսեղ Բեգլարյանը պարգևատրվեցին Մանկավարժական համալսարանի բարձրագույն պարգևով ` «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալով:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ