ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

1942-ի հունիսի 22-ին ես տանն էի. մորս համար ավարտվեց պատերազմը

1942-ի հունիսի 22-ին ես տանն էի. մորս համար ավարտվեց պատերազմը
09.05.2025 | 11:54

…Սմոլենսկի մոտ 3500-հոգանոց մեր դիվիզիան շրջափակման մեջ ընկավ: Հետս Դոնի Ռոստովից մի հայ տղա կար. հիշում եմ ՝ անունը Հարություն էր, ասաց՝ Վահագ, արի մեր կոմերիտական տոմսերը հողի տակ թաղենք, գնանք հանձնվենք: Ասացի՝ երբե՛ք: Առավոտյան զարթնեցինք, Հարությունը չկար... Պարզ էր, հանձնվել էր գերմանացիներին․․․

...Ուզում եմ շրջափակումից դուրս գալ, չեմ կարող, չգիտեմ ինչպես, ո՞ր ճանապարհով, քարտեզ էլ չունեմ: Լավ է, մեր գնդից մի քանի ռուս զինվորների հանդիպեցի, մի խոսքով, հրաշքով դուրս պրծանք շրջափակումից: Հետո պարզվեց, որ մեր 3500-հոգանոց դիվիզիայից 127 զինվոր է փրկվել: Տարիներ հետո, երբ թերթեցի Հայրենական պատերազմի քառահատոր պատմության գրքերը, այդ նույն տեղանքի քարտեզը նայեցի և համոզվեցի, որ մեզ փրկվելու, ազատվելու ընդամենը մի մազաչափ տեղ է եղել. այդտեղից էլ դուրս ենք պրծել: ( Ի դեպ, իմ թվի ծնվածների 3 տոկոսը ողջ մնացին ու վերադարձան այդ պատերազմից, ես այդ փրկվածներից եմ)։

․․․Երկու անգամ վիրավորվեցի: Առաջին անգամ վերքս թեթև էր, միայն քունքս պատռվեց, արյունը լցվեց աչքս, ահա, սպին մինչև հիմա կա: Երկրորդ անգամ արկի պայթյունից կոշտ հողակտորը թռել էր, պատռել բամբակե զինվորական շալվարս, հասել ոսկորիս: Երբ նայեցի, ինձ թվաց, թե շալվարիս բամբակն է. հետո տեսա, որ երևացող սպիտակը ծնկիս ոսկորն է: Տեղափոխեցին Մագնիտագորսկ, պառկեցրին զինվորական հոսպիտալում: Վեց ամիս բուժվեցի, բայց վերքս այդպես էլ չփակվեց: Արձակուրդ տվեցին․․․

Վերջին գիշերս էր հոսպիտալում․․․

Վիրավորների մեջ մի թուրք տղա կար. մտնում էր սպաների հիվանդասենյակները և փողով թուղթ էր խաղում: Սպաները փող շատ ունեին, երկու-երեք ամսվա աշխատավարձը միանգամից էին ստանում: Թուրքը բոլորի փողերը կրեց: Հիվանդանոցային խալաթի երկու գրպանը լիքը փողով մտավ զինվորների հիվանդասենյակ: Ես ընդամենը 200 ռուբլի ունեի: Առաջարկեց խաղալ: ,,Աչկո,, խաղալ չգիտեի, բայց ունեցածս փողը, որ այդ օրն էի ստացել, որպես գործուղման դրամ, մի բան չէր՝ հազիվ 2 կգ հացի գումար։

Համաձայնվեցի։ Ի դեպ, առաջին անգամ էի խաղում։ Հարցրի՝ ո՞նց են խաղում, բացատրեց իբր: Խաղացինք, մեկ էլ տեսնեմ նրա գրպանի փողերը կամաց-կամաց լցվում են գրպանս:

Այդպես է, առաջին անգամ խաղացողի բախտը միշտ բերում է: Գիշերվա 12-ին, երբ լույսերը հանգցրին, թուրքը համարյա բոլոր փողերը տանուլ էր տվել: Ասաց՝ ոչինչ, առավոտյան կշարունակենք: Մտքումս ասի՝ եթե ինձ գտնես ,կշարունակես։ Չգիտեր, որ առավոտ շուտ ինձ այլևս չի տեսնելու, զինվորական արձակուրդի էին ուղարկում վիրավոր ոտքիս պատճառով:

Մայիս ամիսն էր: Ստալինգրադը դեռ ազատագրված չէր: Գնացքով Ստալինգրադից պիտի նախ գնայի Բաքու, Թիֆլիս, հետո՝ Երևան: Մեզ քարտեր էին բաժանել, կայարաններում իջնում, մթերք էինք ստանում: Բայց այնպիսի հերթեր էր, եթե կանգնեիր, օրերով չէր հասնի հերթդ: Հետո էլ գնացքում նստելու տեղ չէիր գտնի: Հաշվեցի, տեսնեմ 8000 ռուբլի ունեմ: Կիսակայարաններում իջնում էի, առանց հերթ կանգնելու, թուրքից կրածս փողով ուտելիք գնում, ուտում, մի բան էլ բաժին հանում մյուսներին․․․

Գնացքն այնքան լիքն էր, որ շատերը վագոնների վրա նստած կամ պառկած էին ճամփորդում։ Փող տվեցի, գնացքի ուղեկցորդը կողքին տեղ տվեց: Մեկ ամիս տևեց. առոք-փառոք Թիֆլիս հասա, հաշվեցի,կրածս 8000 -ից 400 ռուբլի էր գրպանումս մնացել: Մտածեցի՝ այ մարդ, եթե թուրքին կրած չլինեի, իրենց տված 200 ռուբլով ո՞նց էի գոյատևելու․․․

1942-ի հունիսի 22 ին հասա Երևան:

Մայրս այդ գիշեր աչք չփակեց: Պատմում էր, որ երազ էր տեսել, ու երազի մեջ մի բարի մարդ իրեն ասել էր՝ պատերազմը որ օրը որ սկսվել է, այդ օրն էլ ավարտվելու է իր համար․․․

Այդպես էլ եղավ. 1942-ի հունիսի 22-ին ես տանն էի... Մորս համար ավարտվեց պատերազմը, որդին տանն էր․․․

Պատմում էր Վահագն Դավթյանը

***

Նա այդ գիշեր մինչև լույս խոնարհված էր սնարիս...

Դեռ ինձանից հողմի հոտ ու ծխի հոտ էր գալիս,

Վառոդի հոտ էր գալիս սպիներից իմ ցավոտ,

Իսկ իմ բարձից` մանկության ու մայրական ձեռքի հոտ:

Նա այդ գիշեր մինչև լույս խոնարհված էր սնարիս...

Լսում էի կիսարթուն` աստծո անունն էր տալիս,

Հավատում էր, թե իրոք նա պահպանել իր որդուն

Ու փրկել է հրաշքով ու բերել է ահա տուն:

Նա այդ գիշեր մինչև լույս խոնարհված էր սնարիս...

Զարթնում էի... Շշուկով դեռ աղոթում, դեռ լալիս,

Դեռ սպիներս էր շոյում, թեքվում, ծածկում էր վրաս,

Չէր հավատում դեռ կարգին` իրական է, թե երազ:

Նա այդ գիշեր մինչև լույս խոնարհված էր սնարիս...

Ու չկա մայրս հիմա... Նա երազիս է գալիս,

Թեքվում, ծածկում է վրաս, աստծո անունն է տալիս,

Նոր սպիներս է շոյում, աղոթում է ու լալիս...

Ու թվում է հավիտյան խոնարհված է սնարիս…

ՎԴԱՎԹՅԱՆ

Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ