Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ցանկացած հոգեբարոյական կերտվածք ունեցող մարդկանցից կարելի է կերտել ամուր պետականություն

Ցանկացած հոգեբարոյական կերտվածք ունեցող մարդկանցից կարելի է կերտել ամուր պետականություն
23.06.2025 | 21:41

Մենք մեր ներկա վիճակից, բնականաբար, դժգոհ ենք, քանի որ մեր ընթացիկ կյանքում գոհ լինելու շատ քիչ բան կա, բայց արդյո՞ք մենք այնքան սթափ մտածողություն ու գիտելիք ունենք, որ հասկանանք, թե որո՞նք են մեր դժգոհության իրական արմատները, և արդյո՞ք մենք այնքան հնարավորություն, կամք և վճռականություն ունենք, որ կարողանանք պայքարել մեր կյանքի լավացման համար։

Այս հարցն ունի ակնհայտ պատասխան, ըստ որի, մեր կյանքի ներկա անբավարար վիճակի պատճառը մենք ենք և մեզնից ուժեղ ուրիշները, որոնք ուզում են մեր միջոցներով ու մեր հաշվին ինչ-որ տեսակի շահ ունենալ. բայց նման պատասխանը մակերեսային է ու անբավարար, քանի որ հարցի բուն էության մեջ չի մտնում։

Եթե մենք նայում են լավ ապրող ուրիշների կյանքի մանրամասներին, ապա տեսնում ենք, որ դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ լավ ապրողների մոտ գերակշռում է կոլեկտիվիզմի կամ բոլորը միասին լավ ապրելու սկզբունքը, այսինքն, այնպիսի կյանքը, որը հիմնված է «գյուղը որ կանգնի, գերան կկոտրի» բացարձակ ճշմարիտ պնդման վրա։

Դա պարզապես նշանակում է, որ իրար օգնելով, կյանքում հանդիպող շատ ավելի մեծ դժվարություններ կարող ես հաղթահարել, քան միայնակ և անիմաստ չարչարվելով։

Բայց, մյուս կողմից էլ, եթե ամեն քայլափոխում դու թութակի նման կրկնում ես գերան կոտրելու մասին իմաստուն ասացվածքը, բայց ինքդ կյանքում չունես այնքան հոգեբարոյական հզորություն, որ քո գործողություններում դրանով կառավարվես, ապա ասածդ քոռ կոպեկ չարժի։

Այսինքն, որպեսզի նման կոլեկտիվ կյանքը իրականություն դառնա, մարդիկ պետք է ունենան որոշակի հոգեբարոյական հատկություններ և, առաջին հերթին, ուրիշի շահը ինչ-որ չափով սեփական շահ համարելու հատկություն ու ներքին պահանջ, ի տարբերություն կործանարար էգոիստական մտածելակերպի, երբ գերագույն շահ ասելով հասկանում ես ամեն ինչին տիրանալն ու ուրիշներին իսպառ զրկելը դրանցից։

Նման բանը բոլորի համար տրամաբանորեն պարզ ու հասկանալի է, նույնիսկ ծայրահեղ էգոիստների համար, բայց իրականության մեջ նման մոտեցումը կյանքի կոչելու համար պետք են որոշակի հոգեբարոյական հատկություններ, որոնք որոշվում են մարդկանց բնավորության ու պահվածքի այնպիսի գծերով, ինչպիսիք են մի կողմից հասարակական շահից բխող մոտեցումները և մյուս կողմից էլ՝ անհատական շահից բխող այլամերժ պահվածքը։

Այս իմաստով իրական կյանքում կա մարդկանց հոգեբարոյական հատկությունների մի կրիտիկական շեմ կամ մակարդակ, որով հասարակությունները բաժանվում են երկու մասի, որից վերև այս կամ այն աստիճանի հաջողակ հասարակություններն են, իսկ դրանից ներքև էլ՝ այս կամ այն աստիճանի անհաջողակները։

Ուրիշ խոսքով, եթե հասարակության մեջ իշխում է այն մտայնությունը, որ հաջողության հասնելու ու առավելագույն շահ ունենալու միակ միջոցը ագրեսիվ ձևով մյուսներից ամեն ինչ խլելն է, ինչպիսին է մեր հասարակություն կոչեցյալը, ապա նման դեպքում որևէ տեսակի զարգացում բացառվում է, և կյանքը սիստեմատիկորեն գնում է դեպի ձախողում, այսինքն, այն, ինչ կատարվում է մեզ հետ։

Նման մոտեցման այլընտրանքն էլ միացյալ ուժերով բարիք ստեղծելն է, որն էլ, ինչպես ցույց է տվել համաշխարհային պրակտիկան, անհամեմատ ավելի էֆեկտիվ է, քան՝ ամեն ինչ իրարից խլխլելը։

Բայց պետք է հաշվի առնել նաև մի շատ կարևոր հանգամանք ևս, ըստ որի, ցանկացած հոգեբարոյական կերտվածք ունեցող մարդկանցից կարելի է կերտել ամուր պետականություն, պարզապես այդ անելու համար տարբեր հատկություններ ունեցող մարդկանցով կայուն կյանք կառուցելու համար պետք է ունենալ համապատասխան մոտեցում։

Մասնավորապես, ավտորիտար մտածելակերպ ունեցող էգոիստներից կազմված հասարակության բազայի վրա կայուն պետականություն ստեղծելու պայմանը հայրենասեր, արդարամիտ ու կամային ղեկավար ունենալն է, որ կարող է պատժել համապատասխան մեխանիզմներով և մարդկանց կյանքը լավացնել, նույնիսկ՝ նրանց համար ոչ հաճելի մեթոդներով։

Այն թեզը, որն ընկած է դեմոկրատական դոկտրինի հիմքում, և, ըստ որի, հասարակությունը ինքնուրույն կերպով կարող է ճիշտ ընտրություններ կատարել, կեղծ թեզ է, որի նպատակը տարբեր տեսակի էլիտաների կողմից մարդկանց մանիպուլացնելն է։

Շատ բարդ հարցերը երբեք շատ պարզ պատասխաններ չեն ունենում, իսկ քարոզչության մեջ շատ հաճախ օգտագործվող պարզունակ ու մարդկանց համար հասկանալի պնդումները հասարակությանը մանիպուլացնելու նպատակ են հետապնդում միայն։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 255

Մեկնաբանություններ