Մի քանի օր առաջ, անազատության մեջ գտնվող գործարար Սամվել Կարապետյանը փաստաբանների միջոցով գրառում էր արել, որով անդրադարձել էր դատաիրավական համակարգին, քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց, դատապարտյալների նկատմամբ մոտեցումներին:
Իհարկե կարևոր եմ համարում այդ հանգամանքը, գործարարը միջոցներ է հատկացնելու քրեակատարողական հիմնարկներում հայտնված անձանց իրավունքների պաշտպանությանը, որովհետև իշխանության կամայականությունների և ընտրովի արդարադատության հետևանքով այս իշխանության օրոք բազմաթիվ խնդիրներ են արձանագրվել:
Սակայն մեկ այլ կարևոր խնդիր էլ կա, որոնք կալանավայրերում և այնտեղ հարազատներ ունեցող մարդկանցից լսում եմ:
Յոթ տարի է` համաներում չի եղել, քրեակատարողական հիմնարկներն էլ խիստ ծանրաբեռնված են:
Կան հոդվածներ, որոնց նկատմամբ կարելի էր համաներում կիրառել և´ այդ մարդկանց կյանքի բնականոն հուն վերադարձնելու, և´ բանտային ծանրաբեռնվածությունը թուլացնելու համար:
Այս իշխանությունը բանտում հայտնված մարդու համար ապագա այլևս չի տեսնում և նրան հասարակություն վերադարձնելու խնդիրը չի կարևորում` անկախ նրանից, թե մարդն ինչ հանգամանքներում է հայտնվել անազատության մեջ և ինչ ձգտումներ ունի ազատ կյանք վերադառնալու առումով:
Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ