«Տեսիլք տեսնող այսինչ կամ այնինչը, փրկություն է բերել Հայաստան»:
Չարը սրանց օգտագործելով որպես գործիք, աջ ու ձախ սերմանում է իր պատրվողական խաբկանքները։
Ըստ վկայությունների, սրանք Սուրբ Պատարագի արարողության ժամանակ մեկին մոտենալով ասում են.
«Երբ հոգով աղոթում էիր, բերանիցդ կրակ էր դուրս գալիս», մյուսին՝ «Տեսնում էի, թե ինչպես էիր ճախրում եկեղեցում», մեկ ուրիշին՝ «Քեզ տեսա եպիսկոպոսի հանդերձներով՝ խաչը ձեռքդ բռնած», («Տիրոջը տեսա եկեղեցում»), և այլն։
Ովքեր Սուրբ Հայրերի խրատների վրա հիմնվելով են ջանում կառուցել իրենց հոգևոր տունը, բնականաբար, իրենց չե՛ն վերագրում այդ դիվական ցնորքները և սաստո՛ւմ են այդ «տեսնողներին», իսկ ովքեր փառամոլության և հպարտության հակումներ ունեն, սիրահոժար ընդունում են այդ աղտեղությունները՝ որպես երկնառաք շնորհ իրենց հասցեին։
Մի կին եկեղեցում միշտ առաջին շարքերում էր նստում և իրեն պահում տիրաբար. երբ դպիրները նրան սաստեցին, սա ասաց, որ լավ չեն ճանաչում իրեն, քանզի ինչ-որ մեկը երազում տեսել է, թե ինչպես են իրեն փառքով երկինք մտցրել, ինչն էլ պատճառ է դարձել սրա եկեղեցում ամբարտավան կեցվածք ընդունելուն։
Կան մարդիկ, որ գալիս են եկեղեցի մի ինչ-որ ցնորական, դիվային երազից մղված և իրենց հայտարարում Աստծո մարդ, որ Հայաստանը փրկելու առաքելություն ունեն։
Ցավոք, սրանց նմանները մեր եկեղեցում քիչ չեն:
Ոմանք էլ հայտնություն են ունեցել, որ իրենք ընտրյալ են և նույնիսկ անունները փոխելու հրաման են ստացել, որպեսզի Աստվածամոր կամ մի այլ Սրբի անուն կրեն, այնուհետև հոգևոր կյանքում անփորձ մի խումբ մարդկանց «առաջնորդ» են դառնում:
Ահա, չարը հպարտության զենքը գործի դնելով, պատերազմո՛ւմ է քրիստոնյաների դեմ և տեղիք տվողներին ծաղրո՛ւմ, սրանք էլ իրենց մեղքերի համար խորհելու և ըստ մաքսավորի հառաչելու փոխարեն, թե՝ «Տեր, ողորմի՛ր մեղավորիս», պատրանքի մեջ ընկնելով իրենց վերագրում են անիրական բաներ, և ինչ-որ ձայներից ու երազներից մղված՝ սկսում աղոթել սրա կամ նրա բժշկության, աշխարհի փրկության և այլ իր հոգևոր վիճակին անհարիր բաների համար:
«Մարգարեները զուր, խաբուսիկ ու աննշան տեսիլքնե՛ր տեսան քեզ համար և քեզ չհայտնեցի՛ն քո անիրավությունները, որ կարողանայիր վերադառնալ քո գերությունից, այլ քեզ տվեցին սնոտի առասպելներ...» (Ողբ Երմ. 2:14):
Աստվածային ծագում ունեցող հրաշագործությունները, հայտնություններն ու տեսիլքներն այնպիսի բաներ են, որ կարող են քրիստոնյային շեղել իրականության ճանապարհից, եթե նա դրանք կրելու համար պատշաճ խոնարհություն չունի։ Նույնիսկ Պողոս Առաքյալը ենթակա էր նման վտանգի, և Տերը նախապես միջոցներ ձեռնարկեց, որպեսզի սիրելի Առաքյալը բազում հայտնությունների, հրաշագործությունների առատության պատճառով չվնասվի.
«Եվ որպեսզի այդ հայտնությունների առատությամբ՝ չհպարտանամ, ինձ տրվեց մարմնի խայթ, սատանայի մի պատգամավոր, որ բռնցքահարի՛ ինձ, որպեսզի չմեծամտանամ, դրա համար՝ երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ նրան ինձնից հեռացնի, բայց Նա ասաց ինձ. «Իմ շնորհը քեզ լավ է, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում»» (Բ Կորնթ. 12:9)։
Իսկ Հայրերն ամեն կերպ խուսափո՛ւմ էին հրաշագործություններ անելուց, մանավանդ՝ մարդկանց առջև, քաջ գիտակցելով դրանց վտանգավորությունը սեփական հոգու փրկության համար։ Եվ սա դեռ այն լուսավոր շրջանո՛ւմ, իսկ ի՞նչ ասենք արդեն մեր ժամանակների «մարգարեների» և «հրաշագործների» մասին, որոնք պատրվելով տրվում են ո՛չ թե Աստվածային, այլ դիվակա՛ն հայտնություններին և հրաշագործություններին, հաստատ համոզում ունենալով դրանց իբր Աստվածային ծագման վրա։
Աշոտ դպիր ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Սուրբ Հարության Տաճարի» ՖԲ էջից