ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Հայոց ցեղաuպանության, Արցախի հիշատակումը կդիտարկվի որպես թnւրքերի, ադրբեջանցիների հանդեպ ատելnւթյան դրսևորո՞ւմ․ նախադեպերն արդեն կան

Հայոց ցեղաuպանության, Արցախի հիշատակումը կդիտարկվի որպես թnւրքերի, ադրբեջանցիների հանդեպ ատելnւթյան դրսևորո՞ւմ․ նախադեպերն արդեն կան
16.04.2026 | 09:20

Հայաստանում նախատեսվում են փոփոխություններ Քաղաքացիական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում՝ ատելության խոսքի տարածումը սահմանափակելու և դրա համար պատասխանատվություն սահմանելու նպատակով։

Նախագծերը, որոնք մշակվել են ԱԺ գիտության, կրթության հանձնաժողովի և արդարադատության նախարարության ջանքերով, հրապարակվել են 2026թ․ մարտին և առաջարկում են վարչական պատասխանատվություն ատելության խոսքի տարածման նվազ ծանրության դրսևորումների համար։ Ներկա օրենսդրությամբ ատելության խոսքի դրսևորումների համար միայն քրեական պատասխանատվություն է նախատեսվում (ՔՕ 329-րդ և 330-րդ հոդվածներ), ինչը կառավարությունը բավարար չի համարում ատելության խոսքի տարածման դեմ պայքարում, քանի որ քրեական օրենսգրքում միայն ատելության լուրջ դրսևորումներն են դիտարկվում որպես հանցանք և պատժվում, իսկ ավելի մեղմ դրսևորումները շրջանցվում են։

Ուստի ավելի մեղմ դրսևորումների համար միջոցներ են նախատեսում վարչական փոփոխություններով՝ վիրավորանքի և զրպատության մասին օրենքում ավելացումներ անելու միջոցով։ Սա կառավարության դիրքորոշումն է։

Մինչդեռ փորձագիտական շրջանակներում նախագծերի վերաբերյալ լուրջ մտահոգություններ կան, որ դրանով իշխանությունները լծակներ են ստեղծում իրենց բոլոր ընդդիմադիրներին և ընդդիմախոսներին պատժելու և խոսքի ազատության առումով համատարած վախի մթնոլորտ ստեղծելու համար։ Նաև լրատվամիջոցների վրա ճնշումներ գործադրելու և նրանց գործունեությունը սահմանափակելու լուրջ ռիսկեր են պարունակում օրինագծերը, ինչի մասին բարձրաձայնում են իրավապաշտպան կազմակերպությունները։

Օրինակ «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամը նախագծերի վերաբերյալ կարծիք է ներկայացրել՝ արձանագրելով, որ «դրանք իրենց ներկայիս խմբագրությամբ պարունակում են արտահայտվելու ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման, ԶԼՄ-ների գործունեության վտանգման և նախատեսված իրավական պատասխանատվության միջոցների կամայական կիրառման լուրջ ռիսկեր։

Նշված հանգամանքներում ԻԶՊՀ-ը և գործընկեր կազմակերպությունները պահանջում են նախագծերը անհապաղ հանել շրջանառությունից և լրամշակել դրանք՝ ապահովելով քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և այլ շահագրգիռ կողմերի լիարժեք և ներառական մասնակցությունը համապատասխան քննարկումների շրջանակներում»։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագծով վարչական պատասխանատվություն առաջացնող ատելության խոսքը բնորոշվում է որպես անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելության հրապարակային խոսք, այդ թվում՝ հայհոյանք հնչեցնելը, կամ այնպիսի վարքագիծ դրսևորելը, որը նվաստացնում, ծաղրում, պիտակավորում կամ թիրախավորում է անձին կամ անձանց խմբին՝ սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով։

Վարչական պատասխանատվություն է սահմանվում նաև համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքի միջոցով տարածվող զանգվածային լրատվության միջոցի կողմից անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելության հրապարակային խոսք, այդ թվում՝ հայհոյանք, ինչպես նաև նյութ կամ առարկա տարածելու համար, ինչպես նաև կայքի կամ հավելվածի օգտատերերի հրապարակած խոսքը, այդ թվում՝ հայհոյանքը, նյութը կամ առարկան անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 օրացուցային օրվա ընթացքում չհեռացնելու համար։ Ինչպես նաև՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելության հրապարակային խոսք, այդ թվում՝ հայհոյանք, ինչպես նաև նյութ կամ առարկա տարածելու և սահմանված ժամկետում չհեռացնելու համար։

«Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամի դիտարկմամբ՝ ատելության խոսքի տրված սահմանումը չափազանց ընդարձակ է, հակասում է միջազգային չափանիշներին, ինչպես նաև իրավական որոշակիության պահանջներին և մի շարք դեպքերում կարող է հանգեցնել թույլատրելի քննադատության շրջանակներում հնչեցված արտահայտությունների համար վարչական պատասխանատվության։ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ ատելության խոսքի դեմ պայքարի վերաբերյալ հանձնարարականներից բխում է, որ անդամ պետությունները պետք է ապահովեն արդյունավետ իրավական և գործնական երաշխիքներ՝ ատելության խոսքին առնչվող օրենսդրության ոչ իրավաչափ կիրառման կամ ցանկացած հնարավոր չարաշահման դեմ, հատկապես այն դեպքերում, երբ այն կարող է օգտագործվել հանրային քննարկումները սահմանափակելու, քննադատական խոսքը, քաղաքական ընդդիմախոսներին կամ փոքրամասնություններին լռեցնելու նպատակով։ Մասնավորապես, քաղաքական հայացքներին առնչվող դրույթը չափազանց ռիսկային է՝ հաշվի առնելով, որ քաղաքական խոսքը առավելագույն պաշտպանության ենթակա արտահայտության ձևերից է և դրա շրջանակներում նախատեսված սահմանափակումը կարող է հանգեցնել ընդդիմադիր կարծիքների կամ հանրային քննադատության ճնշման։ Այնինչ այս դեպքում հենց պետությունն է՝ հանձին իշխանության, նման սահմանափակումներ առաջացնում, փոխանակ կանխող լինի։

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ևս MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ նախագծերն իրականում այլ նպատակների են ծառայեցնելու, ոչ թե ատելության խոսքի տարածման կանխմանը։ Դրանց նպատակը քաղաքական ընդդիմախոսներին, ընդդիմադիրներին, ԶԼՄ-ներին սուղ շրջանակների մեջ պահելն է՝ նրանց զրկելով խոսքի ազատության, կամարտահայտվելու և իշխանությունների վտանգավոր, հակաօրինական և հակապետական գործունեությունը վերահսկելու հնարավորություններից։

Այդպիսի դրսևորումներ ունենք վիրավորանքի, զրպարտության, հայհոյանքի կիրառման դեպքում։ Նման դրսևորումների համար սովորաբար պատասխանատվության են ենթարկվում միայն ընդդիմադիր դաշտի գործիչները, լրատվամիջոցները, իսկ եթե իշխանության ներկայացուցիչները կամ նրանց համախոհներն են դրանց հեղինակները, նրանք որևէ պատասխանատվության չեն ենթարկվում։ Քանի՞ պաշտոնյա է որևէ ընդդիմադիր գործչի կամ իրենց գործունեությունից դժգոհ հասարակ քաղաքացու վիրավորելու, հայհոյելու, զրպարտելու համար պատասխանատվության ենթարկվել։ Այնինչ, հակառակ դրսևորումները շատ են։

Պատգամավորի կարծիքով՝ նախագծում ձևակերպուները շատ հեղհեղուկ են և մամուլում ցանկացած հրապարակում, որը դուր չի գա իշխանություններին, կարող են պահանջել հեռացնել։ Ոչ թե հրապարակման որևէ հատված, այլ ողջ հրապարակումը։

«Օրինակ՝ ծավալուն լրագրողական հետաքննություն եք իրականացրել, որի մեջ կարող է երրորդ անձի քննադատական խոսքը լինել իշխանության հասցեին, և եթե դա դուր չգա իշխանական որևէ պաշտոնյայի, նա կարող է լրատվամիջոցից պահանջել՝ հեռացնել ամբողջ հետաքննությունը, հակառակ դեպքում ԶԼՄ-ն կտուգանվի և վարչական այլ պատիժների կենթարկվի։ Սա նշանակում է, որ լրագրողների աշխատանքային գործունեությունը տոտալ վերահսկվելու է, խմբագրվելու է նրանց աշխատանքը։ Ատելության խեսքի դեմ պայքարել անհրաժեշտ է, բայց դա պետք է սկսել հենց իշխանություններից։ Փաշինյանն ամեն առավոտ՝ արթնանալուց, կոստյումը հագնելուց ու մարդկանց սրտիկներ ուղարկելուց հետո, սկսում է ծաղրել ու վիրավորել իր քաղաքական ընդդիմադիրներին, նսեմացնել՝ դրանով իսկ ատելություն գեներացնելով այդ մարդկանց նկատմամբ։ Ո՞վ է այն միամիտը, որը կարծում է, թե Փաշինյանը դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվի։ Ատելության խոսքի տարածողն առաջին հերթին իշխանությունն է, և հենց նրանցից պետք է սկսվի ատելության խոսքի դեմ պայքարը։ Նրանց ամբողջ խոսույթը դրա վրա է կառուցված։ Բայց այս իշխանությունների օրոք նման բան հնարավոր չէ»,- նշեց Թովմասյանը։

Պատգամավորի հավաստմամբ՝ որևէ օրենք մեր երկրում չի աշխատելու, քանի դեռ այն հավասարապես և արդարության սկզբունքով չի կիրառվելու։ Դրանք գործելու են զուտ որպես պատժամիջոցներ ընդդիմության, լրագրողների, քաղաքացիական հասարակության դեմ և երկրում միմիայն իշխանության համար ամենաթողություն է տիրելու։

Հաշվի առնելով իշխանությունների՝ Ադրբեջանի հետ եղբայրանալու և բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ձգտումները՝ չի բացառվում, որ նախագծերն օրենքի ուժ ստանալու դեպքում կօգտագործվեն նաև բոլոր այն ուժերի, մարդկանց, լրատվամիջոցների դեմ, որոնք կհանդգնեն, օրինակ, ադրբեջանցիներին թշնամի կամ օկուպանտ անվանել ու հիշել նրանց նկատմամբ մեր պատմական վերաբերմունքը, հիշատակել Արցախի հայկականության մասին, արցախցիների վերադարձի թեման բարձրաձայնել։

Նույնը վերաբերում է Թուրքիայի նկատմամբ ատելության խոսքի տարածմանը։ Արդյո՞ք Փաշինյանի իշխանությունը Հայոց ցեղասպանության հիշատակումը չի դիտարկի որպես Թուրքիայի նկատմամբ ատելության խոսքի գեներացում այն համատեքստում, որ թուրքերին որպես հայասպաններ ներկայացնելով՝ նրանց հանդեպ ատելություն է գեներացվում։ Փաստ է արդեն, որ Նիկոլ Փաշինյանի հետագա քաղաքական ուղին նախանշվելու է նաև Հայոց ցեղասպանության հերքմամբ, ինչի մասին նա արդեն անթաքույց հայտարարություններ է անում։

Օրինակ՝ հայտարարում է, թե հայի միջից պանդխտության ոգին վանել է պետք, մոռանալ պատմական հայրենիքի մասին ու չխոսել այլևս Էրգիր վերադարձի թեմայով։ Նման նախադեպ արդեն իսկ ունենք։ Թագուհի Թովմասյանը հիշեցրեց, թե ինչպես Փաշինյանը վարվեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ, որը ամերիկացի պաշտոնյային հիշեցրել էր թուրքերի վայրագությունների մասին։ Նա դրա համար վճարեց իր աշխատանքով։ Այնպես որ կարելի է համարձակ պնդել, որ իշխանությունները արդարադատության նախարարության ձեռքով զենք է կռում, որն իրենց վերընտրվելու դեպքում երկրում ավելի է խստացնելու բռնապետական ու միահեծան բարքերը։

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Մանրամասները՝ mediahub.am-ում

Հղումը՝ https://mediahub.am/hy/post/aklduyh3stc9r2bk...

Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ