irates.am-ի հարցերին պատասխանում է «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող ԱՆԱՍՏԱՍ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ:
-Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ուղերձով հանդես եկավ ու հայտարարեց, որ միանում է Արցախի ժողովրդին` «Վերածննդի» հրապարակում կազմակերպված նստացույցին։ Նրա քայլն ինչպե՞ս ընդունվեց ժողովրդի կողմից ։
-Ասել, թե Արայիկ Հարությունյանի` նստացույցին մասնակցելն արժանացավ ժողովրդի բուռն արձագանքին՝ այդպես չէ։ Որպես երկրի նախագահ, նա ուզում է ցույց տալ, որ մտահոգված է իրավիճակով, ու քայլ է անում այս իրավիճակից դուրս գալու։ Ես կարծում եմ, որ նախագահը մինչ նստացույցին դիմելը ճիշտ կլիներ նախ գնար ավելի հստակ քայլերի։ Դրանից հետո միայն դիմեր նստացույցի։
-Կար տպավորություն, որ Արցախի իշխանությունը ինչ-որ դրական սպասումներ ուներ բրյուսելյան եռակողմ բանակցություններից: Արայիկ Հարությունյանը մարդկանց հորդորել էր սպասել բանակցությունների ավարտին, ապա դիմել քայլերի։ Գուցե նա հույսեր ուներ, որ Փաշինյանի միջոցով Շառլ Միշելին փոխանցված իր նամակը ինչ-որ դրական հետևա՞նք կարող է ունենալ։ Եվ առհասարակ, արցախցիներն ունե՞ն ակնկալիքներ հավաքական Արևմուտքի հովանու ներքո տեղի ունեցող բանակցություններից:
-Արցախցին որևէ դրական սպասում չուներ հուլիսի 15-ին կայացած Բրյուսելի բանակցություններից, և առհասարակ, Արևմուտքի քաղաքականությունից։ Արևմուտքը արդեն բաց տեքստով ներկայացնում է իր մոտեցումները, ինչը մենք անընդունելի ենք համարում։ Նրանք ոչ թե Արցախի, արցախահայության մասին են մտածում, այլ պայքարում են տարածաշրջանում ՌԴ ներկայության դեմ։ Նաև իմանալով, թե ով է հայկական կողմից բանակցողը, ու նաև տեղյակ լինելով բանակցությունների հակաարցախյան ընթացքին, ինչը հանգեցրել է ներկայիս ծանրագույն վիճակին, մենք չէինք կարող դրական պատասխանի ակնկալիք ունենալ։ Փաշինյանը շարունակում է իր նույն քաղաքականությունը և փուլ առ փուլ Արցախը տանում դեպի անդունդ՝ հանձնելով Ադրբեջանի «գիրկը»։ Այսօր Արցախում կա մեծ անհանգստություն, կա մեծ վտանգի սպասում, որ Ադրբեջանը կարող է դիմել ցեղասպանական գործողությունների ու արցախահայությանը ենթարկել ցեղասպանության։ ՀՀ ղեկավարությունն իր քաղաքականությամբ նպաստում է դրան։
-Բրյուսելի բանակցություններից հետո ի՞նչ եզրահանգման եկան Արցախի քաղաքական, հասարակական շրջանակները։ Ինչու՞ Արցախի իշխանությունը չի հնչեցնում այս իրավիճակի իրական մեղավորի` Նիկոլ Փաշինյանի անունը, ինչու՞ չեն պահանջում, որ նա դադարի բանակցել Արցախի ու արցախահայության անունից, քանի որ նա բանակցում է արցախցու հայրենիքը թշնամուն հանձնելու ուղղությամբ:
-Արցախում մեր բոլորի մտահոգությունը հենց Ձեր ասածի շուրջ է`, թե ինչու՛ Արցախի իշխանությունը չի հնչեցնում մեզ այս իրավիճակին հասցրած ղեկավարների անունները։ Արցախի կուսակցական, հասարակական շրջանակներում այս միտքն օրեցօր ավելի է փոթորկվում: Մարդիկ արդարացիորեն հարց են հնչեցնում՝ լավ, ի՞նչն է խանգարում, որ չեն բարձրաձայնում այդ մասին։ Արցախի նախագահի, պետնախարարի հետ իմ բոլոր հանդիպումներում ես ասել եմ, որ պետք է Արցախի իշխանությունը, կուսակցական, հասարակական շրջանակները հավաքվեն, մի հայտարարության տեքստ պատրաստեն՝ ուղղված ՀՀ իշխանությանը։ Այն պետք է ունենա այսպիսի բովանդակություն՝ մենք դեմ ենք, որ ՀՀ իշխանությունը որոշումներ կայացնի Արցախի հարցում։ ՀՀ ղեկավարները չունեն Արցախի լիազորությունը բանակցելու Արցախի շուրջ, մենք դեմ ենք նրանց կողմից վարվող բանակցություններին։ Այն, որ Արցախի նախագահը, ԱԺ-ն, ժողովուրդը բարձրաձայնում է, որ մենք երբեք չենք կարող լինել Ադրբեջանի կազմում, դա դեռ բավարար չէ։ Հարկավոր է, որ Արցախը կայացնի հստակ որոշում, ինչի հիման վրա պետք է ընթանան բանակցությունները։ Արցախը չպետք է թույլ տա, որ էդ մարդը (Նիկոլ Փաշինյանը-Ա. Ս.) Արցախի հարցում վարի հակաարցախյան քաղաքականություն։
-Արցախում ինչպե՞ս են մեկնաբանում ՌԴ ԱԳՆ հայտարարությունը, հույսեր ներշնչու՞մ է այն։
-ՌԴ ԱԳՆ վերջին հայտարարության մեջ տեղ գտած այն միտքը, թե. «Մենք կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը պետք չէ դնել երրորդ երկրների վրա», ես ճիշտ եմ համարում։ Այո, եթե ՀՀ ղեկավարը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախով ներառյալ ու պատրաստվում է դա հաստատող փաստաթուղթ ստորագրել, ապա 3-րդ պետությունն ի՞նչ կարող է անել։ Ամենամեծ մեղավարը ՀՀ իշխանությունն է։ Այն, որ Արցախն ամեն օր կանգնում է մի նոր աղետի առաջ՝ հետևանք է ՀՀ իշխանության կողմից վարվող քաղաքականության, հնչեցված հայտարարությունների։ Յուրաքանչյուր բանակցությունից, քննարկումից հետո Արցախն ավելի ու ավելի վատ վիճակի առաջ է կանգնում։ Քանի դեռ ռուս խաղաղաապահն այստեղ է, մենք ունենք ելքեր, կա հնարավորություն իրավիճակից օգտվելու, պետք է ճիշտ կողմնորոշվենք, գծենք մեր ճանապարհային քարտեզն ու աշխարհի հայրության հետ միասին ընթանանք արցախյան հիմնախնդրի լուծման ճիշտ ճանապարհով։ Ամրապնդենք Արցախի կարգավիճակի հարցը։ Ռուսաստանն իր հայտարարությամբ մեզ ազդանշան տվեց, որ հասկանանք իրավիճակը: Մենք դեռ ունենք ժամանակ, կան ելքեր, պետք է աշխատել։ Դրա համար Արցախի իշխանությունը պետք է բաց խոսի ժողովրդի հետ, ներկայացնի իր մոտեցուները և մենք միասնական նպատակադրմամբ` շարժվենք առաջ մեկ ուղղությամբ:
-Բրյուսելում կողմերը համաձայնության են եկել, որ դեպի Արցախ սննդի մատակարարումը լինի Ադրբեջանից՝ Աղդամի ճանապարհով։ Փաշինյանը ևս տվել է իր համաձայնությունն այս հարցում։ Ստացվում է, որ հետ է մղվում Լաչինի մարդասիրական միջանցքի բացման հարցը, դրա փոխարեն առաջնությունը տրվում է Ադրբեջանի առաջարկին։ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջոցով ու Փաշինյանի ձեռքով Ալիևը հասնու՞մ է իր նպատակին, այն է՝ Արցախը սովահարության շեմին կանգնեցնելով պարտադրել արցախահայությանը՝ ընդունել ադրբեջանական բոլոր պահանջները։
-Գիտեք, ինձ մոտ կա տպավարություն, որ այդ բանակցություններում չկա Հայաստանի ներկայությունը: Ես Հայաստանի մասնակցությունը չեն տեսնում: Տեսնում եմ, որ Ալիևն ու Փաշինյանը նույն ֆորմատով են աշխատում, նրանց մտքերը իրար հետ համընկնում են: Բանակցություններում չկա հայկական միտք, չկա Արցախի հարցում մտահոգություն։ Եվ դա տեսնում են բոլոր բանակցություններում: Դարձյալ կրկնում եմ, էդ մարդը` Փաշինյանը, հայ ազգի, Արցախի գլխին առաջին աղետ բերողն է ու գլխավոր մեղավորն է: Նրա մեղքով է, որ մենք կանգնած ենք
լինել- չլինելու, կանգնած ենք ցեղասպանության առաջ: Մենք նրա քայլերում դրական մոտեցում չենք տեսնում, հետևաբար Փաշինյանից մենք որևէ դրական սպասում չունենք: Ինչ վերաբերում է Աղդամի ճանապարհին, ապա մարդկանց հասցրել են սովահարության, ստեղծել են նման իրավիճակը, որպեսզի հետո մեզ պարտադրեն իրենց լուծման տարբերակը։ Դա արցախցիների համար անընդունելի է:
Բոլոր որոշումները որտեղ ասվում է, թե Ադրբեջանը պատրաստակամ է բացել Աղդամի ճանապարհն ու սնունդ տրամադրել Արցախին, դա մանիպուլյացիա է: Նրանք ունեն Արցախը հայաթափելու, արցախահայությանը ցեղասպանելու ծրագիր, և հիմա փորձում են դա քայլ առ քայլ իրականցնել: Մեր խնդիրն է`ամեն կերպ խոչընդոտել սրիկաների ծրագրերի իրականացմանը: Արցախցուն ոչ ոք` լինի Ալիև, թե Փաշինյան, չի կարող նվաստացնել: Մեր այսօրվա դիմադրությունը մեր կամքն ու մեր ուժն է ցույց տալիս: Մենք այդ երկու ապուշներին հակառակն ենք ապացուցելու, որ Արցախը եղել է և մնալու է հայկական: Մենք կապացուցենք, որ արցախահայությունը հայի այն տեսակն է, արտերկրի հայությունն այն ուժն է, որը հօդս կցնդեցնի նրանց ծրագրերը: Թույլ չենք տա մեզ նվաստացնել:
-Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը, թերևս աշնանը նա կստորագրի «խաղաղության պայմանգիր» կոչված փաստաթուղթը: Ի՞նչ քայլեր է պատրաստվում անելու Արցախը: Հիշեցնեմ, որ Արայիկ Հարությունյանն իր ուղերձում ասաց` եթե նստացույցը չօգնի, ապա Արցախը ավելի կոշտ քայլերի կդիմի:
-Նիկոլի հանձնելով չէ, որ Արցախը հանձնվելու է, կամ իր ստորագրելով չէ, որ Արցախը դադարելու է լինել հայկական: Մենք ունեք ելքեր: Ինձ ավելի շատ մտահգոում է այն, որ ելքեր ունենալով ճիշտ քայլեր չենք անում, ունեք կարևոր հիմքեր դնելու հնարավորություն, սակայն չենք իրագործում: Արցախը հանձնելը սրիկա Նիկոլի վաղուցվա ծրագիրն է, գալով իշխանության նա դա իրականացրեց: 44-օրյա պատերազմում մենք կարող էինք այլ ելք ունենալ, սակայն եղած հնարավորությունները չօգտագործվեցին, քանի որ այդ մարդուն Արցախի հաղթանակը պետք չէր: Նա թույլ չտվեց, որ հայկական կողմը ունենար բարենպաստ դիրքեր, որ հետո բանակցություններում կարողանար դրանք օգտագործել: Փաշինյանին անգամ հազարավոր զոհերը չկանգնեցրին, մեր հերոս, մեր առյուծ տղերքի թափած արյունը չկանգնեցրեց: Եվ դա դարձյալ փաստում է այն մասին, որ նա արդեն իսկ ուներ Արցախը հանձնելու ծրագիր ու թքած ուներ մեր հերոսների, նվիրյալների սխրանքների վրա, որոնք իրենց կյանքը զոհեցին Արցախի հայակական մնալու համար:
Արցախցիներն այսօր կանգնած են, պայքարում են ու չեն ընկճվելու: Սննդի պակասությունը կա, բայց դա չի կանգնեցնելու արցախահայությանը, մենք պատրաստ ենք պայքարել ու գնալու ենք տարբեր քայլերի: Մենք պետք է ամեն կերպ խանգարենք Փաշինյանին, ու թույլ չտանք, որ նա ստորագրի այդ չարաբաստիկ փաստաթուղթը:
Երբ Նիկոլին ասում են թուրք, նա դրանից չի վիրավորվում, ուրեմն նման մարդուն բառերով ոչինչ չես կարող ասել, նա հայ չէ, նա չունի ազգային ինքնասիրություն: Հասկանալի է, նա իր գործողություններով ամեն կերպ ցույց է տալիս, որ ծախված թրքամետ սրիկա է: Հետևաբար, մեր գործողությունները` թե՛ Հայստանում, թե՛ Արցախում, պետք է ուղղված լինեն նրան, որ թույլ չտանք այդ մարդուն ստորագրելու այդ փաստաթուղթը: Արցախը հանձնելուց հետո հերթը հասնելու է Հայաստանի մյուս տարածքներին: Արցախը սրբություն է, հանուն Արցախի բոլորս ենք կանգնելու: Եթե Արցախի ղեկավարները փորձեն ժողովրդին խաբել ու գնալ Նիկոլի քաղաքականության ուղղությամբ, դա մենք թույլ չենք տա: Արայիկ Հարությունյանը մինչ այս պահը հայտարարում է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, նա միացավ ժողովրդին ու մասնակցում է հիմա նստացույցին, ուրեմն, նա պետք է Արցախի ժողովրդի հետ գնա մինչև վերջ: մենք պետք է աշխարհին ապացուցենք, որ Արցախը հայկականն է, որ արցախցիրները մինչև վերջ պայքարելու են: Արցախցին կտա պատասխան և՛ Նիկոլին, և՛ Իլհամին:
Հարցազրույցը`
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆԻ