Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ԵՄ ապագայի առնչությամբ Եվրոպայում էլ միասնականություն չկա

ԵՄ ապագայի առնչությամբ Եվրոպայում էլ  միասնականություն չկա
10.01.2025 | 13:37

Եվրոպական Միության բարձրագույն օրենսդիր մարմնի՝ Եվրոպական Խորհրդարանի վերջին ընտրություններն անցան եվրասկեպտիցիզմի, այսինքն, միասնական Եվրոպայի ապագայի հարցում վատատեսության բուռն հռետորաբանությամբ: Հիմա Ֆրանսիայում, որը Գերմանիայի հետ ԵՄ հենքն է, ամենօրյա ռեժիմով քաղաքական շատ գործիչներ կոչ են անում դուրս գալ ԵՄ-ից և փախչել-փրկվել: Դե, բրիտանական քաղաքական վերնախավը վերջին հազար տարվա ընթացքում միշտ էլ եղել է իր հեռատեսության և պրագմատիզմի բարձունքին՝ որի ապացույցը բրեքսիտով ԵՄ-ից թռչել-փրկվելն էր: Նույնիսկ ֆունտ ստեռլինգը սրբությամբ պահեցին և չգայթակղվեցին եվրոյով: Դե, ԵՄ բյուրոկրատիայի մասին Հունգարիայի վարչապետ Օրբանի՝ դասական դարձած դարակազմիկ որակումներին բոլորս էլ ծանոթ ենք: Վերջերս հաճախակի լսում եմ ԳՖՀ Բունդեսթագի ընդդիմադիր պատգամավորների ելույթները՝ ուղղված ԵՄ գործադիր իշխանության ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին. այնպիսի բացասական հռետորաբանություն է, որ դժվար է նույնիսկ նկարագրել օգտագործվող բառամթերքը, նրա գործունեությունը համարվում է պարզապես չարագործությունների շղթա: Իհարկե, ես համաձայն չեմ այս կարծիքին և, բնականաբար, այդքան էլ տեղեկացված չեմ այս հարցում, բայց ընդհանուր մթնոլորտն այսպիսին է: Կարճ ասած՝ Եվրոպայում էլ ԵՄ ապագայի առնչությամբ միասնականություն չկա: Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներին, դրանք առայժմ քննարկումներ են՝ հանուն քննարկումների: Եթե Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացը քառասուն տարի է տեղապտույտի մեջ է, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի եվրաինտեգրման ստաժը քսան տարի է, և վերջը չի երևում, Հայաստանի նման երկրի եվրոպական ճակատագիրը կանխատեսելն անօգուտ գործ է: Աստված տա՝ շուտ լինի, ես և իմ սերնդակիցները հաստատ դա չենք տեսնի, իհարկե, եթե ԵՄ-ը մնա և չփլուզվի. պատմության ընթացքում նման մեծ քաղաքական միավորումների փլուզման օրինակներ կան: Եվ վերջում հավելեմ, որ հետխորհրդային տարածքում ԵՄ ընդլայնման գործնական քաղաքականության քայլեր դեռևս նկատելի չեն: ԵՄ ընդլայնումը առայժմ ընդգրկելու է միայն Արևմտյան Բալկանները՝ Ալբանիան և հետհարավսլավյան պետությունները: Այստեղ էլ լուրջ բարդություններ կան Սերբիայի և բոսնիական կոնֆեդերացիայի կազմում գտնվող Սերբական Հանրապետություն կոչվող պետական կազմավորման հետ: Բացառված չէ նաև Կոսովոյի հակամարտության նոր էսկալացիա: Սակայն ԵՄ-ը ձգտում է իր քաղաքական ուղեգծում պահել հարակից տարածաշրջանները, որպես տնտեսական օգուտի, շուկաների և էներգետիկ խնդիրների լուծման գոտիներ: Այդպիսի տարածաշրջաններից են հյուսիսաֆրիկյան, միջերկրածովյան, մերձավորարևելյան, արևելաեվրոպական և հարավկովկասյան երկրները: Այս նպատակով հիմնվել են ԵՄ-ի հետ գործընկերության կազմակերպություններ և համապարփակ համագործակցության այլ ձևաչափեր: Հայաստանն ընդգրկված է Արևելյան գործընկերության մեջ և 2017թ. կնքել է համագործակցության պայմանագիր: Սրանից առավել որևիցե այլ առաջընթաց ԵՄ-ՀՀ հարաբերություններում դեռևս չի կարող լինել: Մեզ մոտ կարող են լինել հանրաքվեներ, քննարկումների մի քանի տասնյակ փուլեր, հետո՝ սուր քննարկումներ, հետո՝ մեդիաճակատամարտեր և գաղափարական «պատերազմներ» ունիթորների և հակաունիթորների միջև եվրոպական ապագայի շուրջ, բայց՝ միայն այսքանը: Իմ համոզմունքն ու մասնագիտական առաջարկն է՝ փնտրենք մեր ապագան և գոյության բանաձևը հարևանների հետ հարաբերություններում, առավել կոնկրետ՝ 3+3 ձևաչափում, հիշենք Կիլիկիայի հայկական պետության ճակատագիրը, Հայաստանի Առաջին Հանրապետության Սևրի պատրանքները: Պատմության դասերը կանխատեսման և ռազմավարական որոշումների կայացման հիմքում պետք է դրվեն, ինչպես անում են հաջողակ քաղաքական էլիտաները:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 3289

Մեկնաբանություններ