Արևմուտքում հետաքրքիր փաստեր են նկատել Կալիֆոռնիայի հրդեհների առնչությամբ: Իռլանդացի լրագրող Չեյ Բոուզը X սոցիալական ցանցում մեղադրել է ԱՄՆ- ի նախագահ Ջո Բայդենին Կալիֆոռնիան և Ուկրաինան ոչնչացնելու մեջ: Ահա թե ինչ է գրել նա.
«Կալիֆոռնիայում անտառային հրդեհների վնասը կգերազանցի 150 միլիարդ դոլարը։ Բայդենի դեմոկրատները կրճատել են հրշեջ և արտակարգ իրավիճակների ծառայությունների բյուջեները: Բայդենը նաև ավելի քան 175 միլիարդ դոլար է փոխանցել Ուկրաինայի բռնապետությանը: Այժմ երկուսն էլ ավերված են: Շնորհակալություն, Ջո»:
Անտառային հրդեհները Լոս Անջելեսի շրջանում սկսել են ակտիվորեն տարածվել հունվարի 7-ից: Օդերևութաբանները հրդեհի սրընթաց տարածումը կապում են չոր և ծայրահեղ քամոտ եղանակային պայմանների հետ։ Առաջինը տուժել է Փասիֆիք Պալիսեյդսի ափամերձ շրջանը, այնուհետև հրդեհի ևս մի քանի օջախ է առաջացել: Իրավիճակը սրվում է փոթորկի քամու կողմից, որը նպաստում է կրակի տարածմանը, մարումը նաև դժվարացնում է հրդեհային հիդրանտների ջրի պակասը:
Զոհերի թիվն արդեն հասել է առնվազն 16- ի, այս մասին հայտնել է «NBC News» հեռուստաալիքը՝ վկայակոչելով իշխանությունների տվյալները։ Շրջանային Շերիֆ Ռոբերտ Լունան հավելել է, որ առնվազն 13 մարդ անհետ կորած է:
Լոս Անջելեսի առնվազն 153 000 բնակիչ է տարհանվել անցած գիշեր, հավելել է հեռուստաալիքը: Լոս Անջելեսի շրջանի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել և նախազգուշացրել են, որ հրդեհների հետևանքով տարածվող ծուխն ու պինդ մասնիկները կարող են վտանգ ներկայացնել առողջության և կյանքի համար:
Նշվում է, որ «Իթոն» հրդեհի գոտում արդեն 11 մարդ է զոհվել, ևս 5- ը՝ «Պալիսեյդս» հրդեհի ընդգրկած տարածքում: Ընդ որում, դատաբժիշկները դեռ չեն կարողանում պարզել զոհվածների ինքնությունը։
Կալիֆոռնիայի հրշեջ ծառայության վերջին տվյալների համաձայն՝ շրջանում հրդեհների ընդհանուր մակերեսը հասել է գրեթե 15,5 հազար հեկտարի։ Հրո ճարակ է դարձել ավելի քան 12,3 հազար շինություն, այդ թվում՝ հրդեհից ոչնչացել է հեղինակավոր շրջաններում հայտնի մարդկանց անշարժ գույքը։ Այրվել են ԱՄՆ- ի գործող նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի, դերասանուհի և մոդել Փերիս Հիլթոնի, դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնի տները:
«Daily Mail» պարբերականի տեղեկացմամբ, հրդեհը ոչնչացրել է նաև հեղինակավոր Փասիֆիք Պալիսեյդս թաղամասի ամենաթանկ տունը՝ «Ժառանգություն» սերիալի 125 մլն դոլար արժողությամբ առանձնատունը, որը նրա սեփականատերը՝ «Lamina Technologies» ընկերության 29- ամյա սեփականատեր Օսթին Ռասելը, վարձակալության էր տվել ամսական 450 000 դոլարով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալլա Պուգաչովայի թոռը՝ դերասան և երաժիշտ Նիկիտա Պրեսնյակովը, որը բնակվում է Լոս Անջելեսում, հայտնել է հրդեհների պատճառով քաղաքը լքելու մասին:
Հրդեհը մարելու համար ուղարկվել է ավելի քան 1000 ամերիկացի բանտարկյալ, որոնք պետք է զսպեն կրակի տարածումը։ Հրդեհի դեմ պայքարելու համար Մեքսիկան հրշեջների խումբ է ուղարկել Լոս Անջելես:
ԱՄՆ- ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցցանցի իր էջում նահանգում ուժեղ հրդեհների ֆոնին կոչ է արել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին հրաժարական տալ: Նյուսոմն, իր հերթին, Թրամփին հրավիրել է այցելել նահանգ, հանդիպել հրդեհներից տուժած կալիֆոռնիացիների հետ, ինչպես նաև միանալ հրշեջներին և փրկարարներին, որոնք «իրենց կյանքը վտանգի տակ են դնում»:
Ավելի վաղ ԱՄՆ- ի Ջո Բայդենը Կալիֆոռնիայի հրդեհներն անվանել էր նահանգի պատմության մեջ ամենամասշտաբայինը և ավերիչը:
Ըստ «Mash» տելեգրամ- ալիքի երեկվա հրապարակման , Լոս Անջելեսի Փասիֆիք- Փելիսեյդս շրջանում մոլեգնել է հրե պտտահողմ, որը մեծ ավերածություններ է գործել: Հրդեհը շարունակում է մոլեգնել շրջանում, իրավիճակը կարող է ավելի վատթարանալ:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ