Շարունակելով ներկայացնել Հայաստանում Գերմանիայի դեսպանության խայտառակ գործունեության խայտառակ դրվագները, պատմեմ ևս մի դեպք:
Ինչպես գիտեք, սրանց դեսպանություն այցելելու համար պետք է հերթագրվել և 9 ամիս և ավելի սպասել:
Հայաստանի օրինապաշտ քաղաքացիներից կազմված մի ընտանիք հերթագրվում է և սպասում: Այնպես է լինում, որ սպասելու ընթացքում ընտանիքում երեխա է ծնվում: Դա տրամաբանական է, քանզի`
1. Օրինապաշտ ընտանիքների անդամներից առնվազն մեկը կին է:
2. Ըստ հայ դասականներից մեկի` Նազարյան Լենայի, «կանայք երեխաներ ունենալու առանձնահատկություն ունեն»:
3. Չկա որևէ իրավական ակտ, ըստ որի, կինը հղիանալուց առաջ պետք է թույլտվություն ստանա օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններից:
Մի խոսքով` երբ ընտանիքի հերթը հասնում է, այն համալրված է լինում նոր անդամով: Ընտանիքը դրա մասին տեղեկացնում է դեսպանությանը և խնդրում հերթագրվածների մեջ ներառել նաև նորածնին:
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը մերժում է ընտանիքի խնդրանքը, պատճառաբանելով, որ նորածինը ... պետք է առանձին հերթ ունենա, այլ կերպ ասած` հերթագրվի և 9 ամիս սպասի:
Այսպիսով` ստացվում է, որ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը չի խրախուսում Հայաստանի բնակիչների վերարտադրությունը, գոնե` դեսպանության այցելության համար հերթի ընթացքում:
Իսկ, հաշվի առնելով, որ Հայաստանի բնակչության զգալի մասը Հայաստանում Գերմանիայի դեսպանություն այցելելու համար հերթի մեջ է, ապա կանխատեսելի է Հայաստանի բնակչության թվի կտրուկ անկում:
Հիշեցնեմ, որ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունն ինքնաշխատ կառույց չէ: Այն ղեկավարվում է Գերմանիայի ԱԳՆ-ի (Auswärtiges Amt) և վերջինիս ղեկավար` Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի (Annalena Baerbock) կողմից: Վերջինների ղեկավարն առայժմ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն է (Olaf Scholz), շուտով` Ֆրիդրիխ Մերցը (Friedrich Merz):
Ահա, այն անձանց շրջանակը, որոնք դե յուրե խոչընդոտում են Հայաստանի բնակչության աճին:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ