Մինչև մեր քաղաքական գիտակցությունն ու մտածողությունը այնքան չզարգանան, որ չշարունակեն պնդել, թե մենք ենք նվաճել մեր անկախությունը, ուրիշ նման հարցերի հետ միասին, մենք չենք կարողանա ո՛չ օբյեկտիվորեն գնահատել մեր վիճակը, և ո՛չ էլ որևէ ռացիոնալ որոշումով փորձել դուրս գալ այս վիճակից։
Այն հանգամանքը, որ առեղծվածորեն բոլոր խորհրդային հանրապետությունները պրակտիկորեն միաժամանակ ստացան իրենց անկախությունը, բացահայտ նշան է, որ դա բոլորից անկախ և ուրիշների կազմակերպած վերից վար պրոցեսի արդյունք էր։
Նույն ձևի, հասարակ մարդկանց կամքից բացարձակապես անկախ որոշումների հետևանք է մեզ հետ տեղի ունեցող ամեն ինչը, քանի որ այն ուրիշ ավելի հզորների կայացրած որոշումների արդյունք է։
Իսկական անկախություն շատ քչերն ունեն և, նույնպես, շատ քչերն են ի վիճակի նվաճել այն։
Նայեք շատ երկրների քանոնով քաշած սահմաններին և կտեսնեք, որ այդ երկրները անկախություն կոչեցյալը ստացել են, ոչ թե նվաճել։
Վեր-վեր թռչելը երբեք իրական ուժին փոխարինել չի կարող, իսկ առողջ դատողությունը և իրատեսությունը զարդարում են մարդկանց, մանավանդ քաղաքական մտքի հետ խաղալու հավակնություն ունեցողներին։
Պավել Բարսեղյան