Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
05.04.2016 | 00:57

Հարգելի նախագահ, այսօր մեր ժողովուրդը պատերազմի մեջ է: Վատ բան է պատերազմը: Այն մահ է, արյուն: Հասկանալի է` սովորաբար նման պայմաններում մարդիկ տխրում են: Ես էլ եմ տխրում, բայց հոգիս լցվում է անսահման ուժով, երբ տեսնում եմ, որ երկրում խուճապ չկա: Որքան էլ զարմանալի թվա, մարդկանց մեջ ոգու, արիության, պատրաստակամության յուրօրինակ դրսևորում է նկատվում: Անգամ այս օրերին հայրենիքի համար ընկածի մայրը չի ողբում, այլ լռելյայն ողջերին կոչ է անում.
-Որդուս արյունը ջուր չէ, հաղթեք թշնամուն:
Սա իսկապես ողբերգականի հերոսական դրսևորում է:
Անշուշտ, դիտելով Անվտանգության խորհրդի Ձեր անցկացրած արտակարգ նիստը, ժողովուրդը համոզվեց, որ Դուք, որպես պատերազմող երկրի նախագահ, որպես պետական գործիչ, Ձեզ պահում եք մեծ զսպվածությամբ, վաղվա հաղթանակը տեսնողի հաստատակամությամբ:
Ոչ մի ավելորդ բառ, ոչ մի անկումային տրամադրություն, ոչ մի պարտվողական կոչ, ինչպես հնչում էր մի ժամանակ.
-Բա մենք կարո՞ղ ենք կռվել յոթմիլիոնանոց Ադրբեջանի դեմ:
Ձեր զսպվածությունն ու անհողդողդ կամքը ժողովուրդն ըմբռնեց և հասկացավ, որ ոչ միայն կարող ենք, այլև այս անգամ պիտի գրավենք Եվլախ կայարանը, որ Բաքուն կտրենք արտաքին աշխարհից:
Ընդամենը երեկ սոցիալական անչափ ծանր վիճակից արդարացիորեն բողոքող, երբեմն էլ հայրենիքի հասցեին զայրույթի պահին կոպիտ խոսքեր շպրտող, անգամ երկրից արտագաղթելու պատրաստվողները մեկեն փոխվեցին, դարձան մեկ միասնական բռունցք` անարգ թշնամուն արժանի հակահարված տալու համար:
Կռվելու պատրաստ հերթագրվող հազարավորները, վիրավոր զինվորներին արյուն տվող երիտասարդությունը, ռազմի դաշտում կռվող զինվորի մասին նյութապես հոգ տանող հազարավոր ընտանիքների ռեալ գործողություններն ասածիս վառ ապացույցն են:
Դժվար է հաղթել այն ժողովրդին, որը ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում անգամ կամավոր կանգնեց ոտքի և ասաց.
-Հայրենիքը վեր է ամեն ինչից:
Եթե խաղաղ պայմաններում հաճախ էին հարցնում, թե որտեղ են ծառայում հարուստների տղերքը, այսօր ժողովուրդը նման հարց չի տալիս, որովհետև գիտակցում է՝ հայրենիքի անվտանգությունը չի կարելի վստահել ամեն մի բաշիբոզուկի, ամեն թալանչու:
Հարգելի նախագահ, ժողովուրդը սպասում է, որ կատարեք իրեն տված խոստումը: Հիշեցնեմ. «...Եթե Ադրբեջանը Արցախի դեմ պատերազմ սկսի, ապա Հայաստանը կճանաչի նրա անկախությունը»:
Հարգելի նախագահ, օգտվեք ժողովրդի այսօրվա դրսևորած միասնությունից: Ճանաչեք Արցախի անկախությունը: Հավատացեք, ոչ մի ուժ չի կարող կոտրել մեր ազգի միասնության ոգին:
Աստված պահապան հայոց բանակին:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 4090

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ