ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

ՈՒժերի համաշխարհային դինամիկան և հայ-ռուսական հարաբերությունները

ՈՒժերի համաշխարհային դինամիկան և հայ-ռուսական հարաբերությունները
19.01.2025 | 11:16

Ընդհանուր առմամբ, Հայաստանի ու Ռուսաստանի իրարից հեռանալը թելադրված է օբյեկտիվ հանգամանքներով, որոնք, մեծ հաշվով, պայմանավորված են ուժերի համաշխարհային դինամիկայով։

Ժամանակին Պուտինը, ղեկավարվելով Չինաստանի կողմից եկող պոտենցիալ վտանգով և դեռևս հավատալով, որ Արևմուտքի հետ հնարավոր է իրավահավասար մերձեցում, բազմիցս փորձեց գնալ դեպի Արևմուտք։

Այդ բոլոր փորձերը ձախողվեցին, քանի որ Արևմուտքը խորին արհամարհանք ուներ Ռուսաստանի նկատմամբ, որպես քաղաքակրթական ուժի, և նրան պետք էին միայն Ռուսաստանի ռեսուրսները՝ Չինաստանի դեմ սպասվող մեծ կռվում։

Սա Արևմուտքի շատ մեծ սխալն էր, որը Պուտինին ստիպեց խաղաքարտերը բացել 2007-ին՝ Մյունխենում ունեցած ելույթով։

Դրանից բացի, կանգնած լինելով գոյաբանական բնույթի պրոբլեմների առաջ, Ելցինի վարած տխմար քաղաքականության և Արևմուտքի ու Արևելքի կողմից ճնշման պայմաններում, Պուտինը սկսեց խորհրդայինից մնացած կիսատ-պռատ զինատեսակային նախագծերը ֆինանսավորել ու շարունակել և, երկրորդ ու մեզ համար շատ կարևոր հանգամանք, ապագա ամենամեծ վտանգի դեմն առնելու համար սկսեց սիլի-բիլին ու մերձեցման փորձերը թուրքերի հետ, որպես մեծությամբ իր դեմ ուղղված երրորդ ուժի։

Այս պայմաններում և դրանց զուգահեռ՝ Հայաստանը վարում էր իր միամիտ կոմպլիմենտար քաղաքականությունը, որը երկու մորից կաթ ծծելու գավառական լոգիկայի հետևանքն էր ու նաև ադեկվատ չէր եղած ուժային և գոյաբանական դաշտում։

Մեր այս քաղաքականության շատ լուրջ և ռուսներին զգաստացնող հանգամանք եղավ Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը թուրքերի հետ, որում ռուսները քշված էին մի կողմ և շատ դժգոհ էին, քանի որ այն բացահայտորեն դեմ էր իրենց շահերին։

Չնայած այն բանին, որ ֆուտբոլային քաղաքականությունը ոչ մի արդյունք չտվեց, ռուսները հասկացան, որ թուրքերի հետ սիլի-բիլիի մի մասն էլ կարելի է կառուցել հայերի շահերի հաշվին, մի բան, որի նկատմամբ թուրքերը շատ զգայուն էին։

Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակասությունների սրման պայմաններում տեղի ունեցան Վրաստանի դեպքերը, որոնք Աբխազիայից ու Հարավային Օսիայից բացի ունեցան շատ կարևոր մեկ այլ հետևանք՝ ռուսները տեսան, որ Արևմուտքը բացահայտորեն խուսափեց իր հետ առճակատման գնալուց։

Դրան հետևած ուկրաինական ավելի ու ավելի ուժեղացող պրոցեսները ցույց տվեցին, որ Արևմուտքը Ռուսաստանի դեմ պայքարում շեշտը դնելու է պրոքսի մեթոդներով վերջինիս խեղճացնելու վրա։

Դրան հետևեցին Յանուկովիչի տապալումը, Ղրիմը և Դոնբասը, որոնք ռուսներին ստիպեցին շատ արագ փոխել շեշտադրումներն իրենց արտաքին քաղաքականության ոլորտում, ներառյալ՝

1․ Չինաստանի հետ արագացված մերձեցումը,

2․ Թուրքերի կողմից վտանքի չեզոքացումը, նրանց արած մեծ ստորությունների դիմաց մեծամեծ նվերներ տալով, որոնցից մեկն էլ եղավ Արցախը։

Բայց պետք է ասել, որ մինչև վերջ էլ ռուսները փորձում էին գտնել իրենց համար ավելի հարմար լուծում՝ Լավրովի պլանով պահպանելով Արցախը, բայց թուրքերի ճնշման ու մերոնց արած բացահայտ սխալների պատճառով դա չհաջողվեց նրանց։

Այնուհետև սկսվեց ուկրաինական պրոքսի պատերազմը, որը ստիպեց ռուսներին ավելի խորացնել իրենց նոր շեշտադրումներն ու տենդենցները։

Ներկա իրավիճակում՝ Սիրիայի կորստի, ՈՒկրաինայում հաջողությունների, Թրամփի իշխանության գալու հետ կապված անորոշությունների և Չինաստանի ու Իրանի հետ ավելի մերձեցման պայմաններում ռուսները բազմիցս նշել են, որ իրենք Հարավային Կովկասից հեռանալու միտք չունեն։

Բայց, մյուս կողմից էլ, երբեք աշխարհի ճակատագիրը այսքան անորոշություններ չի ունեցել, որոնց լուծումն ուժեղների կողմից, ինչպես միշտ, այնպես էլ հիմա, կլինի թույլերի ու կիսաուժեղների շահերի հաշվին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3391

Մեկնաբանություններ