ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՈՒկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Լավրովի խոսքով՝ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «եվրոպացի հովանավորներն ու տերերը» փորձում են համոզել ամերիկացիներին փոխել իրենց դիրքորոշումը և հրաժարվել «երկարաժամկետ կարգավորման» ձգտումից՝ անտեսելով հակամարտության արմատական պատճառները։               
 

Դասականների դասը

Դասականների դասը
21.10.2025 | 13:18

Աղասի Այվազյան

Հայ հայը

Կա սևահեր հայ և կա շիկահեր հայ, կա տաքարյուն հայ և կա սառնասիրտ հայ, կա գործարար հայ և կա անօգնական հայ, կա արագաշարժ հայ և կա դանդաղկոտ հայ…

Բայց կա մեկը ևս, որ իմ մեջ մի մխմխացող զվարթակերպ ինքնություն է առաջացնում:

Դա Հայ հայն է:

Նա երբեք չի մտածում, թե ինքն ինչ է, այնպես, ինչպես երբեք մարդ չի խորհում, որ ինքը երկու ոտք ունի, երկու ձեռք, մի քիթ և մի բերան… Երբեմն ինձ թվում է, որ նա հենց այդպես՝ առանց վերլուծելու, առանց գնորոշելու, գիտե մի բան, որ իմ մանրահետող խելքով չեմ կարողանում ըմբռնել, իմանալ կյանքիս երկար տարիների ներչարչարելի վերլուծումներից հետո:

Հայ հայը երբեք չի վհատվում. ամեն ինչ նրա շուրջն է, ամեն ինչ իրենն է, և ինքը ոչինչ չունի:

․․․Կա գերազանց հայ, կա տարօրինակ հայ, կա ծուռ հայ և կա միջակ հայ. միջակը միջակությունից տարբեր է:

Միջակությունը իր համար նպաստավոր օրերին երկու թևերը լայնորեն տարածում է ուղեփակոցի պես և մնացածին պահում իր թևերի ետևում. միայն իր չափով, միայն իր լայնությամբ ու երկարությամբ: Կեցության փորձված ձևն է, զզվեցնելու չափ ծանոթ ու կրկնված: Ու նա համապատասխանում է մեծ կայսրություններին, իսկ փոքրիկ երկիրը միշտ մազից է կախված, ու այդ մազի ծայրին և՛ գերազանցն է, և՛ տարօրինակը, և՛ ծուռը, և՛ անօգնականը, ու նաև բարձրաստիճան միջակությունը: Եվ երբ նեղ օրերին քո վրա արշավում են ոսոխի գերազանցներն ու տարօրինակները, ունակներն ու կամայինները, նրանց դիմակայելու պետք է որ դուրս գան տարիների ընթացքում միջակության ուղեփակոցի ետևում հավաքած միջակությունները:

․․․ Հայ հայը կմնա մենակ: ՈՒ նա չի նկատի, որ մենակ է, ու նրա դեմքին, ի զարմանս իմ՝ հոգի տնտղողի ջանքերի, ժպիտ կլինի, ոչ թե կեղծ կենսահաստատման, ի հեճուկս, ոչ թե միտումնավոր, այլ նախեղակ ժպիտ, Հայ հայի աներկբայության ժպիտ, որի նպատակն ու իմաստը այնքան էլ հեշտ չէ վերծանել: Ի՞նչ գիտե նա՝ Հայ հայը: Երևի ինչ-որ բան գիտե… Թեև նրա մենակությունը հիմիկվանից ուզում եմ ողբալ, բայց ես համոզված եմ, որ արժե միայն նրա կողքին մի քանի ժամ մնալ, ու իմ ողբը հօդս կցնդի՝ անբնական ու անխոհեմ դառնալով:

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 216

Մեկնաբանություններ