ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Էլպիս Կեսարացյան. Էսսեներ, բանաստեղծություններ, նամակներ»

«Էլպիս Կեսարացյան. Էսսեներ, բանաստեղծություններ, նամակներ»
28.05.2025 | 19:35

Գրական կյանքում նշանակալի իրադարձություն է այս տարվա մայիսին լույս տեսած` Նաիրա Համբարձումյանի «Էլպիս Կեսարացյան. էսսեներ, բանաստեղծություններ, նամակներ» գիրքը:

Այն հայ գրականագիտության և պատմագրության մեջ նոր շրջան է բացում՝ նվիրված արևմտահայ մտավորական, առաջին կին խմբագիր և կանանց իրավունքների պայքարի նշանավոր դեմք Էլպիս Կեսարացյանի (1830–1913) կյանքին ու ստեղծագործական ժառանգությանը:

Սա առաջին գիրքն է արևմտահայ կին մտավորականի մասին, որ համակարգված կերպով վերլուծում է նրա գրական, հրապարակախոսական և հասարակական գործունեությունը՝ ներառելով գրողի անտիպ բանաստեղծությունները, նամակները և էսսեները։

Գրքի հեղինակը շարադրում է, թե ինչպես է Կեսարացյանը Օսմանյան կայսրության բռնապետական պայմաններում դարձել հայ կանանց ազատագրական շարժման սկզբնավորողը:

ԿԵՍԱՐԱՑՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Գրքում կարմիր թելով անցնում է Կեսարացյանի «Կիթառ» հանդեսի մասին խորը, համապարփակ վերլուծությունը (1862–1863): Այն համարվում է կանանց իրավունքներին նվիրված առաջին հայկական պարբերականը: Համբարձումյանը մանրամասն վերլուծում է հանդեսի բովանդակությունը՝ ցույց տալով, որ այն ոչ միայն արձագանքել է Թանզիմաթի բարեփոխումներին (1839, 1856) և Հայոց Ազգային Սահմանադրությանը (1863), այլև հանդես է եկել որպես կանանց հասարակական դերի վերաիմաստավորման հարթակ։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Կեսարացյանի՝ կրթության, աշխատանքի իրավունքի և ազգային ինքնության շուրջ գաղափարներին։ Նրա հայտնի արտահայտությունը՝ «Կանայք նման են սոխակների, որոնք փոխանակ ինքնուրույն երգեն, թույլ են տալիս երգել և հպարտությունից փքվել ագռավ–տղամարդկանց», արտացոլում է ֆեմինիստական տեսակետների արմատականությունը։

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

Համբարձումյանը հիմնվել է արխիվային նյութերի, մամուլի հատորների (ներառյալ «Կիթառը»), ժամանակակիցների վկայությունների և համեմատական վերլուծության վրա:

«Կիթառը» զուգահեռաբար դիտարկվում է Զմյուռնիայի «Հավերժահարս» հանդեսի (1862) հետ։ Եթե վերջինս ունեցել է ժամանցային բնույթ, ապա «Կիթառը» տարբերվել է գաղափարական հստակ ուղղվածությամբ և կանանց կրթության ու հասարակական մասնակցության թեմաների խորությամբ: Գրքում հարուստ վավերագրական նյութեր է հավաքված, ներկայացված են Կեսարացյանի նամակների ժողովածուն («Նամականի առ ընթերցասէր հայուհիս», 1879), ինչպես նաև անհայտ բանաստեղծություններ՝ տեղադրված ժամանակի սոցիալ-քաղաքական համատեքստում:

Պատմական և ժամանակակից համատեքստում հեղինակը բացահայտում է Օսմանյան կայսրությունում հայ կանանց դեմ գործած ճնշումները, գրաքննությունը և հայրիշխանական կարծրատիպերը, որոնց դեմ պայքարել է Կեսարացյանը։

Միաժամանակ շեշտվում է, որ «Թանզիմաթի» բարեփոխումները ստեղծել են հնարավորություններ կանանց ակտիվության համար, սակայն «Կիթառի» փակումը պայմանավորված է եղել ֆինանսական և քաղաքական ճնշումներով: Գիրքը նաև ակնարկում է ժամանակակից Հայաստանում գենդերային հավասարության պայքարի կարևորությունը՝ Կեսարացյանի գաղափարները դիտարկելով որպես ժամանակակից հասարակության համար օրինակելի:

Գիրքը կառուցված է գիտական արժեքավոր հենքի վրա, առկա է ժանրային բազմազանություն, տեքստերը խմբավորված են ըստ ժանրի (էսսեներ, բանաստեղծություններ, նամակներ) և թեմատիկայի: Պահպանված է ակադեմիական կարգապահությունը: Հեղինակը հիմնվել է Վիեննայի Մխիթարյանների արխիվի, Թեոդիկի աշխատությունների և ժամանակակից մամուլի վրա՝ խուսափելով ենթադրություններից:

Գիրքը հրատարակել է «Էդիթ-պրինտ» հրատարակչությունը (272 էջ)՝ Յովսէփ և Գարոլին Նալպանտեանների հովանավորությամբ։

Գրախոսներն են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալբերտ Խառատյանը և պատմաբան Գևորգ Ստեփանյանը:

Նաիրա Համբարձումյանի աշխատությունը ոչ միայն լրացնում է հայ գրականության և կանանց պատմության բացը, այլև հիմք է հանդիսանում հետագա ուսումնասիրությունների համար։

Էլպիս Կեսարացյանի ժառանգությունը, որը տասնամյակներ շարունակ մնացել է անտեսված, այսօր վերագնահատվում է՝ դառնալով հայ ֆեմինիզմի սկզբնավորման խորհրդանիշ:

Հայ ԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 1136

Մեկնաբանություններ