Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

Հայ Առաքելական Եկեղեցու ինստիտուցիոնալ թուլացումը հավասարազոր է ազգային դիմադրողականության կորստին

Հայ Առաքելական Եկեղեցու  ինստիտուցիոնալ թուլացումը հավասարազոր է ազգային դիմադրողականության կորստին
24.10.2025 | 16:18

Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ընթացող գործընթացները այլևս մտնում են վճռորոշ փուլ։ Սա պետականորեն ծրագրավորված և ուղղորդված քաղաքական օրակարգ է, որի նպատակն է պառակտել Հայ Առաքելական Եկեղեցին և ձևավորել նրա ներսում վերահսկելի ենթակառուցվածք՝ ենթարկված քաղաքական իշխանությանը։

Հոկտեմբերի 26-ին Հովհանավանքում նախատեսվող պատարագը, որը կատարվելու է կարգալույծ քահանայի կողմից և որին հայտարարել է, թե կմասնակցի Հայաստանի վարչապետը, այդ գործընթացի խորհրդանշական մեկնարկն է։ Սա պարզապես հոգևոր արարողություն չէ․ սա փորձ է՝ պետական հովանավորությամբ լեգիտիմացնել Եկեղեցու հակաիրավական տրոհումը և օրինական տեսք տալ ազգային ինստիտուտի ապակայունացմանը։

Այս քայլը վտանգավոր է ոչ միայն հոգևոր դաշտի, այլև ազգային անվտանգության և ինքնության պահպանման տեսանկյունից։ Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի քաղաքակրթական հիշողության կրողը, մեր լեզվի, մշակույթի և պետականության գոյատևման խարիսխը։ Նրա ինստիտուցիոնալ թուլացումը հավասարազոր է ազգային դիմադրողականության կորստին։

Արտաքին համատեքստն էլ առավել քան հստակ է։ Թուրքական աշխարհաքաղաքական մտածողության համար Հայ Առաքելական Եկեղեցին եղել է և մնում է գլխավոր խոչընդոտը՝ հայ ժողովրդի հոգևոր և մշակութային կլանման ճանապարհին։ Եվ այսօր, երբ օրվա իշխանությունը գիտակցաբար ներգրավվում է Եկեղեցու դեմ ուղղված գործընթացներում, այն գործում է հենց այդ նույն տրամաբանության սահմաններում՝ հայ ժողովրդի պատմական պաշտպանական կառույցի ներսից ապամոնտաժման ճանապարհով։

Սա այլևս գաղափարախոսական կամ կուսակցական հարց չէ։ Սա մեր հավաքական գոյության, ազգային հիշողության և քաղաքակրթական դիմադրության հարցն է։

Եկեղեցուն պաշտպանելը նշանակում է պաշտպանել այն հիմքերը, որոնց վրա կանգնած է Հայաստանը՝ իր հավատքով, իր պատմությամբ և իր արժանապատվությամբ։ Եկեղեցուն պաշտպանել նշանակում է պաշտպանել Հայաստանը։

Լռությունը այս դեպքում այլևս չեզոքություն չէ՝ այն համաձայնություն է սեփական ինքնության քայքայման հետ։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 207

Մեկնաբանություններ