«Պատվիր քո հորն ու մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարերար այն երկրի վրա, որ Տեր Աստված տալու է քեզ»
Մի աչքաբաց և գործունյա երիտասարդ Ամերիկա հասնելով բավական լավ գործի մեջ է մտնում և, մեծահարուստ դառնալով, տեր է լինում տասներկու առանձնատների: Երջանիկ ընտանիք է կազմում ու տարիներ հետո, լսելով թե իր մայրը մահամերձ է, շտապում է ու հասնում նրան: Վաճառում է խեղճ կնոջ մի սենյականոց բնակարանը, տան կարասին՝ երկու աթոռ ու մի մահճակալ: Չէ՞ որ, լինելով միակ զավակը, ինքը պիտի մտածեր իր մորը մի լավ ծերանոցում տեղավորելու մասին, երբ որ նա հիվանդանոցից տուն վերադառնար: Ու այսպես երիտասարդը մեկնում է: Իսկ մահից ապաքինում չկա:
Պատվիր հորդ և մորդ
Աշխարհում չկա ավելի մեծ ուրախություն և ցնծություն, քան զավակի ծնունդը: Նա շարունակությունն է մեր կյանքի, խորհրդանիշը՝ անմահության: Թող հնչեն զվարթ երգերը, կարմիր հեղուկից թող պայթեն գինու բաժակները և «յոթը զավակով սեղան նստես»-ը թող մաղթի բարյացակամ հարևանը՝ բաժակաճառ ասելով, իսկ հետո… Հետոն կարևոր չէ: Աստված մեծ է:
Լսե՞լ եք առակը, երբ էշին ավետիս են տալիս, թե «ցնծա և ուրախ եղիր, մեծ նվեր տուր, որովհետև քեզ մի զավակ ծնվեց»: Նա, փոխանակ ուրախանալու, տխրությամբ պատասխանում է. «Վա՜յ ինձ, բարեկամներ, եթե հարյուր զավակ էլ ծնվեն, իմ մեջքիս բեռան ծանրությունը չեն թեթևացնի»:
Վա՜յ ապիկար, անպետք, չար ու անհոգի զավակ ունեցողին, որովհետև նրանք մեծանալով իրենց ծնողներին ուրախություն ու հանգիստ չպիտի պարգևեն, այլ միայն ու միայն մտահոգություն: Անշուշտ սա բոլոր զավակներին չի վերաբերում, կան իհարկե հրաշալի, սիրող, օգնող, հասնող երեխաներ: Հազար փառք այդպիսի զավակներին:
Մեծանուն մի մանկավարժի հարցնում են, թե ե՞րբ է լավագույն տարիքը սկսելու զավակի դաստիարակությունը: Նա էլ իր հերթին հարցնում է. «Իսկ քանի՞ տարեկան է ձեր երեխան»: «Ընդամենը մէկ տարեկան»,- պատասխանում է մայրը: «Ուրեմն, տիկին, դուք մեկ տարի արդեն ուշացել եք»,- պատասխանում է մանկավարժը: Այսինքն, մայրը իր երեխային պիտի դաստիարակի ինը ամիս իր մեջ եղած ժամանակ և իր անձնական օրինակով, որպեսզի երեխան ծնվելուց հետո շարունակի մոր կյանքը:
Հովհաննես Երզնկացին ասում է. «Աստծուց հետո, ծնունդի պատճառ ու միջոցներ են ծնողները և որպես մարմնավոր աստվածներ են իրենց զավակների համար, որովհետև ծնում են, սնուցում և կյանք պարգևում»:
Մեր ծնողները երկրի վրա Աստծու փոխանորդներն են:
Սիրելի զավակներ, սիրե’ք ձեր ծնողներին, հարգեք ու պատվեք նրանց, քանի նրանք կենդանի են ու կարիք ունեն ձեր քաղցր խոսքին, անուշ ժպիտին ու մանավանդ ձեր ներկայության: Նրանց մեռնելուց հետո ի՞նչ փույթ բոլոր տեսակի ճոխությունները:
«Պատվիր քո հորը և մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված տալու է քեզ»: