Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Պատրիարքի ընտրություն Երուսաղեմի նվիրապետական աթոռում

Պատրիարքի ընտրություն Երուսաղեմի նվիրապետական աթոռում
23.01.2013 | 15:42

2012-ի հոկտեմբերին Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի վախճանից հետո Երուսաղեմի հայոց պատրիարքարանը` պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի գլխավորությամբ, հունվարի 23-24-ին միաբանական ժողովում ընտրելու է նոր պատրիարք:

1700-ամյա պատրիարքարանի ղեկավարի ընտրության կարգը շատ պարզ է` թեկնածուներ չեն առաջադրվում, 35 տարեկանից սկսած վարդապետներն ու եպիսկոպոսները թեկնածու են համարվում: Միաբանական ժողովում միաբանները քվեաթղթի վրա նշում են նախընտրելի հինգ անունները: Առավելագույն քվեներ ստացածները կազմում են առաջին հինգ թեկնածուների ցուցակը: Հաջորդ օրը` ընտրության բուն նիստում, միաբանությունը միանուն քվեով ընտրում է պատրիարքին ձայների մեծամասնությամբ: Պատրիարքի ընտրության համար հատուկ հանձնաժողով չի կազմվում, պատրիարքության վարչական մարմնի 8 անդամները կատարում են հանձնաժողովականների գործը: Ընդունված է, որ Երուսաղեմի պատրիարք ընտրվում է միաբանության անդամը, սակայն պատմության մեջ եղել են դեպքեր, երբ միաբանության անդամ չեղող հոգևորական է պատրիարք ընտրվել: Այս դեպքում նա ընտրությունից առաջ դարձել է միաբանության անդամ` բոլոր միաբանների համաձայնությամբ:
Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկին հավակնող հիմնական թեկնածուներ, նախնական տեղեկություններով, կլինեն պատրիարքական տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը, լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Բաբկեն ծայրագույն վարդապետ Անուշյանը և ԱՄՆ-ի Հայոց արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը: Երուսաղեմի պատրիարքի ընտրության հարցում Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը նախապատվելի թեկնածու չունի: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն հեր Վահրամ քահանա Մելիքյանի փոխանցմամբ` ցանկալի է, որ Երուսաղեմի միաբաններն ընտրեն նախանձախնդիր անձի. «Մայր Աթոռը յուրաքանչյուրին կողջունի և վստահ է, որ միաբանությունը ճիշտ որոշում ընդունի կարևորագույն այս հարցում»: Ընտրությունը, հիշեցնեմ, հաստատում են Ամենայն հայոց կաթողիկոսը և Երուսաղեմի իշխող ղեկավարը:


Պատրիարքի թեկնածուների կենսագրությունները


Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյան

Արիս եպիսկոպոս Շիրվանյանը (ավազանի անունով` Արմենակ) ծնվել է 1934 թ. հուլիսի 23-ին Հայֆայում (Պաղեստին, այժմյան Իսրայելի տարածք): Նա Հովհաննես և Լուսաբեր Շիրվանյանների որդին է: Նախնական կրթությունը ստացել է Հայֆայի Սուրբ Եղիա նախակրթական դպրոցում, ապա` Լիբանանի Բուրջ Համուդի Սրբոց Քառասուն Մանկանց վարժարանում:
1952 թ. ընդունվել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սրբոց ժառանգավորաց վարժարանը, որն ավարտել է 1957 թ.` դառնալով Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ:
1954 թ. ձեռնադրվել է սարկավագ` ձեռամբ այն ժամանակ Երուսաղեմի պատրիարքական հեղապահ Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի:
1957 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի և ստացել Արիս անունը:
Ձեռնադրվելուց հետո հայր սուրբը մեկ տարով ծառայության է նշանակվել Երուսաղեմում` որպես Ժառանգավորաց վարժարանի փոխտեսուչ և դասախոս` միևնույն ժամանակ դառնալով Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի գավազանակիրը:
1958 թ. ծառայել է Ամմանի (Հորդանան) հայկական եկեղեցում` որպես հոգևոր հովիվ: Հավատացյալներին իր ծառայությունը մատուցելուց զատ, եղել է նաև տեղի Հեթումյան հայկական դպրոցի տնօրեն:
Շարունակելով կրթությունը` նա ընդունվել է Դարեմի համալսարանը (Անգլիա) և ուսանել է հիշյալ համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում մինչև 1964 թ.` ստանալով աստվածաբանության բակալավրի աստիճան:
Համալսարանն ավարտելուց հետո Ամենայն հայոց երջանկահիշատակ Վազգեն Ա. կաթողիկոսի հրավերով առաջին անգամ այցելել է Հայաստան ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այդ ընթացքում Ասողիկ եպիսկոպոս Ղազարյանի կողմից ստացել է վարդապետության աստիճան:
1964-66 թթ. շարունակել է ուսումը Փարիզի կաթոլիկ համալսարանում` խորացնելով աստվածաբանական գիտելիքները:
1966 թ. Հայ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Թորգոմ եպիսկոպոս Մանուկյանի կողմից ծառայության է հրավիրվել Լոս Անջելեսի Ս. Հակոբ հայկական եկեղեցի` որպես հոգևոր հովիվ: Հայր Արիսի ջանքերով 1970 թ. ծխի համար կառուցվեց և օծվեց մի սրբատեղի:
1972 թ. Հայ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանի կողմից ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան, ապա Վազգեն Ա. կաթողիկոսի հրավերով վերադարձել է Հայաստան, երկու տարի դասախոսել Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, պաշտոնավարելով ճեմարանում` նախ որպես փոխտեսուչ, ապա` տեսուչ:
1974 թ. սեպտեմբերին եպիսկոպոս է օծվել ձեռամբ Վազգեն Ա. Վեհափառի: Այնուհետև, 1975 թ. որպես փոխանորդ մեկնել է Կանադա, ուր մնացել է մինչև 1979 թ.:
Այդ ժամանակաշրջանում նա զգալի աշխատանք է տանում Կանադայի Հայոց թեմի ստեղծման ուղղությամբ, նոր ծխեր է հիմնում Համիլթոնում և Օտտավայում: Սրբազանը Տորոնտոյում հիմնել է առաջին հայկական Սուրբ Խաչ տարրական դպրոցը:
1979-1980 թթ. Վազգեն Ա կաթողիկոսի կողմից որպես Հայրապետական Պատվիրակ ծառայության է ուղարկվում Հնդկաստան` պաշտոնավարելով նաև իբրև Կալկաթայի հայկական վարժարանի տեսուչ:
Այնուհետև որպես այցելու հովիվ իր կարճատև ծառայությունն է բերել Շվեդիայի և Գերմանիայի հայ հավատացյալներին:
Սան Ֆրանցիսկոյում գտնվելու տարիներին սրբազանը մեծ դեր է ունեցել հայ համայնքի տարբեր եկեղեցիների ու կազմակերպությունների ջանքերի միավորման միջոցով Սան Ֆրանցիսկոյի «Mount Davidson» Խաչը ձեռք բերելու գործում, որը հաջողվեց գնել և նվիրել 1915 թ. Հայոց Մեծ եղեռնի 1.5 մլն զոհերի հիշատակին: Արիս սրբազանը նախագահեց Հյուսիսային Կալիֆոռնիայի հայ-ամերիկյան կազմակերպությունների խորհուրդը, որը հայկական ոչ շահութաբեր 24 գործակալություններ է ներկայացնում: Ժողովի ժամանակ սրբազանին հաջողվեց Սան Ֆրանցիսկոյի քաղաքացիների քվեարկության միջոցով ձեռք բերել այն հողատարածքը, որտեղ պետք է կառուցվեր խաչը:
Արևմտյան թեմում երկու անգամ գտնվելու ընթացքում էլ Արիս սրբազանը եղել է թեմական խորհրդի և թեմական մի քանի հանձնաժողովների (ամառային ճամբար և այլ հանձնաժողովներ) անդամ և նախագահ:
Երուսաղեմի պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով Արիս սրբազանը վերադարձել է Երուսաղեմ, ուր 1998-1999 թթ. պաշտոնավարել է իբրև Ժառանգավորաց վարժարանի տեսուչ:
2006-ին Արիս եպիսկոպոսը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական կոնդակով ստացել է արքության պատիվ:
Այժմ Երուսաղեմի Հայոց պատրիարքության էկումենիկ և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրենն է: Արիս սրբազանը Պատրիարքության պաշտոնական մամլո խոսնակն է: Նա նաև աստվածաբանություն է դասախոսում Սրբոց Ժառանգավորաց վարժարանում։


Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյան

Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը ծնվել է 1951 թ. Թուրքիայի Սղըրթ բնակավայրում: Նախական կրթությունը ստացել է Ստամբուլի Ս. Խաչ դպրեվանքում, ապա մեկնել է Երուսաղեմ, ուսանել Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարանում և ընծայարանում:
1968 թ. ձեռնադրվել է սարկավագ:
1971 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
1971-1974 թթ. աշխատել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում որպես թարգմանիչ, ապա ուսուցիչ` դպրեվանքում:
1974-1975 թթ. ծառայել է Ստամբուլի եկեղեցիներում` որպես քարոզիչ:
1980-1992 թթ. վարել է Շվեյցարիայի հայ համայնքի հոգևոր հովվի պաշտոնը:
1992 թ. ձեռնադրվել է եպիսկոպոս` ձեռամբ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի:
1992-1996 թթ. Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդն էր:
1997-1999 թթ. Ամերիկայի Արևելյան թեմի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Երևանի գրասենյակի տնօրենն էր:
1985-1991 թթ. եղել է Մայր Աթոռի ներկայացուցիչը Եկեղեցիների համաշխարհային խորհրդում` կենտրոնական վարչության մեջ:
1994-1995 թթ. օգնականն էր Ամենայն Հայոց կաթողիկոսական տեղապահ ամենապատիվ Տ. Թորգոմ պատրիարք Մանուկյանի:
Վիգեն սրբազանը ուսանել է Քենթրբերիի Սուրբ Օգոստինոս քոլեջում, Աստվածաբանության պսակավորի աստիճան է ստացել Լոնդոնի Գինկս քոլեջում, իսկ դոկտորի աստիճան` Շվեյցարիայի Ֆրիբուրկ կաթոլիկ համալսարանում: Նա Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի պատվավոր դոկտոր է:
2006-ին Վիգեն եպիսկոպոսը Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական կոնդակով ստացել է արքության պատիվ:
Այժմ Վիգեն սրբազանը Հայաստանյայց եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի թեմական պատվիրակն է ԱՄՆ-ի Վաշինգտոն մայրաքաղաքում և միաժամանակ թեմի Միջեկեղեցական հարաբերությունների տնօրենը: Ամերիկայի եկեղեցիների խորհրդի կենտրոնական վարչության քարտուղարն է, իսկ վերջին չորս տարիներին նա աշխատում է Միացյալ Նահանգներում գտնվող Հաբիտատի և Հայաստանի Հաբիտատի համար` տներ կառուցելով:


Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան

Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը (ավազանի անունը` Պողոս) ծնվել է 1948 թ. հուլիսի 22-ին, Հալեպում: Նախնական կրթությունը ստացել է Հալեպի Հայկազյան վարժարանում:
1961 թ. ընդունվել է Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի դպրեվանքը:
1966 թ. ընդունվել է Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց ժառանգավորաց վարժարանը:
1968 թ. հուլիսի 27-ին ձեռնադրվել է սարկավագ:
1971 թ. հունիսի 15-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Եղիշե պատրիարք Տերտերյանի` վերակոչվելով Նուրհան աբեղա:
1971-1972 թթ. Ժառանգավորաց վարժարանի փոխտեսուչն էր: 1975 թ. նույն վարժարանի տեսուչն էր:
1972-1973 թթ. նշանակվել է Շվեյցարիայի (Ժնև) հայոց թեմի հոգևոր հովիվ:
1973-ին ստացել է վարդապետական աստիճան:
1974-1980 թթ. Իսրայելի (Հայֆա-Յաֆա) հոգևոր հովիվն էր:
1980-ին Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով մեկնել է Նյու Յորք, ուսանել եպիսկոպոսական Ընդհանուր աստվածաբանական ճեմարանում և ավարտել եռամյա դասընթացը:
1994-ին եղել է Հյուսթընի (Թեքսաս նահանգ) Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ:
1998-ին Հայր Նուրհանն ընտրվել է Երուսաղեմի Ս. Աթոռի լուսարարապետ:
1999 թ. դեկտեմբերի 14-ին ձեռամբ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս:
2009 թվականին Երուսաղեմի Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը գերաշնորհ Տեր Նուրհան արքեպիսկոպոսին նշանակեց պատրիարքական փոխանորդ: Նա այժմ ծառայում է որպես պատրիարքարանի գործերի կառավարիչ:

Լուսանկարներ

. .
  • Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյան
  • Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյան
  • Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան
Դիտվել է՝ 7270

Մեկնաբանություններ