Ինչ գրեցի`գրեցի
Իսրայելն ապրում է հինգ հազար յոթ հարյուր յոթանասուներեք թվականը իր գոյության: Մայիսի երեքի Երուսաղեմում, ինչպես ամբողջ աշխարհում, ուրբաթ էր: Բայց իսրայելյան ուրբաթն ամբողջ աշխարհից տարբերվում է, որովհետև ուրբաթը նախորդում է շաբաթին, իսկ շաբաթն Իսրայելը հինգ հազար յոթ հարյուր յոթանասուներեք տարի ապրում է ամբողջ աշխարհից տարբեր: Բայց դա շատ հին պատմություն է, որ Ավագ շաբաթվա հետ կապ չունի: Սիոն լեռը Աստծո սիրած լեռն է, ու եթե աշխարհն Աստծո աչքն է, Սիոնը աչքի բիբն է՝ այդպես են ասում Երուսաղեմում: Սիոն լեռան վրայի սրբավայրերը արդեն ամեն ինչ ասում են իրենք իրենց մասին: Խորհրդավոր ընթրիքը հիշու՞մ եք, այսօր վերջին այդ ընթրիքի, որն այն ժամանակ բոլորովին էլ խորհրդավոր չի կոչվել, վայրում Վերնատունն է՝ սրբավայր, որ բազում դարերի մեջ բազում փորձությունների է ենթարկվել: Հիսուսն ասում է, որ իրեն մատնելու է նա, ով իր աջ կողքին է նստել, ու Հուդան հարցնում է՝ մի՞թե ես եմ քեզ մատնելու: Հիմա Վերնատան այն սենյակում, որտեղ վերջին անգամ միասին են եղել Հիսուսն ու իր աշակերտները, նաև մուսուլմանական սրբատեղի կա, ու դարերի պատմությունը չես սրբագրի: Դավիթ մարգարեի գերեզմանը ևս Սիոն լեռան վրա է: Իսկ մի քանի քայլ այն կողմ Սուրբ Աստվածածնի Ննջման եկեղեցին է, որտեղ քրիստոնյա բոլոր ժողովուրդներն ունեն իրենց խորանները: Եկեղեցին իրոք սքանչելի է ոչ միայն իր պատմությամբ, ողջ քաղաքի վրա իշխող դիրքով, ճարտարապետությամբ ու խորհրդով, այլև ամբողջացնում է քրիստոնեության պատմության տրամաբանությունը, պատմությունը սկսում է սկզբից ու շարունակում ավարտից հետո՝ Տիրամայրը վախճանվում է վաթսուն տարեկանում, որդուց հետո, երբ արդեն բոլոր աշակերտները ցրվել էին աշխարհով մեկ: Նրա մահվան նախորդ օրը աշակերտները, որ արդեն առաքյալներ էին դարձել, առանց մեկմեկու տեղեկացնելու, հավաքվում են, Հայաստանից չի գալիս միայն Բարդուղիմեոսը: Նա ուշանում է ու երբ հասնում է, Տիրամորը գտնում է վախճանված, բայց որովհետև շատ էր ցանկանում նրան տեսնել, գերեզմանը բացում են ու տեսնում են, որ Տիրամայրը համբարձվել է նաև մարմնով: Ու նրա համար ոչ թե հրեշտակները, այլ Հիսուսն ինքն է գալիս: Բարդուղիմեոսին ի մխիթարություն տալիս են այն կտավը, որ Տիրամայրը հպել էր դեմքին ու որի վրա նկարվել էր նրա դեմքը, որովհետև առաքյալները որքան էլ փորձում էին, չէին կարողանում Տիրամորը նկարել: Բարդուղիմեոսը կտավը բերում է Հայաստան:
Սիոն լեռան վրա նաև Պետրոս առաքյալի զղջման եկեղեցին է: Մինչև աքաղաղի կանչը Պետրոսը հասցնում է երեք անգամ հրաժարվել իր ուսուցչից ու նրա եկեղեցու վրա խաչի հետ նաև աքաղաղ կա: Հիսուսը, իհարկե, ասել էր, որ նա երեք անգամ հրաժարվելու է իրենից, բայց նաև ասել էր, որ Պետրոսն իր եկեղեցու վեմն է դառնալու ու Պետրոսին է հանձնում բանալիները: Տարիներ անց Պետրոսը դառնալու էր Հռոմի առաջին եպիսկոպոսը, փաստորեն նաև պապը: Ու եթե Հռոմում սուրբ Պետրոսի տաճարն է՝ Դոնատո Բրամանտեի նախագծով, Միքելանջելոյի ձեռամբ կառուցված, Սիոնի լեռան վրա Պետրոս առաքյալի զղջման եկեղեցին է, որի պատմությունը ևս խորհրդավոր է: Եկեղեցին քարայրների վրա է, ինչպես ամբողջ Երուսաղեմը: Եկեղեցին սկզբում եղել է հայերինը, հետո հույներինը, մի քանի անգամ ավերվել է ու վերաշինվել, այսօր եկեղեցին գերմանացիներինն է: Պեղումների ժամանակ բացված ճգնարանների պատերին սև ու կարմիր խաչեր են, նաև քարերի վրա դաջված ճգնավորի կերպարը: Անհայտ ճգնավորի, գուցե և սուրբ Պետրոսի, որ ճգնում է իր ուրացումների համար թողություն ստանալու: Իսկ գուցե և մեր բոլորի պատկերն է, որ հոգու խորքի խորքում, այնուամենայնիվ, պահում-պահպանում ենք անխաթար մի անկյուն, ուր կարող ենք ապաստանել ու թողություն ստանալու համար ապաշխարել:
Սրբոց Հակոբյանց տաճարում ավագ ուրբաթ օրը թաղման կարգ կատարվեց, երկարատև ու գեղեցիկ մի արարողություն, որ ևս մասն է ավագ շաբաթի իրադարձությունների:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.-Երկուշաբթի օրվանից Երուսաղեմը կամաց-կամաց դառնում է լեզուների խառնարան: Այս օրերին բոլոր ազգերի ներկայացուցիչների կհանդիպես փողոցներում, բոլոր գույների քրիստոնյաների և անտարբեր ու իրադարձություններին միակ անմասն ու անհաղորդ կարծես միայն տեղաբնակներն են: Իսկ գուցե այդպես է եղել նաև մեր թվարկության երեսուներեք թվականին, երբ քահանայապետ Հովսեփ Կայիափան ուզում էր ապստամբություն ու հռոմեական կայսրության դեմ պատերազմ, իսկ պրեֆեկտ Պոնտացի Պիղատոսն ուզում էր խաղաղություն և բոլորովին այնպես չէ, որ նա մահվան դատապարտեց Հիսուս Նազովրեցուն: «Ինչ գրեցի՝ գրեցի»,- ասաց Պոնտացի Պիղատոսը, որովհետև գիտեր, որ Հռոմեական կայսրությունում ինչ էլ կատարվի, պատասխանատուն հռոմեացիներն են:
Երուսաղեմ