(սկիզբը` այստեղ)
ԴՐԱԽՏ ԵՎ ԴԺՈԽՔ
ՄԱՍ I
ԱՇԱԿԵՐՏ.
Դրախտը և դժոխքը ի՞նչ են, դրանք որտե՞ղ են:
ՏԵՐ.
1. Դրախտը և դժոխքը երկու հակադիր վիճակներ են հոգևոր տիրույթում: Դրանք սկիզբ են առնում մարդու սրտում, և այս աշխարհում են դրվում դրանց հիմքերը: Քանի որ մարդը չի կարող տեսնել իր սեփական հոգին, հետևաբար չի էլ կարող տեսնել հոգու այդ երկու վիճակները: Բայց նա դրանց փորձառությունն ունի իր ներսում, ճիշտ այնպես, ինչպես ցավ է զգում հարվածից և քաղցրություն՝ կոնֆետ ուտելուց: Հարվածի պատճառած վերքը կարող է այնքան մեծանալ, որ ամենամեծ ցավն առաջացնի և ի վերջո ավարտվի մահվամբ ու նեխումով, մյուս կողմից` կոնֆետները մարսվելով կարող են ուժ առաջացնել: Նմանապես մեղսալի արարքի ցավն ու բարի գործի երջանկությունը կարող են որոշ չափով երևան գալ անմիջապես, մինչդեռ դրանց համար ամբողջ պատիժը կամ պարգևը կընկալվի միայն հոգևոր թագավորություն մտնելիս:
2. Այս աշխարհում մարդը տևական ժամանակ երբեք չի բավարարվում մի բանով, այլ միշտ հանգամանքներն ու միջավայրը փոխելու փնտրտուքի մեջ է: Պարզ է, որ այս աշխարհի անցողիկ բաները երբեք չեն կարող բավարարել նրան, քանզի նա ցանկանում է մի բան, որը կայուն է և անփոփոխ ու միշտ հաճելի է իր հակումներին ու ցանկություններին: Երբ իր փնտրտուքի մեջ նա իրականությունն իմ մեջ է գտնում, հետագա բոլոր փոփոխությունների ցանկությունը մարում է, որովհետև մարդը չի հոգնում կատարյալ հասարակությունից ու ամբողջական երջանկությունից. թե՛ մարմնի և թե՛ հոգու միակ պահանջը հենց դա է: Արդարև, իսկական խաղաղություն ձեռք բերելը մարդկային հոգու միակ նպատակն է: Երբեմն մարդու սիրտը, առանց նրա սեփական մտքի կամ ցանկության, ունենում է հաճույքի կամ ցավի անսպասելի զգացողություն, որը դրախտի կամ դժոխքի հոգևոր աշխարհից է բխում: Այդ զգացողությունները նորից ու նորից են այցելում նրան, հետո դրանցից մեկը կամ մյուսն աստիճանաբար գերիշխում է՝ նրա հոգևոր նկարագրին համապատասխան. հաստատապես յուրացնելով մեկը՝ նա վերջնական ընտրություն է կատարում: Դրախտի կամ դժոխքի հիմքը մարդու սրտում դրվում է դեռևս աշխարհում եղած ժամանակ, և մահվանից հետո նա մտնում է այն վիճակի մեջ, որն այս կյանքում նրա ցանկություններն ու իղձերն են պատրաստել նրա համար:
3. Ոմանք ասում են, թե ցանկությունն է ամեն ցավի ու վշտի արմատը, հետևաբար ճիշտ չէ երջանկություն ցանկանալ երկնքում կամ Աստծո հետ հաղորդակցության մեջ, քանզի փրկությունը բոլոր ցանկությունները սպանելու մեջ է: Սա ասելն այնքան մեծ հիմարություն է, որքան ծարավ մարդուն «Սպանի՛ր ծարավդ» ասելը նրան խմելու ջուր տալու փոխարեն: Քանզի ծարավը կամ ցանկությունը ինքնին կյանքի մաս է: Ցանկությունը կամ ծարավը առանց բավարարելու հեռացնելը նշանակում է կյանքը կործանել: Դա փրկություն չէ, այլ մահ: Ինչպես որ ծարավը մատնացույց է անում ջուրը, և ջուրը նախատեսված է ծարավը բավարարելու համար, նույնպես և հոգու մեջ ցանկության գոյությունը մատնացույց է անում ճշմարիտ երջանկության և խաղաղության գոյությունը: Երբ հոգին գտնում է Նրան, ով նրա մեջ սերմանել է ցանկությունը, ավելի մեծ բավարարություն է ստանում, քան ծարավ մարդը՝ ջրից: Հոգու այդ բավարարությունը մենք կոչում ենք դրախտ:
4. Այս աշխարհում շատերն են նման այն մարդուն, որը մեռավ ծարավից, չնայած օվկիանոսի անսահման ջրերի մեջ էր, քանզի ծովի ջուրը չէր կարող հագեցնել նրա ծարավը կամ փրկել նրա կյանքը: Ճիշտ նույնպես կան մարդիկ, որոնք ապրում են սիրո անսահման օվկիանում, սակայն քանի որ Աստծո ողորմության կենդանարար ջուրը դառնություն է իրենց անհնազանդության ու մեղքի մեջ, նրանք մեռնում են ծարավից: Բայց նրանց համար, ովքեր ապաշխարում են և դառնում դեպի ինձ, կենդանի ջրի աղբյուրներ կհորդեն սիրո այդ ծովից, և Նրա մեջ, ով սիրում է նրանց, գոհացում ու հարաձիգ խաղաղություն կգտնեն: Սա նույնպես կոչում ենք դրախտ:
5. Շատ մարդիկ կան, որոնք այնպիսի սեր ու նվիրում են տածում աշխարհի հանդեպ, որ չնայած իմ զավակների օրինակով և ուսուցումով նրանց սրտերը հաճախ դեպի երկինք են բարձրանում, սակայն ծանրության ուժով, դեպի վեր նետված քարերի նման, դրանք նորից ընկնում են աշխարհի մեջ և ի վերջո գահավիժում դժոխք: Բայց երբ մարդը անկեղծ զղջումով իր սիրտը դեպի ինձ է դարձնում, ես նրա սրտի տաճարը մաքրում եմ սիրո խարազանով և այն դարձնում երկնային օթևան թագավորների Թագավորի համար: Երկրային կյանքն այնպիսին է, որ թագավորների փառքն ու շքեղությունը միայն այսօր են երևում, իսկ վաղը խառնվում են փոշու հետ: Բայց նրանք, ովքեր Աստծո արքայության զավակներ են դառնում, ունենում են փառք և պատիվ, գահեր և թագեր, ու նրանց թագավորությունը, որը դրախտն է, վերջ չունի:
6. Մեղավորներն իրենց հաճույքներն ավելացնելու համար գողանում են ուրիշների լավ բաները, և դա է պատճառը, որ մարդիկ՝ բարի թե չար, տնից գնալիս կողպում են այն: ՈՒնեցվածքի այդ թաքցնելը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մարդկանց սրտերը կողպված են իրենց Տիրոջ ու Արարչի առաջ: Սակայն երբ սրտի փականքը բացվում է Նրա առաջ, որը բախում է դուռը, փափագներն ու ցանկությունները կիրականանան: Այն ժամանակ տների դռները փակելու կարիք չի լինի, քանի որ միմյանց ունեցվածքը գողանալու և իրար վնաս պատճառելու փոխարեն բոլորը սիրով կծառայեն միմյանց: Քանզի երբ մարդիկ Աստծուն տան այն, ինչը Նրա հասանելիքն է, նրանք կփնտրեն միայն այն, ինչը բարի է: Այսպիսով նրանք կմտնեն Նրա սքանչելի ուրախության ու խաղաղության մեջ: Սա է դրախտը:
7. Երբ ես խաչի վրա իմ կյանքը տվեցի մարդկանց որդիների համար, որպեսզի մեղավորներին փրկեմ դժոխքից և առաջնորդեմ դեպի դրախտ, երկու չարագործներ, յուրաքանչյուրն իմ մի կողմում, նույն ժամանակ ընդունեցին մահը: Թեև առերևույթ երեքս էլ նույն ճակատագիրն ունեցանք, հոգևոր տեսանկյունից հսկայական տարբերություն կար: Նրանցից մեկը սիրտը փակեց իմ առաջ և մահն ընդունեց առանց զղջումի, բայց մյուսը բացեց իր սիրտն անկեղծ զղջումով, իմ ընկերակցության մեջ կյանք գտավ ու հենց նույն օրն ինձ հետ մտավ դրախտ: Դրախտը միայն գերեզմանից այն կողմ չէ, այլ հիմա է սկսվում՝ մարդկանց սրտերում, թեև ծածկված է աշխարհի աչքերից: Իմ մի հավատարիմ նահատակ իր հալածողների ձեռքում անասելի տանջանքներից հետո մահվան շեմին էր: Նա այնպես լցվեց երկնային ուրախությամբ, որ դարձավ նրանց ու ասաց. «Երանի՜ կարողանայի սիրտս բացել ձեր առաջ ու ցույց տալ այն սքանչելի խաղաղությունը, որ ունեմ, խաղաղություն, որն աշխարհը ո՛չ կարող է տալ, ո՛չ էլ վերցնել: Այնժամ դուք կհամոզվեք դրա իսկության մեջ, բայց դա թաքնված մանանան է, որն աներևույթ ու անտեսանելի է»: Նրա մեռնելուց հետո հիմար ամբոխը պատռեց նրա սիրտը՝ հուսալով արժեքավոր ինչ-որ բան գտնել այնտեղ: Բայց ոչինչ չգտան, քանզի երկնային երանության իրականությունը հայտնի է միայն նրանց, ովքեր ընդունում են այն և դրանում գտնում իրենց ուրախությունը:
8. Մարիամի արգանդը, որը մի քանի ամիս իմ մարմնի բնակարանը եղավ, այնքան երանելի տեղ չէր, որքան հավատացյալի սիրտը, որն ընդմիշտ իմ բնակարանն է, և որը դարձնում եմ երկնային արքայություն:
9. Շատերն են փափագում երկնային արքայությունը, սակայն ընդհանրապես զրկվում են իրենց հիմարության պատճառով: Մի խեղճ մուրացկան քսանմեկ տարի նստեց թաքնված գանձարանի վրա և այնքան էր տարված հարուստ լինելու մարմաջով, որ կուտակեց իր ստացած բոլոր պղնձադրամները: Սակայն մեռավ թշվառ չքավորության մեջ՝ բոլորովին անտեղյակ գանձերից, որոնց վրա տարիներ շարունակ նստել էր: ՈՒ քանի որ երկար ժամանակ էր նստել նույն տեղում, կասկած առաջացավ, որ ինչ-որ արժեքավոր բան է թաքցրել այնտեղ: Այդպես իշխանավորը փորել տվեց այդ տեղը, և բազում արժեքավոր իրեր հայտնաբերվեցին, որոնք իրենց տեղը գտան արքունի գանձարանում: Իմ խոսքը մոտ է քեզ. քո բերանում, քո սրտում է:
10. Նրանք, ովքեր ոչինչ չգիտեն հոգևոր կյանքի մասին, հայտարարում են, թե այս վշտաբեկ աշխարհում անհնար է իրական խաղաղություն և երկնային ուրախություն զգալ: Բայց նրանք, ովքեր հոգևոր կյանքի փորձառություն ունեն, գիտեն, որ ինչպես բևեռային շրջանների սառցե դաշտերում է այս ու այն տեղ մարդ տաք ջրի աղբյուրներ գտնում, այնպես էլ այս ցուրտ և տրտմությամբ բեռնված աշխարհում կարող են գտնվել հավատացյալների սրտերով հոսող երկնային խաղաղության հանգստարար աղբյուրներ, քանզի Սուրբ Հոգու անթեղված կրակն է բոցկլտում նրանց ներսում:
11. Աստված բոլոր մարդկանց թեպետ ստեղծել է միևնույն արյունից և արարել Իր սեփական պատկերով ու նմանությամբ, բայց ստեղծել է տարբեր բնավորությամբ, խառնվածքով և ունակություններով: Քանզի եթե աշխարհի բոլոր ծաղիկները միևնույն գույնն ու բուրմունքն ունենային, երկրագունդը կկորցներ իր հմայքը: Երբ արևի ճառագայթները թափանցում են ներկված ապակու միջով, գույները չեն փոխում, այլ պարզապես երևան են հանում դրա բազմազան գեղեցկությունն ու հմայքը: Նույնպես և Արդարության Արեգակը թե՛ այս աշխարհում և թե՛ երկնքում հավատացյալների ու սրբերի աստվածատուր առաքինությունների միջոցով շարունակաբար արտահայտում է Իր անսահման փառքն ու սերը: Այսպես ես ապրում եմ նրանց մեջ, և նրանք՝ իմ մեջ: Եվ նրանք կցնծան հավիտյան:
ՄԱՍ II
ԱՇԱԿԵՐՏ.
Տե՛ր, որոշ մարդիկ ասում են, թե մխիթարությունն ու բերկրանքը, որը հավատացյալները զգում են, պարզապես նրանց սեփական մտքերի ու գաղափարների արդյունքն են: Դա ճի՞շտ է:
ՏԵՐ.
1. Մխիթարությունն ու հարաձիգ խաղաղությունը, որ հավատացյալներն ունեն իրենց ներսում, նրանց սրտերում իմ ներկայության և Սուրբ Հոգու լիության կենսապարգև ազդեցության շնորհիվ են: Ինչ վերաբերում է նրանց, ովքեր ասում են, թե հոգևոր բերկրանքը սրտի մտածմունքների արդյունքն է միայն, նման են հիմար այն մարդուն, որն ի ծնե կույր էր և ձմռանը նստում էր արևի լույսի տակ՝ տաքանալու: Երբ նրան հարցրին՝ ի՛նչ է մտածում արևի ջերմության մասին, նա հաստատակամորեն հերքեց, որ կա այնպիսի բան, ինչպիսին արևն է, և ասաց. «Այս ջերմությունը, որը հիմա զգում եմ արտաքինից, իմ սեփական մարմնից է գալիս և ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական մտքերիս ուժեղ լարումը: Լիակատար անհեթեթություն է, որ մարդիկ ինձ պատմում են երկնքում կախված կրակի մեծ գնդի նման ինչ-որ բանի մասին»: Հետևաբար, զգո՛ւյշ եղեք, որպեսզի որևէ մեկը ձեզ չգրավի ճարտարամտությամբ ու սնոտի խաբեությամբ, որոնք մարդկային ավանդությունների և բնության տարերային ուժերի վրա են հիմնված:
2. Եթե ճշմարիտ երջանկությունը կախված լիներ մարդու մտքերից, ապա բոլոր փիլիսոփաներն ու խոր մտածողները ամբողջությամբ համակված կլինեին դրանով: Բայց, ինձ հավատացողներից բացի, նրանք, ովքեր իմաստուն են այս աշխարհի ճարտարամտության մեջ, ամբողջությամբ զուրկ են երջանկությունից, բացառությամբ ինչ-որ անցողիկ հաճույքի, որը ստանում են՝ հետամուտ լինելով իրենց իսկ սկզբունքներին:
Բայց ես մարդուն ստեղծել եմ այնպես, որ նա ունի Սուրբ Հոգին ընդունելու բնական կարողություն, միայն որի միջոցով նա կարող է ընդունել երկնային կյանքն ու խնդությունը: Ինչպես որ ածուխի մեջ կա կրակն ընդունելու բնական կարողություն, բայց առանց թթվածնի կրակը չի կարող մտնել դրա մեջ, այդպես էլ մինչև Սուրբ Հոգու թթվածինը չմտնի մարդու հոգու մեջ, նա կմնա խավարում և երբեք չի վայելի այդ ճշմարիտ ու մնայուն խաղաղությունը:
3. Մարդու սրտի և մտքի այդ կարողությունը նման է կիթառի կամ ջութակի լարերին: Եթե դրանք ձգված են և ներդաշնակեցված, կնտնտոցից կամ աղեղի հպումից անչափ դյութիչ երաժշտություն է ծնվում, իսկ եթե ոչ, աղեղի հպումը միայն աններդաշնակություն է առաջացնում: Քաղցր հնչյունների առաջանալը, երբ լարերը ներդաշնակեցված են, իր հերթին կախված է օդից, որի ուժով և շարժմամբ հնչյունը հասնում է ականջին: Նմանապես և մարդու մտքերն ու երևակայությունները ներդաշնակեցնելու համար Սուրբ Հոգու խթանող շունչն է անհրաժեշտ: Երբ այն ներկա է, երկնային մեղեդիներ ու բերկրալի ներդաշնակություն կառաջանան մարդկանց սրտերում թե՛ այս կյանքում և թե՛ երկնքում:
ԱՇԱԿԵՐՏ.
Տե՛ր, երբեմն զգում եմ, որ իմ խաղաղությունն ու երջանկությունը հեռացել են: Դա իմ թաքնված որոշ մեղքերի արդյո՞ւնք է, թե՞ կա ուրիշ պատճառ, որն ինձ հայտնի չէ:
ՏԵՐ.
1. Այո՛, դա երբեմն հետևանք է անհնազանդության, բայց ես երբեմն միառժամանակ հեռանում եմ իմ զավակներից, և նրանք դառնում են միայնակ ու անհանգիստ: Այդ ընթացքում ես կարող եմ նրանց բացահայտել իրենց սեփական անձերն ու բացարձակ տկարությունը և ուսուցանել, որ առանց ինձ նրանք ընդամենը չորացած ոսկորներ են: Որպեսզի չլինի թե հանգստի ու խաղաղության հաստատուն վիճակում նրանք մոռանան իրենց հիմնական վիճակը և իրենց Աստված համարելով՝ հպարտությունից գահավիժեն դժոխքի պատիժը: Այս ձևով նրանք սովորում ու կրթվում են, և երբ համեստաբար ու հեզաբար ապրեն իմ մեջ, որն ստեղծել է նրանց, հավիտենական երջանկություն կվայելեն երկնքում:
2. Երբեմն պատահում է, որ երբ ես մտնում եմ իմ զավակների մեջ և նրանց լցնում Հոգու լիությամբ: Նրանք այնպիսի աստվածային սիրով ու բերկրանքով են հեղեղվում, որ չեն կարողանում կրել այն փառքն ու օրհնությունը, որն իրենցն է, և այդպիսով հայտնվում են թուլության կամ նույնիսկ անգիտակցության վիճակում: Քանզի մարմինն ու արյունը չեն կարող ժառանգել Աստծո արքայությունը, ոչ էլ այն վաղանցուկ բաները, ինչ հավիտենական է, մինչև որ մարդիկ չազատվեն ունայն մահկանացության ուժից և բարձրանան դեպի փառքը: Այնուհետև իմ կամքը կլինի երկրի վրա յուրաքանչյուր արարածի մեջ, ինչպես որ երկնքում է: Ապա ցավն ու տառապանքը, վիշտն ու հառաչանքը, դժբախտությունն ու մահը ընդմիշտ կվերանան, և իմ բոլոր զավակները կմտնեն իմ Հոր արքայության մեջ, որը խնդություն է Սուրբ Հոգով, և նրանք կթագավորեն հավիտյանս հավիտենից:
ՄԻ ԱՂՈԹՔ
Սիրելի՜ Տեր, Քո բազմապիսի օրհնություններն ու ընծաները երախտագիտության և գովերգումի զգացողությամբ են լցրել սիրտս: Բայց սրտով և լեզվով գովերգումը չի բավարարում ինձ, մինչև որ ես գործերով չապացուցեմ, որ իմ կյանքը նվիրված է Քո ծառայությանը: Գոհություն և գո՛վք քեզ, Տե՜ր, որ ինձ՝ անարժանիս, մահից կյանք բերեցիր և ուրախացրիր ինձ Քո ընկերակցությամբ ու սիրով: Ես հարկ եղածի պես չգիտեմ ո՛չ իմ անձը, ո՛չ իմ ամենամեծ կարիքը, բայց Դու, Տե՜ր, քաջ գիտես Քո արարածներին և նրանց կարիքները: Ես ոչ էլ կարող եմ իմ անձը սիրել այնպես, ինչպես Դու ես սիրում ինձ: Իմ անձն անկեղծորեն սիրելը, սրտով ու հոգով սիրելն է այն անսահման սերը, որն ինձ գոյություն է տվել: Եվ այդ սերը Դու ես: Դրա համար ինձ միայն մի սիրտ ես տվել, որ այն սևեռվի միայն մեկի՝ Քեզ վրա, որ ստեղծեց այն:
Տե՜ր, Քո ոտքերի մոտ լինելն անհամեմատ ավելի լավ է, քան աշխարհի ամենաբարձր իշխանական գահին նստելը, քանզի դա նշանակում է գահ բարձրանալ հավիտյան երկնային թագավորության մեջ: Եվ հիմա այս սուրբ ոտքերի զոհասեղանի վրա ես մատուցում եմ ինձ իբրև ողջակեզ: Գթասրտորեն ընդունի՜ր ինձ և որտեղ ու ինչպես կամենաս, օգտագործի՜ր ինձ Քո ծառայության համար: Քանզի Դու իմն ես, և ես Քեզ եմ պատկանում, Քեզ, որ վերցրիր այս մի բուռ փոշին և ստեղծեցիր ինձ Քո պատկերով ու ինձ Քո որդին դառնալու իրավունք շնորհեցիր:
Ամբողջովին Քոնն են պատիվը և փառքը, գովքը և գոհությունը հավիտյանս հավիտենից: Ամեն:
Անգլերենից թարգմանեց
Գրիգոր ՄՈՎՍԻՍՅԱՆԸ
Նկարիչ` Մայիս ՄԽԻԹԱՐՅԱՆ