Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Վաղը սուրբ Էջմիածնից Գրիգոր Լուսավորչի մասունքը հանդիսավորապես կտարվի Խոր վիրապի վանք

Վաղը սուրբ Էջմիածնից Գրիգոր Լուսավորչի մասունքը հանդիսավորապես կտարվի Խոր վիրապի վանք
14.06.2013 | 11:15

Ըստ Հայաստանյայց առաքելական եկեղեցու տոնացույցի, Գրիգոր Լուսավորչին նվիրված մի քանի տոն կա, որոնցից մեկն էլ պիտի նշվի այս շաբաթ օրը: Ինչո՞վ է յուրահատուկ այս տոնը. հենց թեկուզ նրանով, որ այլևս ուրիշ նման տոն չունենք, որով նշենք որևէ սրբի նշխարների գյուտը: Ըստ մեր եկեղեցու ծիսական բառարանի` «նշխար» նշանակում է սուրբ Հաղորդության համար պատրաստվող ալյուրից պատրաստված հացի տեսակ, բայց երբեմն էլ այն օգտագործում են նաև «մասունք» բառի, այսինքն` սուրբ անձանց ոսկորների փոքրիկ մասերի խորհրդով:

Ընդհանրապես սրբերի նշխարների մասին բազմաթիվ վկայություններ կան ընդհանրական եկեղեցում, երբ Աստծո օրհնյալ սրբերի մասունքների միջոցով բազմաթիվ հրաշքներ ու բժշկություներ են կատարվել: Բայց հիմա պիտի խոսենք Գրիգոր Լուսավորչի սուրբ մասունքների պատմության մասին, քանի որ այն թանկագին հիշողություն է յուրաքանչյուր քրիստոնյայի համար: Ինչպես տեսաք, չգրեցի հայ քրիստոնյայի, այլ ընդհանրապես քրիստոնյաների համար, քանզի Գրիգոր Լուսավորիչը միակ հայոց սուրբն է, ում հիշատակը տոնվում է բոլոր առաքելահիմն եկեղեցիներում, ինչքան էլ նրանք դեռևս բաժան-բաժան են միմյանցից: Օրինակ, կաթոլիկ եկեղեցում այնքան մեծահարգ է Գրիգոր Լուսավորիչը, որ նույնիսկ նրա վեհաշուք արձանը կա Վատիկանի սրահներից մեկում (տե՛ս նկարը), Վաշինգտոնի Ազգային տաճարում, իսկ ուղղափառների մոտ՝ Կոստանդնուպոլսի Այա Սոֆիա հրաշալի տաճարում նույնպես կա Գրիգոր Լուսավորչի խճապատկերը, Մոսկվայի Բարսեղ Երանելու տաճարի սրահներից մեկը կոչվում է սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով: Սակայն, չնայած հիշատակված օրինակներին, հենց մեր ազգի մեջ կան բազմաթիվ քրիստոնյա-աղանդավորներ, որոնց մեջ այդ մեծ անունը ոչ մի հարգանք չի առաջացնում։ Ցավալի է, բայց փաստ:
Հիմա մի քանի անհրաժեշտ տեղեկություն սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները գտնելու մասին: Հայոց առաջին հայրապետի ննջման տարեթիվն է համարվում 426-ը, քանի որ այդ տարի Սեպուհ լեռան վրա, Մանյաց այրի մոտ, մի մեծ ծառի փչակում հովիվները գտել են մի պատկառելի ծերունու մարմին ու թաղել մոտակայքում, չիմանալով անգամ, թե ով է նա: Բայց ահա անցնում է որոշ ժամանակ, տեսիլքի միջոցով սուրբ Գրիգորը հայտնվում է իր աշակերտներից մեկին՝ Գառնիկին, և հայտնում իր մասունքների տեղը: Իմանալով այդ մասին` հոգևորականները, բարեպաշտ իշխանավորների հետ, հանում են սուրբ հայրապետի մասունքները և տանում Թորդան՝ նրանց տոհմի ընտանեկան ոստանը: Աշխարհում հետզհետե մեծանում է Աստծո այդ ընտիր ծառայի փառքը, շատերն են ցանկանում նրա սուրբ մասունքից ունենալ։ Այդպես էլ հետագայում նրա մասունքները տարան աշխարհի տարբեր երկրներ` Բյուզանդիա, Իտալիա, Հրեաստան և այլուր:
Սուրբ հայրապետի մասունքի ամենակարևոր մասը՝ սուրբ աջը, որով նա կնքել է հայոց ազգը, հանդիսանում է մեր եկեղեցու հաստատման ու պահպանման հիմնանշանը: Նույնիսկ շահ Աբասը, երբ Հայաստանի ժողովրդին տեղահանելով Պարսկաստանի Ջուղա հասցրեց, որ պանդուխտ հայերն արմատ կապեն ու մնան այնտեղ, որոշեց նախ Գրիգոր Լուսավորչի Աջը բերել տալ Էջմիածնից (որով, ինչպես գիտենք, յոթ տարին մեկ օրհնվում է Սուրբ մեռոնը), դրանից հետո նա հրամայում է քար առ քար քանդել Մայր Տաճարը և Ջուղայում վերակառուցել: Առաջին քարերը տանելուց հետո, Աստծո Միածնի հաստատած տաճարը քանդել հանդգնողի թագավորությունն էլ Աստված քանդեց, և շուտով թշնամական պատերազմների մեջ մտնելով, շահ Աբասը պարտվեց ու մեռավ:
Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի գանձարանում ևս կա գեղեցիկ ճաճանչի մեջ զետեղված սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքներից արմնկամասը: Ամենայն սրբոց տոնի ժամանակ վանքի բոլոր սուրբ մասունքները պահոցից դուրս են հանում, ու տարվա միայն այդ օրը քրիստոնյաները կարողանում են տեսնել, հաղորդվել ու Աստծո օրհնյալ սրբերի բարեխոսությունը խնդրել:
Ընթերցողներին ասենք, որ 2001 թ. Հռոմի Հովհաննես-Պողոս Բ պապը, Հայաստան այցելության ժամանակ, իր հետ բերեց սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը Նեապոլից. այն տեղադրվեց մեր հայոց հայրապետի՝ Գրիգոր Լուսավորչի անունով կոչված նորակառույց եկեղեցում, գտնվում է հենց շքամուտքի գեղեցիկ մարմարյա տապանի խաչաձև ապակու տակ: Երբ այցելելու լինեք այդ եկեղեցին, խոնարհվեք սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքի առջև, ու ձեր խնդրանքները կատարեք այդ մեծ սրբի բարեխոսությունը հուսալով:
Վերջում տեղեկացնենք մեր հարգելի ընթերցողներին, որ վաղը սուրբ Էջմիածնից Գրիգոր Լուսավորչի մասունքը հանդիսավորապես կտարվի Խոր վիրապի վանք, որտեղ տեղի կունենա սուրբ և անմահ պատարագ մեր հայոց պետականության առաջին հայրապետի մասունքների գյուտի տոնի առթիվ: Իսկ եթե չեք կարող այդ սրբավայրը գնալ, ապա իմացե՛ք, որ բոլոր մնացած եկեղեցիներում նույնպես կկատարվի սուրբ Պատարագ:
Եվ թող սուրբ Գրիգոր Լուսավորչի հայրապետական օրհնանքն ու բարեխոսությունը լինեն մեր ազգին ու մեր ընտանիքներին օգնական և պահապան, ամեն:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4752

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ