Վազգեն Վեհափառը երբեմն սիրում էր կատակներ անել նույնիսկ բարձրաստիճան հոգևորականների հետ: Չեմ հիշում` ո՞ր թվականն էր: Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի նախկին լուսարարապետ Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամյանը, որին իմ ամբողջ հոգևոր ծառայության ընթացքում ունեցել եմ իբրև տիպար և օրինակելի հոգևորական ու շատ բան եմ սովորել նրանից, այդ տարիներին երեք պաշտոն էր զբաղեցնում. Գերագույն հոգևոր խորհրդի ատենապետն էր, Մայր տաճարի լուսարարապետն էր և հոգևոր ճեմարանի վերատեսուչն էր: Բնական է, որ շատ նամակներ կային, որոնք Վեհափառ հայրապետի փոխարեն նա էր ստորագրում։ Ստորագրությունը այսպիսին էր` Հայկազունարքեպիսկոպոս:
Այսպես էր ստորագրում և բավական գեղագիտական ձևով: Կարելի է ասել, որ գրեթե անհնար էր կեղծել նրա ստորագրությունը: Ես էլ երիտասարդ քարտուղար էի: Վեհափառը ինձ կանչեց ու մի նամակ տալով ասաց, որ սրբազանի հին ստորագրություններից վերցնեմ և, եթե կարող եմ, նրա փոխարեն ստորագրեմ, որովհետև սրբազանը այստեղ չէ և նամակը շտապ ուղարկելու կարիք կա: Ես էլ, ինչպես միշտ, ասացի` «կփորձեմ», չուզելով Վեհափառի խոսքից դուրս գալ: Ստորագրեցի և նամակը հանձնեցի Վեհափառին:
Անցավ երևի մեկ կամ երկու ժամ, վեհափառը հերթական զանգով ինձ կանչեց, և իր աշխատասենյակում ես տեսա իմ սիրելի սրբազանին, որի ձեռքը համբուրեցի ու կանգնեցի, սպասելով Նորին Սրբության հրահանգին: Պետք է ասեմ, որ երկուսի տրամադրությունն էլ բարձր էր, ուրախ ու ժպիտները` դեմքներին: Ճիշտն ասած, սրբազանը հազվադեպ էր ժպտում, բայց թուխ դեմքի վրա ժպիտ ուներ: Մինչ ինձ դառնալը Վեհափառը խոսում էր սրբազանի հետ: Հանկարծ նա սրբազանին երկարելով իմ ստորագրած նամակը, ժպտալով խնդրեց, որ կարդա: Սրբազանը կարդաց: Վեհափառը հարցրեց, թե նա տեղյա՞կ է այդ նամակի բովանդակությանը: Երևում էր, որ սրբազանը շփոթված էր, քանի որ բնավ էլ տեղյակ չէր: Խեղճ սրբազան, որտեղի՞ց պիտի տեղյակ լիներ, քանի որ նամակը ես էի ստորագրել: Սրբազանը ուսերը թոթվեց, որ նշանակում էր, թե ես չեմ ստորագրել այդ գրությունը:
Վեհափառի դեմքից կարծես ժպիտն անհետացավ ու նա խիստ տոնով հարցրեց. «Ինչպես տեղյակ չեք, սիրելի սրբազան, այդ նամակի վրա Ձեր ստորագրությունը չէ՞»: «Այո, Վեհափառ,- պատասխանեց սրբազանը,- իմ ստորագրությունն է, բայց ես տեղյակ չեմ ասոր բովանդակութենեն, առաջին անգամ կտեսնեմ այս նամակը»: «Զարմանալի է,- շարունակեց Վեհափառը,- Ձեր ստորագրությունն է, բայց Դուք տեղյակ չեք այդ նամակեն, ինչպե՞ս հասկնանք ասիկա»: Այդ երկխոսության ընթացքում ես կանգնած հետևում էի` առանց ծպտուն հանելու: Երևում էր, որ սրբազանը շփոթված էր և չէր կարողանում հասկանալ, թե ինչպես է պատահել, որ ինքը տեղյակ չէ այդ նամակի բովանդակությանը:
Վեհափառը, տեսնելով սրբազանի շփոթմունքը, բացեց գաղտնիքը` ծիծաղելով. «Դուք իրավունք ունիք, սիրելի սրբազան, որ տեղյակ չեք այդ նամակեն, քանի որ ատիկա Դուք չեք ստորագրած, այլ այս չարաճճի երիտասարդի գործն է, որուն կատակի համար ես հրահանգեցի ստորագրել Ձեր փոխարեն: Ինչպես կտեսնաք, Հովսեփ սարկավագը այնպես ստորագրած է, որ Դուք նույնիսկ չկրցաք զանազանել կեղծը իսկականեն»: Եվ նամակը հետ ուզելով` պատռեց: Սրբազանը մի պահ հանդարտվեց և ապա ասաց. «Հովսեփիկ (ինձ փաղաքշական այդպես էր դիմում սրբազանը, քանի որ ինձ շատ էր սիրում), այս գործի համար լավ մասնագետ մը կրնաս ըլլալ»: Ես ժպտացի և ինձնից գոհ, «Աստված օգնական» ասելով դուրս գնացի Վեհափառի աշխատասենյակից: Տարիներ հետո, երբ նրանք արդեն չկային, հիշելով այս դեպքը, հասկացա, թե ինչպիսի մեծեր եմ ունեցել իմ կողքին:
Տեր Հովսեփ Ա. քահանա
ՀԱԿՈԲՅԱՆ