Տիրոջը նվիրված կյանքը լի է փորձություններով, ցավերով, վշտերով ու տառապանքներով: Իսկ մեղքի համար ստացած արդարագույն պատիժն այն է, որ մարդ կորցնում է այն, ինչը չի ցանկացել լավ օգտագործել: Եթե, ասենք, առողջությունը ճիշտ չի օգտագործվել, այն խաթարվում է, կորսվում: Նույնպես նաև Տիրոջ կողմից տրվող մյուս պարգևները:
Ընդհանրական քրիստոնեական եկեղեցու հայրերից սուրբ Օգոստինոս հայրապետն ասում է. «Քննությունը ցույց է տալիս, որ մարդն ինչպիսի մեղք էլ գործի, այն առաջին հերթին ուղղված է ոչ թե Աստծու, այլ սեփական անձի դեմ, որովհետև նույնիսկ ինչով որ հանցավոր են Քո հանդեպ, դրանով իսկ չարիք են գործում իրենց հոգիներին»:
«Միջին դարերում մի ծխի քահանա նկատելով, որ իր շրջանում աղքատները շատանում են ու նրանց զավակները դժվարությամբ են ապրում, դիմում է երևելի մի մեծահարուստի և օգնություն խնդրում նրանից: Հարուստը ոչ միայն քսակը չի բացում, այլև կոպտորեն մերժում է քահանայի խնդրանքն ու անպատվում աղքատներին: Աստծու ծառան, անտեսելով նրա կոպտություններն ու վիրավորանքը, ամեն անգամ համառորեն աղքատների սիրույն խնդրում է, որ հարուստը օգնի նրանց:
Եվ երբ մի անգամ քահանան կրկին դիմում է նրան, մեծահարուստը, այլևս չհամբերելով, ափերից դուրս է գալիս, բարկացած վիճակում ուժգնորեն ապտակում է նրան: Պատկերացրեք, եթե այդպիսի ապտակ ստացողը դուք լինեիք, ի՞նչ կանեիք, կլռեի՞ք, կթողնեիք ու կգնայի՞ք` լուռ կուլ տալով վիրավորանքը, թե՞ դուք էլ ապտակով կպատասխանեիք: Գիտեմ` կդժվարանաք անմիջապես պատասխանել: Ժամանակ է պետք, որ մտածեք:
Տեսնենք, թե քահանան ինչպես վարվեց: Ինչպես վայել է Աստծու ծառային, համբերությամբ ու սառնարյուն կերպով, կարծես ոչինչ չէր պատահել, դիմում է մեծահարուստին ու հանգիստ ասում.
-Շնորհակալ եմ, ես իմ բաժինը ստացա, հիմա խնդրում եմ մի բան էլ իմ աղքատներին տվեք:
Կարծես լույս է ծագում մեծահարուստի մտքում, սրտում ու հոգում, և նա հուզված ու զղջալով, տալիս է քահանայի խնդրած գումարը և հազար անգամ ներողություն խնդրում իր կոպիտ արարքի համար»:
Յուրաքանչյուր քրիստոնյա պիտի հիշի իր Մեծ ուսուցչի` Հիսուսի խոսքը. «Երանի նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ. 5:10):
Երկրի վրա երջանկություն մի՛ փնտրիր: Երկիրը դրախտ չէ: Ադամի մեղքից և արտաքսումից հետո երկրի վրա դրախտ չկա: Եվ աշխարհում ամեն ոք իր խաչն ունի: Այն յուրաքանչյուր մարդու համար հենց իր ուժերի չափ է. ո՛չ ծանր, ո՛չ թեթև:
Գրիգոր վարդապետ Տաթևացին ասում է. «Մի՛ նախանձիր ուրիշին, համարելով, թե նրա խաչն ավելի թեթև է: Խաչի ծանրությունն ու կշիռը ոչ ոք չի կարող իմանալ, բացի նրանից, ով այն կրում է: Անկասկած է միայն, որ դու ինչպիսի խաչ էլ ընտրես քեզ համար, ոչ մեկը քեզ հարմար չի լինի, բացի քո խաչից»: Տերն ավելի լավ գիտի, թե մեզնից ամեն մեկին ինչ է պետք, ինչպիսի ծանրություն դնի յուրաքանչյուրիս ուսերին, ինչպիսի պայքար, ինչպիսի փորձություններ տա մեզ:
Տեր Հովսեփ Ա. քահանա
ՀԱԿՈԲՅԱՆ