1978 թվականն էր: Անանիա վարդապետ Արաբաջյանի հետ նոր էինք վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևելյան թեմի հոգևորականաց համագումարին իբրև Մայր աթոռի ներկայացուցիչներ մասնակցելուց: Ավելի քան մեկ ու կես ամիս Ամերիկայի Արևելյան թեմում և Կանադայի Հայոց թեմում կատարեցինք սուրբ պատարագներ, զանազան հանդիպումներ ունեցանք հայության հետ` բոլորին փոխանցելով Վազգեն Վեհափառի օրհնություններն ու բարի մաղթանքները: Վերադառնալուց հետո իմացա, որ Վեհափառ հայրապետը ինձ Սուրբ Հռիփսիմե վանքից տեղափոխել է Մայր տաճար, ուր երկու ամիս ծառայելուց հետո, ինչ-ինչ պատճառներով հրաժարվեցի ու մնացի միայն իբրև կաթողիկոսարանի քարտուղար մինչև նոր նշանակում: Ահա այդ օրերին էր, որ երազ տեսա: Ինձ երևաց Սուրբ Աստվածամայրը, որն ինձ հորդորեց գնալ և տեր կանգնել Էջմիածին քաղաքի Սբ. Աստվածամայր եկեղեցուն` «Գյուղի ժամ»-ին: Ես դրանից տասնութ տարի առաջ տասը տարեկան հասակում այդ եկեղեցուց էի սկսել իմ հոգևոր ուսումը: Բնական է, որ ես շատ երիտասարդ էի և ուշադրություն չդարձրի այդ երազներին: Այս մասին ոչ մեկին էլ չպատմեցի: Երբ Սբ. Աստվածամայրը երրորդ անգամ ինձ երևաց, այս անգամ սպառնաց, որ եթե չգնամ, ինձ հետ կարող է դժբախտություն պատահել: Այս անգամ ստիպված եղա պատմելու Վազգեն Վեհափառին, որը ավելի փորձառու հոգևորական էր և կարող էր ինձ ճիշտ խորհուրդ տալ: Վեհափառը ինձ լսեց, հասկացավ հարցի լրջությունը, սակայն մի մտահոգություն ուներ. «Տղաս, կարող եմ նշանակում անել, բայց այնտեղ դրամ չկա, ինչպե՞ս պիտի ընտանիքդ պահես»: Նա լավ տեղյակ էր, որ այդ եկեղեցին եկամտաբեր չէ: «Վեհափառ Տեր, մի մտածեք,- ասացի ես,- երկնքում Աստված կա, իսկ երկրի վրա` Ձերդ Սրբությունը: Աստծու կամքով և Ձեր օգնությամբ կարճ ժամանակվա ընթացքում կփորձեմ վերականգնել կիսավեր այս եկեղեցին, ու այն ժամանակ անպայման ժողովուրդը մեզ կգնահատի, և եկեղեցին կհասնի իր հոգևոր բարձրության և՛ տնտեսապես, և՛ նյութապես»: 1978 թվականի սեպտեմբերի 11-ին ես նշանակվեցի պատասխանատու քահանա: Ինձնից բացի այնտեղ իրենց ծառայությունն էին մատուցում երկու տարիքով քահանաներ, մեկը` 72, իսկ մյուսը` 68 տարեկան, իսկ ես ընդամենը 28 տարեկան էի:
Աստված կանչեցի ու անցա գործի:
Մի քանի ամիս անց ես Վեհափառ հայրապետին հրավիրեցի եկեղեցի, տեսնելու նրա վիճակը:
1979 թվականի փետրվարին Վեհափառ հայրապետը եկավ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ տ. Կոմիտաս արքեպս. Տեր-Ստեփանյանի (այժմ` հանգուցյալ) հետ: Մուտքից ես գեղեցիկ դիմավորում էի կազմակերպել, հավատացյալների և երեխաների հետ, որոնց ձեռքներին ծաղիկներ կային: Վեհափառը հակառակ որ բավական մոտ էր այս եկեղեցուն, սակայն տասնհինգ տարի չէր եղել այնտեղ: Վազգեն Վեհափառը երբ մտավ Սբ. Աստվածածին եկեղեցուց ներս, իր առաջին զարմացական բացականչությունը այս էր. «Այս եկեղեցին պիտի լինի երկրորդ Մայր տաճար» և հրահանգեց Մայր աթոռի գլխավոր ճարտարապետին, որ անմիջապես գծագրությունները պատրաստվեն եկեղեցին հիմնովին վերանորոգելու համար:
«Այս եկեղեցին պիտի լինի երկրորդ Մայր տաճար»: Վեհափառի սրտից բխած այս խոսքը մարգարեաշունչ էր: Նա կարծես տեսել էր ավելի հեռուն: Այդ օրից անցան տասնվեց երկար ու ձիգ տարիներ: Շատ ծանր փորձությունների ու դժվարությունների միջով անցանք: Սակայն Աստված օրհնեց, Վեհափառ հայրապետը և բարի մարդիկ օգնեցին, նույնիսկ բարերար էլ գտնվեց Արգենտինայի Բուենոս Այրեսից, և եկեղեցին դարձավ Էջմիածին քաղաքի ամենագործունյա և եկամտաբեր աղոթքի տներից մեկը, եկեղեցի, որն ուներ իր մեծ երգչախումբը, Սուրբ պատարագին և ժամերգություններին մասնակցող պատանիների մի մեծ խումբ և այլ հարմարություններ:
Եկեղեցին մոտեցավ Մայր տաճարին, գեղեցկացավ և՛ արտաքնապես և՛ հոգևոր գործունեությամբ, սակայն Մայր տաճար չեղավ, քանի որ երկրորդ Մայր տաճար չէր կարող լինել, այն մեկ հատիկ սրբություն սրբոց էր:
Տարիների ընթացքում ես մեծ զոհողությունների գնով կատարեցի Սբ. Աստվածամոր ցանկությունը, իր անունը կրող եկեղեցին ոտքի կանգնեցրի, փրկեցի կործանումից և ոչ միայն այդ. շենքի կառուցմանը զուգընթաց նորոգեցի նաև հոգևոր կյանքը, բացեցի մի փոքրիկ դպրոց 9-14 տարեկան երեխաների համար, նույն ձևով, ինչպես ես էի սովորել իմ առաջին հոգևոր ուսուցիչների դաստիարակությամբ: Եկեղեցին լցվեց փոքրիկների քաղցրիկ ու զիլ ձայնով, որոնք երգում էին «Առաւօտ լուսոյ», «Տէր ողորմեա», «Ամեն Հայի», «Փառք ի բարձունս», «Սուրբ Աստուած» և այլ շարականներ: Այս ձևով 1767-ին Սիմեոն Երևանցի Ամենայն հայոց կաթողիկոսի կառուցած Սբ. Աստվածածին եկեղեցու զանգերը նորից շարունակեցին ղողանջել ու բոլոր հավատացյալներին կանչել աղոթքի:
Տեր Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ
Սկզբնաղբյուրը`http://frhovsep.com