Մի զարմացեք, որ «սէր» բառանունը գրվեց մեջտեղում «է» տառով, քանզի դա սիրո գերագույն աստիճանն է։ Մինչ այս պահը սիրո անվան մի տեսակ գիտենք, բայց ժամանակն է, որ այդ բառատեսակի էական նրբություններին էլ ծանոթանանք։
Այժմ փորձենք գրել երկնային ու հավիտենական Սիրո և մեր իմացած երկրային սերերի տարբերությունների մասին։ Բայց մինչ այդ նախ իմանանք, թե ինչպիսին է մարդն առանց այդ երկնային Սիրո։
Պատասխանատվությունն առանց Սիրո՝
մարդուն դարձնում է անհարգալից:
Արդարությունն առանց Սիրո՝
մարդուն դարձնում է անողոք:
Ճշմարտությունն առանց Սիրո՝
մարդուն դարձնում է քննամոլ:
Բարեկրթությունն առանց Սիրո՝
մարդուն դարձնում է երկերեսանի:
Խելամտությունն առանց Սիրո՝
մարդուն դարձնում է խորամանկ:
Սիրալիրությունն առանց Սիրո՝
մարդուն դարձնում է կեղծավոր:
Կարգապահությունն առանց Սիրո
մարդուն դարձնում է մանրախնդիր:
Իրավասությունն առանց Սիրո՝
մարդուն դարձնում է անհողդողդ:
Իշխանությունն առանց Սիրո՝
մարդուն դարձնում է բռնակալ:
Պատիվն առանց սիրո՝ մարդուն
դարձնում է ամբարտավան:
Հարստությունն առանց Սիրո՝
մարդուն դարձնում է ագահ:
Հավատն առանց Սիրո՝ մարդուն
դարձնում է մոլեռանդ:
Այսինքն՝ ճշմարիտ սէրը մարդկային հարաբերության աղն է, չկա սէր, և այդ հարաբերությունները դառնում են տհաճ ու անհամ, երբեմն էլ դաժան ու չարալից։ Իսկ ընտանիքն առանց սիրո՝ ճաշ է առանց աղի, երբեմն էլ թունավոր ու մահաբեր։
Երկնային ու երկրային, աստվածային ու մարդկային սերերի տարբերությունները հասկանալու համար նախ իմանանք, որ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի աշխարհ գալուց և համբարձվելուց հետո Փրկության Ավետարանը գրվեց ոչ թե եբրայերեն, ինչպես Հին կտակարանն էր, այլ հունարեն։ Եվ դա ժամանակների ու դեպքերի պատահականության արդյունք չէր, այլ նախախնամության պահանջ, քանի որ աշխարհի այդ ժամանակվա քաղաքակրթությունն առաջնորդվում էր հելլենիստական բարձր արժեքներով, որպես ամենաառաջնակարգը։ Այդպիսին էին նրանց չգերազանցված անտիկ արվեստը, փիլիսոփայությունն ու գրականությունը։ ՈՒ միայն հունարեն էր հնարավոր արտահայտել և փոխանցել Ավետարանի երկնային խորհուրդներն ու նրբանուրբ ելևէջները։ Չզարմանանք, որովհետև մեր եկեղեցական բառապաշարն էլ է հունարենով սկզբնավորվել, օրինակ, պատրիարք՝ թարգմանվում է հայրապետ, կաթողիկոսը կամ կաթողիկեն՝ ընդհանրական, եպիսկոպոսը՝ տեսուչ և այլն։ Իսկ մեր ազգի մեծությունները իրենց բարձրագույն կրթությունը հունաց Ալեքսանդրիայում են ստացել ու երբեմն էլ անգերազանցելի դարձել, ինչպես Դավիթ Անհաղթը։ Իսկ հնում մեր վանքերում պարտադիր ուսումնասիրվել է հունարենի քերականությունը, օրինակ, Գլաձորի համալսարանում։ Եվ, օգտվելով հղկված հունարենից, հայոց լեզվին նրբահյուս երանգներ են հաղորդել։
Հիմա էլ մենք օգտվենք այդ լեզվամտածողության մի նրբությունից և փորձենք արդի հայերենով բացատրել ամենահայտնի, գուցե և աշխարհի ամենահաճախ օգտագործվող խոսքի՝ «սեր» բառի արտահայտման մի քանի նրբերանգներ, որը միայն հունարենն ունի, և, օգտվելով դրանցից, սուրբ ավետարանիչները Սուրբ Հոգով Աստծո խոսքն են փոխանցել մեզ։
Եվ այսպես, հունարենում կա աշխարհում ամենատարածված «սեր» կոչվող զգացմունքի քառերանգ բառական նրբահյուս բացատրություն. Էրոս, Ֆիլոս, Ստորգե, Ագապոս։ Որո՞նք են սիրո արտահայտման այս չորսի տարբերությունները։
ԷՐՈՍ, պոետիկ լեզվով ասած, նշանակում է որևէ մեկի հանդեպ ուղղել ունեցած ամբողջական զգացմունքները, լիովին տրվելով նրան, մինչև իսկ մահվան գնով պատրաստ լինելով հասնելու իր ցանկության իրականացմանը։ Էրոսը՝ սիրո ծայրահեղ պաթոս կամ մարմնական ցանկության բարձրագույն արտահայտման խոսքաձևն է։ Աշխարհի մշակութային հենքը հիմնականում այս Էրոսի զանազան արտահայտություններն են, ըստ համապատասխան տեսակների: Սա բացարձակապես կրքի ոլորտի սեր է՝ նախանձոտ ու ցանկասիրությամբ լեցուն, որտեղ այլ զգացմունքները տեղ չունեն։ Սիրո այս տեսակը բնութագրելու համար սուրբ հայրերն այն անվանել են գոտկատեղից ներքև ձգտումներ կամ շարժումներ։
Էրոս տիպի սերը մարդու զուտ մարմնական ոլորտի ցանկական զգացմունքների արտահայտման ձևն է, այսինքն՝ առավել ցածրակարգ մնացած երեքի հանդեպ։ Սրա նմանակը նաև կենդանական աշխարհն ունի, որի մասին Վալտորտայի պատգամներում բացատրեց նաև Տիրամայրը։ Այն պարզապես կոչվում է զուգավորում տվյալ տեսակի շարունակական պահպանման համար։ Օրինակ, մի տեսակ թիթեռ կա, որն իր էգին գտնելու համար, որին երբեք չի տեսել, բայց տասնյակ կիլոմետրերով թռչում է, ինքն էլ չգիտի, թե ուր, ի վերջո, հասնում է նրան և սերունդ ունենում հենց այդ էգից։ Այս անբացատրելի հրաշքը գիտականորեն կոչվում է Անտրատակտ, ինչն ի զորու չենք մարդկային մտքով հասկանալու, բայց որպես արարչական գաղտնիք, կարող ենք ընդամենը հիացմունքով փաստել։
Մարդկային Էրոսի մեղսապարտ տարատեսակների մեջ են մտնում շնությունն ու պոռնկությունը, քանի որ անասնական աշխարհում նման մեղքեր չկան։ Շնություն է, երբ մեկը ամուսնական կապով է կապված, բայց սիրուհի կամ սիրեկան ունի (տարփուհի և տարփածու), իսկ երկրորդը, երբ ազատ են ամուսնական պարտականություններից, բայց ազատ ու խառնակ սեռական հարաբերությունների մեջ են միմյանց հետ։ Այս տարատեսակը տարածված էր հեթանոսական ժամանակներում և մեղք չէր համարվում, մինչև որ աշխարհ եկավ Փրկիչ Տերը և մաքրության ու ողջախոհության կոչ արեց Իրեն հավատացողներին, նույնիսկ կնոջը նայողն ու սրտի մեջ ցանկացողը Աստծո աչքի առաջ շնացող է համարվում։
Կան կենդանիներ, որոնք համարվում են մոնոգամ, այսինքն՝ միայն մի էգի կամ որձի հետ են հարաբերվում ամբողջ կյանքում։ Քրիստոնյա ողջախոհ կույսերը մի այսպիսի ասացվածք ունեին (այո՛, ունեին, ոչ թե այժմ էլ ունեն). «ՈՒմ հետ անունս ելավ, նրա հետ էլ թող հոգիս ելնի», այսինքն, ոչ միայն մինչ ի մահ հավատարիմ մնալ ամուսնուն, այլև նրա մահից հետո էլ։
Բայց մարդ արարածը մեղքին հարելով և Աստծուց կամավոր հեռանալու պատճառով հետզհետե այնքան ցածրացավ, որ նույնիսկ անասնապղծության մակարդակի իջավ, ու այդքան դեռ բավարար չհամարելով այլասերված Էրոսի մակարդակից իջավ նաև դիվական մակարդակի, այսինքն՝ պղծության ու այլասերվածության ցածրագույն ոլորտը, և տղամարդիկ մերժելով կանանց հանդեպ բնական պետքերը, սկսեցին միմյանց հետ կենակցել (արվամոլական միասեռական տարատեսակը), իսկ կանայք էլ տղամարդկանց հանդեպ բնական ցանկությունը թողած սկսեցին միմյանց հետ հարաբերվել (լեսբուհիներ): Այս տեսակ այլասերվածության մասին Պողոս առաքյալը գրել է. «Աստված նրանց մատնեց անարգ կրքերի, որովհետև նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով։ Նույնպես և արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ» (Հռոմ. 1.26)։ Նման ոչ բնական սանձարձակությունների պատճառով առաջին՝ հին աշխարհը կործանվեց ջրհեղեղով, ապա, որպես օրինակ, Սոդոմ, Գոմոր քաղաքները բնաջնջվեցին կրակով։ Ինչը նաև մինչև ուղնուծուծն ապականված այս աշխարհին է սպասում, որի մեղքերն առավել են սոդոմականներից։ Այդ մասին Պետրոս առաքյալը, մարգարեանալով, մարդկության վախճանի մասին գրում է այս սթափեցնող տողերը, ի զգուշացում մեզ. «Այն ժամանակվա աշխարհը ապականվելով կործանվեց ջրհեղեղով: Իսկ այժմ երկինք և երկիր վերապահված են այդ նույն խոսքով, կրակի դատաստանի օրվա և ամբարիշտ մարդկանց կործանման օրվա համար» (Ա Պետ. 3.7):
Եվ այս ամենի պատճառը Էրոսի սրբապիղծ, չարահնար սանձարձակությանը տրվելու հետևանքն է լինելու։
Եթե լավ նայենք մեր շուրջը, թեկուզ և մեր ազգի վարքն ու բարքը, ապա կտեսնենք, որ այդ օրը հեռու չէ մեզնից։
(շարունակելի)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ