«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Ննջեցյալները Քրիստոսով պիտի գան ու խառնվեն ողջերին

Ննջեցյալները Քրիստոսով  պիտի գան ու խառնվեն ողջերին
13.09.2013 | 11:07

Հայոց ամենասիրված եկեղեցական տոներից է Սուրբ Խաչի հերթական հիշատակությունը, ինչպես ժողովուրդն է սիրում ասել՝ Սփխեչը։ Այն համարվում է վերջին հինգ տաղավարահարաց տոներից մեկը։ Այդ օրվանից սկսած, մինչև սեպտեմբեր ամսի վերջը, համարյա բոլոր շրջաններում ու գյուղերում մեր ժողովուրդը նշում է իր հին ու նոր ննջեցյալների հիշատակի տոնը, որպես թաքուն հավատ այն բանի, որ, ըստ Սուրբ գրքի, Տիրոջ սուրբ Խաչի երևալու ժամանակ ննջեցյալները Քրիստոսով պիտի գան ու խառնվեն ողջերին, որ դառնան մեկ հոտ, մեկ հովիվ (Ա. Թես. 4:13): Հայերս այդ տոնը, ինչպես ասացինք, կապել ենք ննջեցյալների հիշատակի հետ, որպես հավատ այն բանի, որ իրենց ննջեցյալները Քրիստոսով մի օր պիտի հարություն առնեն: Այդ պատճառով Սուրբ Խաչի տոնը նշելու հաջորդ օրը, որ կոչվում է «Մեռելոց հիշատակի օր», մարդիկ գնում են գերեզմանատները, խնկարկում, աղոթում կամ օրհնել են տալիս իրենց հարազատ ննջեցյալների շիրիմները:

Քանի որ այդ տոնը կապված է սուրբ Խաչի հետ, ապա հարկ է իմանանք նաև տվյալ տոնակատարության բուն պատմությունը, քանի որ մեր Հայաստանյայց եկեղեցու օրացույցում կան ևս չորս տոնակատարություններ նվիրված սուրբ Խաչին։
614 թվականին պարսիկները գրավում են Երուսաղեմ քաղաքը և բարբարոսաբար կողոպտում թանկարժեք իրերը, սուրբ մասունքները, այդ թվում և` որպես անարգանք քրիստոնյա աշխարհին, իրենց հետ գերության են տանում Քրիստոսի Խաչափայտը՝ Զաքարիա պատրիարքի հետ մեկտեղ։ Մահմեդականների արարքը խոցի նման ցավ էր պատճառում քրիստոնեական աշխարհին, բայց զորավոր պարսիկների դեմ ոչ ոք չէր համարձակվում պատերազմի ելնել, մինչև որ 14 տարի անց՝ 628 թվին, Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակի գլուխն անցած, հարձակվում է պարսիկների վրա, պարտության մատնում նրանց և ազատագրում սուրբ Խաչն ու տուն վերադարձնում Զաքարիա պատրիարքի ուղեկցությամբ, որը մեկ տարի անց վախճանվում է։
Գերությունից վերադարձնելով Տիրոջ Խաչափայտը, կայսրը Հայաստանով անցնելիս օթևանում է հայոց Արտազում։ Սյունյաց տիկինը՝ Բյուրեղը, այդ առիթով մեծամեծ ու թանկագին նվերներ է տալիս քաջահաղթ կայսրին, իսկ Հերակլը, ի նշան երախտագիտության, Տիրոջ Խաչափայտից հրաշքով պոկված մի փոքր մասունք է տալիս բարեպաշտ այդ տիկնոջը։ Նա սուրբ մասունքը բերկրությամբ առնելով, շտապում է հետ, բայց ճանապարհի մի տեղանքում, որ կոչվում էր Հացունյաց, հանկարծ ջորին, որի վրա էր սուրբ մասունքը, նստում է ու չի ուզում առաջ գնալ։ Ամեն ջանք գործադրում է, որ ջորին տեղից վեր կենա, բայց ապարդյուն։ Մի ճգնավոր գալիս և հայտարարում է, որ Աստծո կամքն է, որ սուրբ մասունքը այդ տեղում բնակվի ու մնա։ ՈՒստի տիկին Բյուրեղի հրամանով այդ տեղում մի վանք է կառուցվում, որտեղ և պահվում է Տիրոջ Խաչափայտի թանկագին մասունքը։
Քրիստոնեական զորքերի հետ կռվում էր նաև հայոց բանակը` Մժեժ Գնունու հրամանատարությամբ։ Խաչի վերադարձի ժամանակ հաղթող զորքերն անցան Հայաստանով դեպի Կոստանդնուպոլիս, որտեղ միառժամանակ մնալուց հետո, Հերակլ կայսրը անձամբ այն իր ուսի վրա վերցնելով տարավ Երուսաղեմ և զետեղեց Գողգոթայի վրա։ Այդ պատճառով էլ այս տոնը կոչվեց Խաչվերաց, այսինքն՝ սուրբ Խաչի վերադարձը ու բարձրացումը իր նախկին տեղը։
Քանի որ խոսքը Տիրոջ սուրբ ու հաղթական Խաչի մասին է, այժմ երկու վկայություն կարդանք Խաչի վերաբերյալ։

ՕՁՆԵՑՈՒ ՀՐԱՇՔԸ
Հովհան Օձնեցին Հայաստանից հալածում է հույներին, որոնք ուղղափառության անվան տակ մեր հայոց հավատն էին անարգում, ու նրանց պատրիարքին գերի է վերցնում, ով մինչ այդ սպառնացել էր եռացրած ջրի մեջ գցել Օձնեցի մեր վարդապետին։ Մի կաթսա ջուր եռացնելուց հետո Օձնեցին դիմում է նրան՝ ասելով. «Սպառնացել էիր ինձ եռացրած ջրի մեջ գցել. ես այդ քեզ չեմ անի, միայն այս Խաչը գցիր կաթսայի մեջ և հանիր, հետո ձեռքդ մտցրու»։ Հունաց պատրիարքը վախենում է եռացրած ջրում այրել ձեռքը։ Հովհան Օձնեցին խաչակնքում է ջուրը և եռացրած ջրի մեջ գցելով Խաչը՝ ինքն էլ ձեռքը մտցնում է այդ եռացող ջրի մեջ ու հանում առանց վնասվելու։ Հունաց պատրիարքը, հետևելով Օձնեցու օրինակին, ջուրն է մտցնում ձեռքը, որն իսկույն խաշվում է տաքությունից։ «Այդքանը քեզ բավական է որպես պատիժ»,- ասում է Օձնեցին և ազատ է արձակում նրան։ Պատրիարքի հետ լինում է մի հույն վարդապետ։ Տեսնելով Օձնեցու կատարած հրաշքը, նա թողնում է պատրիարքին և գալիս Օձնեցու հետ ճգնելու։ Օձնեցու վանքի մոտ հունարեն տապանագրով մի գերեզմանաքար կա, տեղացիների ասելով` այնտեղ թաղված է Օձնեցու վանքում ճգնող այդ հույն վարդապետը։

ԹՈՒՐՔԱՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐԱԾ ԿՆՈՋ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Երբ դեռ մենք ապրում էինք Թուրքիայի մեր հայկական գյուղերից մեկում, այնտեղ մենք դրացի թուրքեր ունեինք, ովքեր խաղաղ բարքեր ունեին և մեզ հետ բարյացակամ էին վերաբերվում, ներքուստ հարգելով մեր կրոնը, որովհետև մեր տղամարդկանց քաջությունն ու աշխատասիրությունը նրանք լավ գիտեին: Իսկ նրանց կանայք ծանոթ էին հայ կանանց պարկեշտությանն ու մաքրասիրությանը, ինչով իրենք չէին փայլում:
Ցերեկը, երբ գյուղի տղամարդիկ ամեն մեկը իրենց բանջարանոցն ու այգիներն էին գնում, կանայք տան գործն անելուց հետո ազատ լինելով երեխաներին էին պահում, իսկ հետո բակում արևի տակ ջուր դնելով լողացնում էին մեծ տաշտերի մեջ: Քրիստոնյա կանայքս սովորաբար շաբաթ օրերին էինք լողանում, որ Աստծո կիրակի օրը մաքուր գնայինք եկեղեցի: Այս բոլորը պատմեցի, որ հասկանալի լինի մի զարմանալի բան: Ասացի, որ ամառները լողանում էինք բակում, ու քանի որ գյուղում ջրի պակասություն կար, սովորաբար այդ ջուրը մեծ տաշտերի մեջ էինք թողնում, որ երբ երեկոյան նախիրը գա, կովերը խմեն: Մենք՝ քրիստոնյաներս, դեռ մեծ տատիկներից սովորել էինք, որ թե՛ երեխաների, թե՛ մեր լողանալուց առաջ, ջուրը լցնելիս, ասենք. «Հիսուս Քրիստոս», որից հետո ջրում ձեռքով խաչ էինք հանում, որ ամեն չար ու հիվանդություն խափանվի:
Եվ երբ նախիրը կամաց-կամաց գյուղի միջով անցնում է, գյուղացիները շատ անգամ զարմացած նկատել են, որ կովերը թուրքի կնոջ լողացած տաշտի մոտ կանգնում, հոտոտում-հոտոտում ու փնչացնելով հեռանում էին, իսկ երբ քրիստոնյա կանանց ու երեխաների լողացած ջրին էին մոտենում, հաճույքով խմում էին մինչև վերջ:

Խաչյալին սիրողների համար քաղեց
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ