Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Աստված սէր է (մաս 3-րդ)

Աստված սէր է (մաս 3-րդ)
20.09.2013 | 11:40

(սկիզբը՝ այստեղ)

ԱԳԱՊՈՍ։ Սիրո չորրորդ տեսակն է։ Ամենակատարյալը, գերագույնը և ամենասուրբը։ Այս տեսակի սերն առանձնանում է մյուսներից նրանով, որ չի պարունակում ոչ կիրք, ոչ զգացմունք, ոչ ցանկություն, ոչ քնքշություն, ոչ ջերմություն։ Զարմանալի է, չէ՞. որովհետև նման սերը հիմնված է զուտ այդ սիրո օբյեկտի լինելության վրա, առանց գերագնահատելու, կամ թերագնահատելու, այլ սքանչանում, հիանում, փառաբանում և ուրախանում ենք նման սիրո առկայությունից։ Մեղավոր ու դրախտից արտաքսված մարդը նման սեր չունի, քանի որ այն վերերկրային է ու «վերմարդկային», և այն անվանում են աստվածային սէր։ Նման սիրո արժանանալով (ոչ թե հասնելով, կամ վաստակելով, քանզի այն անգին է ու վեհագույն), մարդը երկնքից կարծես օծվելով այդ սիրո թրթիռներով, մաքրագործվում է, սրբանում է ու մի տեսակ դրախտային զմայլանք է ապրում, և մնացած կյանքի ընթացքում նրա գերագույն նպատակն է դառնում ամեն գնով, թեկուզ և ամենաթանկագինը՝ սեփական կյանքը, զոհաբերելով, հասնել այդ սիրո աղբյուրին։
Ասացինք, որ այն կախված չէ «սիրվող» առարկայի կամ էակի արժանիքներից, ոչ էլ նրա արտաքին գեղեցկությունից, տածած զգացմունքներից, կատարած գործերից կամ էլ զոհողություններից։ Նման սէր երկրային¬հորիզոնական մարդկային հարաբերության շերտում չկա, գոյություն չունի, այլ այն երկնաձիգ¬ուղղահայաց է, քանզի ծնվում է սիրո ակունքից՝ Աստծո սրտից (եթե կարելի է համեմատության համար օգտագործել նման արտահայտություն)։ Հովհաննեսի ավետարանում այդպես էլ գրված է. «Աստված Սէր է», կամ տվյալ դեպքում կարելի է ասել՝ Աստված Ագապոս է։ Նույն առաքյալի ավետարանում, որտեղ պատմվում է Հիսուսի զրույցը Պետրոսի հետ, այդ սիրո ամենաարտահայտիչ դրվագն է. «Եվ երբ ճաշեցին, Հիսուս Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք»: Սա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, և Դու գիտես, որ սիրում եմ Քեզ»: Նրան ասաց՝ արածացրո՛ւ Իմ գառներին: Դարձյալ ասաց նրան. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ»: Նա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, և Դու գիտես, որ սիրում եմ Քեզ»: Նրան ասաց՝ արածացրո՛ւ Իմ ոչխարներին: Երրորդ անգամ նրան ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»: Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ իրեն ասաց, թե՝ սիրո՞ւմ ես ինձ: ՈՒ նրան պատասխանեց. «Տե՛ր, Դու ամեն ինչ գիտես, Դու Ինքդ ճանաչում ես բոլորին և գիտես, թե սիրում եմ քեզ»: Հիսուս նրան ասաց. «Արածեցրո՛ւ Իմ ոչխարներին» (Հովհ. 21.15-17):
Այս հարց ու պատասխանի մեջ հայերեն, կամ այլ լեզուներով, բացի հունարենից, «սիրում ես», «սիրում եմ» բառերի մեջ տարբերություն չի դրվում, մինչդեռ իրականում հին հունարեն բնագրում Հիսուսը Պետրոսին հարցնում է. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես (Ագապո՞ս- Մ. Բ.) Ինձ ավելի, քան դրանք»: Սա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, և Դու գիտես, որ սիրում եմ (այստեղ ֆիլոս- Մ. Բ.) Քեզ»: Նրան ասաց՝ արածեցրո՛ւ Իմ գառներին: Դարձյալ ասաց նրան. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես (Ագապո՞ս- Մ. Բ.) Ինձ»: Նա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, և Դու գիտես, որ սիրում եմ (ֆիլոս- Մ.Բ.) Քեզ»: Նրան ասաց՝ արածեցրո՛ւ Իմ ոչխարներին: Երրորդ անգամ նրան ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես (այստեղ արդեն ֆիլոս- Մ. Բ.) Ինձ»: Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ իրեն ասաց, թե՝ սիրո՞ւմ ես ինձ: ՈՒ նրան պատասխանեց. «Տե՛ր, Դու ամէն ինչ գիտես. Դու Ինքդ ճանաչում ես բոլորին և գիտես, թե սիրում եմ (ֆիլոս- Մ. Բ.) Քեզ»:
Եթե ուշադիր եղաք, այս հարց ու պատասխանի ժամանակ Հիսուսը երկու անգամ հարցրեց Ագապոս սիրո մասին, երկու անգամ էլ Պետրոսը խոնարհաբար պատասխանեց, որ ինքը Տիրոջը միայն Ֆիլոս սիրով է սիրում։ Իսկ երրորդ անգամ Տերը մեղմացրեց իր հարցի վերերկրային՝ Ագապոս սիրո հարցադրումը, փոխարինելով այն Ֆիլոս տեսակով, քանի որ Պետրոսը դեռ Սուրբ Հոգին չէր ստացել, որ կարողանար Ագապոս սեր ունենալ։ Իսկ Հոգեգալստից հետո նույն Պետրոս առաքյալը, ստանալով այդ վերերկրային Սերը, համարձակորեն գրեց իր ուղերձներում. «Ջանք արեք ձեր հավատով առաքինություն ձեռք բերել, առաքինությամբ՝ գիտություն, գիտությամբ՝ ժուժկալություն, ժուժկալությամբ՝ համբերատարություն, համբերատարությամբ՝ աստվածպաշտություն, աստվածպաշտությամբ՝ եղբայրասիրություն, եղբայրասիրությամբ՝ Սէր (Ագապոս- Մ. Բ.)» (Բ Պետրոս 1.5-7)։ Եվ նույն Պետրոսը, որ հավաստիացնում էր Հիսուսին, որ Նրա հետևից մինչև բանտ էլ կգնա, նույն գիշերը երեք անգամ ուրացավ իր Վարդապետին, իսկ երբ Սուրբ հոգուց երկնային Սէրը ստացավ, անվախորեն հազարավորների առաջ վկայեց Հիսուս Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ, իսկ իր առաքելության վերջում ուրախությամբ գնաց նահատակության, նույնիսկ իրեն անարժան համարելով Տիրոջ նման խաչվել, խնդրեց, որ իրեն գլխիվայր խաչեն։
Հիսուս Տերը Իր երկինք վերադառնալուց առաջ նման Ագապոս-Սիրո մասին վերջին անգամ իրեններին ասաց. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց, ինչպես Ես ձեզ սիրեցի» (Հովհ. 13. 34)։ Մինչ այդ, երբ Նա Իր հետևորդներին պատվիրում էր «Սիրեցեք ձեր թշնամիներին», Ինքն էլ կատարեց Իր քարոզածը, Իրեն անարգող, սպանող թշնամիների համար Իր Կյանքը դրեց` հոժարելով Խաչի մահվան։
Սա՛ էլ իմանանք, որ Ագապոս-Սէր բառը Աստվածաշնչի մեջ առաջին անգամ օգտագործվեց այն պահից, երբ Հիսուսի մկրտության ժամանակ երկնքից Հայրը խոսեց, ասելով. «Դո՛ւ ես Իմ Սիրելի Որդին, որ ունես Իմ ամբողջ բարեհաճությունը»։
Նման վերերկրային սիրով Աստծուն ու մարդկանց սիրել են սուրբ Տիրամայրը, սրբերը, նահատակները, մարտիրոսներն ու Աստծո հավատարիմները։ Այդ երանելիները, լցված լինելով Աստվածային Սիրով, նույնիսկ սիրելով իրենց տանջողներին ու խոշտանգողներին, աղոթել են նրանց համար, նմանվելով իրենց Տիրոջը, Հիսուս Քրիստոսին, Որը Խաչի վրա գամված ժամանակ աղոթում էր Իրեն խաչողների համար, ասելով «Հայր, ներիր սրանց, քանի որ չգիտեն՝ ինչ են անում»։ Եվ առաջինը, որ նմանվեց Տիրոջը, Ստեփանոս Նախավկա սարկավագն էր, ով աղոթում էր իրեն քարկոծողների համար, ինչի շնորհիվ էլ Պողոս առաքյալը հետագայում դարձի եկավ ու վերածվեց Եկեղեցու ամենաբեղմնավոր ու նախանձախնդիր ծառայի։ Եվ որն էլ ճաշակելով երկնային այդ անբացատրելի Սիրուց, գրեց Աստվածային Սիրո Հիմնը, որ կկարդաք ամենավերջում։
Աստվածային սէր ունեին նաև Հռիփիսիմե կույսը, սրբուհի Գայանեն, Գրիգոր Լուսավորիչը, ովքեր աղոթում էին իրենց տանջող ու խոշտանգող Տրդատի համար, ինչի շնորհիվ այդ հեթանոս թագավորը առաջին քրիստոնյա արքայի վերածվեց ու մկրտվելով, Հովհաննես՝ Սիրո առաքյալի անունը ստացավ։
Անդրադառնալով վերը գրված վերլուծական բացատրություններին, հայերենով նույնպես փորձ անենք տարանջատել այդ աստվածային էությունը պարունակող բառի սրբությունը դարերի ու ժամանակի մեջ աղտեղացած մտայնությունից, և Էրոսը գրենք որպես սեռ, ինչպես տարանջատված է անգլերենում և նման հարաբերությունները կոչել են սեքս, այսինքն՝ լոկ սեռերի միջև եղած մարմնական հարաբերություն: Ֆիլոսը և Ստորգեն անվանենք սեր (քանզի ուղղվածությամբ նույնն են), իսկ Ագապոսը Սէր կոչենք, որի մեջտեղի տառը Սէր Աստծո անունն է նշանակում, ինչպես որ գրված է Աստվածաշնչում. «Ես եմ որ Է-ն»։ Եվ դարձյալ գրաբարով և Տէր բառն է գրվել «Է»¬ով, և ճշմարիտ Սէր բառը։ ՈՒրեմն, կարող ենք եզրակացնել, որ «սերմ» բառը սերվել է «սեր» բառից, ու եթե այդ սերմը պարունակում է սրբություն ու մաքրություն, այսինքն՝ «Է» Աստծուն, ուրեմն այդ Սէրը վերերկնային է, ու հավիտենական։ Այդ պատճառով Պողոս առաքյալը ավելացնում է. «Սէրը պատվիրանի գլուխն է», ու թող «Ձեր Սէրն անկեղծ լինի», այսինքն՝ առանց երկրային սերերի խառնուրդի։ Հիմա, որպես օրինակ, կարդանք մի վկայություն նման երկնային Սէր կրող մի ճգնակյացի մասին։
«Վանքի ոմն եղբայր մի ծեր ճգնավորի խցից գողանում էր նրա ապրուստի սնունդը։ Ծերը տեսնում էր, սակայն ոչինչ չէր ասում, մտածելով, որ այդ եղբայրը ավելի կարիքավոր է։ Շուտով հացի պակասությունից ծերը տկարացավ ու ծանր դրության մեջ ընկավ։ Երբ ծերը մեռնում էր, եղբայրները շրջապատեցին նրան։ Նա տեսնելով նրանց մեջ իր հացը մշտապես գողացող եղբորը, մոտ կանչեց, բռնեց նրա ձեռքերը ու համբուրելով ասաց. «Շնորհակալություն այս ձեռքերին, որոնց շնորհիվ ես հույս ունեմ Աստծո Արքայությունը մտնելու»։ Այս խոսքերից եղբայրը խիստ հուզվեց ու զղջումով ապաշխարեց, և հետագայում այդ ծերին ընդօրինակելով, դարձավ խստակյաց վանական»։
Ինչպես կարդացիք, սիրո մասին ոչ մի բառ, բայց համակ Աստծո սէր, քանզի այդ սէրը իր պտուղից է երևում։
Եվ վերջապես ի լրումն այս ամենի այժմ կարդանք կատարյալ Սիրո օրհներգը, որ գրվեց այն մեկի միջոցով, որ քրիստոնյաներին հետապնդելիս անապատում տեսավ Քրիստոսին, ՈՒմ ինքը հալածում էր, զգաց Նրա անսահման Սէրը մարդկության հանդեպ, սիրահարվեց Իր Փրկչին ու իր կյանքը դրեց Ավետարանի լույսը դեռևս անգիտության խավարում գտնվող հեթանոսների մեջ տանելու համար։

ՕՐՀՆԵՐԳ ՍԻՐՈ

(Ա Կորնթացիներին 1. 13)


«Եթե խոսեն մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց Սէր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղողանջում են:
Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և հասկանամ բոլոր խորհուրդներն
ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը՝
մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց Սէր չունենամ, ոչինչ եմ:
Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրվելու,
բայց Սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա:
Սէրը համբերող է, քաղցրաբարո է. սէրը չի նախանձում, չի ամբարտավանանում,
չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում,
բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում,
այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում է։
Սէրը երբեք չի անհետանում. թե մարգարեություններ են, պիտի չքանան.
թե լեզուներ՝ պիտի լռեն. թե գիտություն՝ պիտի անցնի.
քանզի շատից քիչը գիտենք և շատից քիչն ենք մարգարեանում:
Իսկ երբ գա կատարյալը, շատից քիչը կանհետանա:
Բայց արդ, մնում են Հավատ, Հույս, Սէր.
սրանք՝ երեքը. և սրանցից մեծագույնը Սէրն է»:

Աստվածային այդ սէրը սրտում ադամորդիներից առաջինը ապրեց մեր Սրբասուրբ Տիրամայրը, հետո նրանք, ովքեր Սուրբ հոգու երկնային զորությունը ստացան, որ համակ սէր է։

Դիտվել է՝ 2718

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ