(սկիզբը՝ այստեղ)
ՏԻՐՈՋ ՊԱՏԳԱՄՆԵՐԻՑ ԴԺՈԽՔԻ ՄԱՍԻՆ
«Դժոխքում հայտնվում են մեծ մասամբ նրանք, ովքեր չեն հավատում դժոխքի գոյությանը»,- ասել են սուրբ հայրերը։ Եվ ինչքան Տիրոջ գալստյան օրերը առավել մոտ են, այդքան էլ տեսիլքները, երազներն ու մարգարեություններն են առատ, քանի որ Տերը չի ուզում որևէ մեկի կորուստը։ Դրա համար կարդանք Հիսուս Քրիստոսի տված «Ճշմարիտ կյանք Աստծո մեջ» գրքի պատգամներից։
Մարտի 7, 1987
-Այսօր դու պիտի հետևես Ինձ Իմ թշնամու մութ տիրապետության մեջ, որպեսզի տեսնես, թե ինչպես են տառապում այն հոգիները, որոնք մերժել են Ինձ:
-Հիսուս, մի՞թե նրանք կորսված են:
-Նրանք, ովքեր դժոխքում են՝ այո՛, բայց նրանք, ովքեր քավարանում են` փրկված են Իմ սիրելիների կողմից, նրանց սիրո շնորհիվ, ովքեր աղոթում են ու հատուցում նրանց համար: Մի՛ վախեցիր, որովհետև Իմ Լույսը պաշտպանում է քեզ, և Ես քեզ հետ եմ:
ՈՒ ես ինձ տեսա գետնի տակ: Դա նման էր գետնափոր մի մութ քարայրի և լուսավորված էր միայն կրակով: Խոնավ էր, իսկ գետինը` կպչուն: Ես տեսա մի քանի հոգու, որոնք շարքով կանգնած էին: Նրանք կապված էին, և միայն նրանց գլուխներն էին երևում՝ չարչարված դեմքերով:
Շատ աղմկոտ էր. թվում էր երկաթյա մեքենաներ են աշխատում: Գոռգոռոց, թխկթխկոց, սուր ճիչեր. մեծ իրարանցում էր: Այդ գլուխների առջևում ինչ-որ մեկը կանգնած էր ձեռքը պարզած, իսկ ափի մեջ լավա կար: Նրա թևը շարժվում էր աջից ձախ` թափելով, շաղ տալով տաք լավան այդ դեմքերի վրա, որոնք ուռել էին այրուցքներից: Հանկարծակի, այդ մեկը, որ ես հասկացա, սատանան էր...»։
Հիսուսի խոսքը դժոխքի մասին. «Ես ուզում եմ, որ այս բոլորը դու գրի առնես: Մոտ մնա Ինձ, սիրելիս: Ես ուզում եմ, որ Իմ զավակները հասկանան, որ նրանց հոգիները ապրում են, և որ չարը գոյություն ունի: Այն ամենը, որ գրված է Իմ Օրհնյալ Խոսքում, առասպել չէ. սատանան գոյություն ունի և աշխատում է կործանել ձեր հոգիները: Ես տառապում եմ, երբ ձեզ տեսնում եմ, որ քնած եք ու անգիտակ նրա գոյությանը: Ես գալիս եմ ձեզ զգուշացնելու, տալով ձեզ նշաններ, բայց, ցավոք, ձեզնից շատերն Իմ զգուշացումները որպես հեքիաթներ են ընդունելու:
Սիրելիներս, Ես ձեր Փրկիչն եմ, մի՛ մերժեք Իմ խոսքը. դեպի Ի՛նձ շրջվեք և զգացեք սիրույս տառապանքները, որ Ես ունեմ ձեր հանդեպ: Ինչո՞ւ, ինչո՞ւ եք այդքան ուզում ձեզ նետել սատանայի ոտքերի տակ:
Օ՜, եկե՛ք, դուք բոլորդ, ովքեր այլևս չեք հավատում Ինձ, մոտ եկե՛ք Ինձ, բոլորդ, ովքեր լքել եք Ինձ. եկեք և տեսեք, քանզի հենց հիմա է լսելու ժամանակը: Դուք բոլորդ, ովքեր վիրավորել եք Իմ Հոգին, վե՛ր կացեք, ուշքի՛ եկեք և տեսեք Իմ Լույսը: Մի՛ վախեցեք Ինձնից. Ես ձեզ ներել եմ: Ես կվերցնեմ ձեր մեղքերը և Իմ Արյունը կլվա դրանք: Ես թողություն կտամ ձեր թուլություններին և կներեմ ձեզ:
Եկե՛ք և կլանե՛ք արդարության ցողը` վերականգնելու ձեր հոգիները, որոնք դեպի կործանման են ուղղված: Ես գալիս եմ ձեզ փնտրելու, Ես գալիս եմ Իմ մոլորված ոչխարներին որոնելու: Մի՞թե Ես, որպես Բարի Հովիվ, երբ տեսնեմ ձեզ մոլորված, անտարբեր կմնամ:
-Տե՛ր, ես խղճում եմ այն հոգիներին, որոնք դժոխք են գնում։ Ի վերջո, նրանք նման են մեզ` մեզնից մեկը երկրի վրա: Եթե մի կերպ հնարավոր լիներ նրանց դժոխքից դուրս բերել և փոխել նրանց...
-Ես նրանց տվել էի բարու ու չարի ընտրության ազատությունը, բայց նրանք նախընտրեցին չարը՝ հակառակ Իմ աղերսներին ու Սիրո կանչերին:
-Բայց, Տե՛ր, մի՞թե մեկ ուրիշ հնարավորություն չկա այլևս։
-Զավա՛կս, դու չես հասկանում, որ նրանք ամբողջապես մերժում են Ինձ։ Ես սիրել եմ նրանց մինչև վերջին պահը: Սատանայի կողմից առաջնորդվելով, նրանք նախընտրեցին նրան հետևելը: Նույնիսկ նրանց մահվանից հետո Ես նրանց առջևում եմ եղել, բայց նրանք իրենց կամքով սատանային հետևեցին՝ առանց փոքր-ինչ հապաղելու: Դա ամբողջապես նրանց ընտրությունն է. նրանք ընդմիշտ դժոխքը ընտրեցին» (Ապրիլի 1, 1989 թ.)։
Ավարտենք այս սարսափազդու վայրի մասին Աստծո մխիթարիչ խոսքով, քանզի այն ժամանակ, երբ դեռ Հիսուսը չէր խաչվել, ամբողջ մարդկությունը, Ադամից սկսած, Հովհաննես Մկրտչով վերջացրած, դեռևս գտնվում էին եբրայերեն Շեոլ կոչվող վայրում, որը նման էր վերը նկարագրված դժոխքին, բայց մի տարբերությամբ՝ արդարներն ու բարիները չնայած գտնվում էին այդ Շեոլ կոչվող անդրաշխարհում, բայց առանձնացված մի վայրում, ինչը ապագա դրախտի խորհուրդն էր կրում։ Այդ տեղն Ավետարանը անվանում է Աբրահամի գոգ, ինչպես գրված է. «Երբ աղքատը մեռավ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը. մեծահարուստն էլ մեռավ և թաղվեց։ Եվ դժոխքում, մինչ սա տանջանքների մեջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռվից տեսավ Աբրահամին և Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգստացած» (Ղուկաս 16.22-23): Եվ, ըստ սուրբ հայրերի մեկնաբանության, Հովհաննես Մկրտիչը ինչպես երկրի վրա վկայեց Հիսուս Քրիստոսով փրկության մասին, այդպես էլ Շեոլում քարոզեց։ Երբ Հիսուսին խաչեցին ու մարմինը դրեցին գերեզման, Նա Հոգով իջավ դժոխք և ավերեց այն. «Արդարև, մեր բոլորի համար, մեղքերի պատճառով, մեկ անգամ մեռավ և Ինքը Քրիստոս՝ Արդարը՝ անարդարների համար, որպեսզի մեզ մոտեցնի Աստծուն. նա թեպետև մարմնով մեռավ, բայց կենդանի է Հոգով, Որով և գնաց քարոզեց բանտում եղած այն հոգիներին, որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծո համբերատարությունը երկարաձգվում էր նրանց համար մինչև Նոյի օրերը, երբ տապանն էր շինվում» (Ա Պետրոս 3.18-20):
Այսչափ վկայությունների առատությունից հետո թող յուրաքանչյուր ոք ինքը որոշի այս ամենի իրականության, և առավելը՝ այս մարմինը մահով լքելուց հետո իր հոգու համար հավիտենական բնակավայրի ընտրությունը:
ՈՒրեմն Տերն իմաստնացնի բոլորիս, որ չարը մերժելով, բարին ընտրենք, ու դրա օրհնյալ պտուղները վայելենք հավիտենապես՝ Տիրոջ դրախտում:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ