Հարցազրույց աստվածաբանության մագիստրոս Հայր Եղիա Խաչատրյանի հետ:
-Հա՛յր սուրբ, օրերս գնացել էիք Երուսաղեմ ուխտագնացության, որտեղ, կարծում եմ, ամեն մի քրիստոնյա կցանկանար կյանքի ընթացքում գեթ մեկ անգամ լինել: Ինչպիսի՞ն էին զգացողությունները Սուրբ քաղաքում:
-Ճիշտ նկատեցիք, որ ամեն մի քրիստոնյա պետք է ջանա գոնե կյանքում մեկ անգամ ուխտի գնալ Երուսաղեմ` նորոգելու և ամրապնդելու իր հավատքն առ Աստված: Հին ժամանակներում մարդիկ նույնիսկ ոտքով են գնացել Երուսաղեմ ուխտի, որի ժամանակ ողջ ճանապարհին հանդիպել են մահու չափ վտանգավոր փորձությունների: Այդ պատճառով էլ Երուսաղեմի ուխտավորները հնում կոչվել են մահտեսի, այսինքն` մահը տեսնող: Այն զգացողությունը, որն ապրեցինք այդ օրերին, բառերով հնարավոր չէ բացատրել. կարծես երկնքի ու երկրի հպման սահմանագծին գտնվես, որտեղից ավելի ջինջ է երևում Աստծո մեծությունն ու փառքը: Սրտի թրթիռով էինք մոտենում ամեն մի սրբատեղիի, քանի որ այդ վայրերով քայլել էր մեր Տերը` Քրիստոս, իր Ծնունդից մինչև Համբարձում անցել տնօրինական ճանապարհներով, զանազան հրաշագործություններ կատարել, Արքայության Ավետարանը քարոզել, մարդկանց փրկության ավետիսը փոխանցել:
-Առաջին անգա՞մ եք լինում Երուսաղեմում: Ովքե՞ր կային ձեր խմբում, ի՞նչ հաճելի հիշողությունններ կպատմեք մեզ:
-Այո՛, առաջին անգամն էր, բայց ո՛չ` վերջինը: Երուսաղեմի հանգուցյալ Պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանը բոլոր ուխտավորներին մաղթում էր, որ յոթ անգամ ուխտի գան Երուսաղեմ, որպեսզի իրենց բոլոր փափագներն ի կատար ածվեն: Նույն մաղթանքը մեզ փոխանցեց նաև ներկայիս Պատրիարք Նուրհան արք. Մանուկյանը, երբ ուխտավորներիս ընդունեց պատրիարքարանի սրահում` բաշխելով իր հայրական օրհնությունները: Մեր ուխտագնացությանը միացել էին տարբեր խավի և մասնագիտության տեր անձինք հիմնականում Երևանից ու հարակից շրջաններից, որոնց թվում էր նաև Հայաստանի Մեղվապահների ազգային ֆեդերացիայի նախագահ, «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն տիկին Ռոզա Ծառուկյանը` իր աղջկա հետ:
Սուրբ քաղաքից բավական լավ հիշողություններ ենք մեզ հետ բերել, անմոռանալի տպավորություններ, գեղեցիկ հուշեր: Դժվար է առանձնացնել մեկը մյուսից, սակայն այս պահին կուզենայի մատնանշել Սուրբ Հարության տաճարի վեհությունն ու խորհրդավորությունը, հատկապես թափուր Գերեզմանի վրա ամեն գիշեր մատուցվող Սբ. Պատարագի արարողությունները և երեկոյան թափորները: Ինձ համար շատ տպավորիչ էր հատկապես Համբարձման տոնակատարությունը Ձիթենյաց լեռան վրա` վրանների տակ, երբ կողք-կողքի միաժամանակ տարբեր եկեղեցիներ Սբ. Պատարագ են մատուցում:
-Ի՞նչ առիթով էիք գնացել երեք կրոնների քաղաք և աստվածաշնչյան ո՞ր սրբավայրերն եք այցելել:
-Դեպի Սուրբ երկիր մեր ուխտագնացությունը տեղի ունեցավ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Համբարձման տոնի առիթով, որի ժամանակ այցելեցինք Իսրայելի ու Պաղեստինի տերունակոխ և աստվածաշնչական սրբավայրերը: Եղանք Սրբոց Հակոբյանց հայոց Մայրավանքում: Վանքը նվիրված է Հակոբոս առաքյալին և Հակոբոս տեառնեղբորը, ինչի համար էլ կոչվում է Սրբոց Հակոբյանց։ Այստեղ են պահվում Հայոց Հեթում թագավորի գավազանն ու բազմաթիվ սուրբ մասունքներ։ Վանքը գտնվում է հին քաղաքում, որի շրջափակից ներս կարող ենք տեսնել Մայր տաճարը՝ կից մատուռներով ու եկեղեցիներով, Երուսաղեմի հայոց պատրիարքարանը, ձեռագրատունն ու Կյուլպենկյան մատենադարանը, ժառանգավորաց վարժարանն ու ընծայարանը։ Սրբոց Հակոբյանց վանքից ոչ հեռու, նրա արևելյան և Երուսաղեմի հարավային կողմում է գտնվում Սուրբ Հրեշտակապետաց հայոց վանքը։ Ըստ ավանդության` եկեղեցին կառուցված է Աննա քահանայապետի տան գավթի տեղում, ուր եղավ Հիսուսի հարցաքննությունը։ Եկեղեցին նվիրված է Տիրոջ առաջին չարչարանքի և բանտարկության հիշատակին։ Սուրբ Հրեշտակապետաց վանքի մոտ կառուցված է Սուրբ Փրկչի վանքը։ Եթե Սուրբ Հրեշտակապետացը կառուցված է Աննա Քահանայապետի տան տեղում և կոչվում է Առաջին բանտ, ապա սա Կայիափայի տան տեղում է և կոչվում է Երկրորդ բանտ։ Այստեղ էր, որ Պետրոսը երեք անգամ ուրացավ Հիսուսին, և լուսադեմին կանչեց աքաղաղը։ Գլխավորը Քրիստոսի սուրբ գերեզմանի` այստեղ պահվող կափարիչն է, որն հաստատված է որպես սեղան, և դրա վրա Սբ. Պատարագ է մատուցվում։ Ապա այցելեցինք Սուրբ Հարության տաճար: Սա Երուսաղեմի և, ընդհանրապես, քրիստոնեական աշխարհի ամենանվիրական ու գլխավոր սրբավայրերից է։ Այն կառուցված է Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի խաչելության տեղի, Խաչի գյուտի քարայրի և մի շարք այլ սրբավայրերի վրա։ Այստեղ է նաև պատանքի տեղը, որտեղ Հիսուսին իջեցնելով խաչից` պատանեցին: Քրիստոսի գերեզմանը գտնվում է Սուրբ Հարության տաճարի մեծ գմբեթի տակ` վիմափոր ժայռերի մեջ և երկու խորշի է բաժանված։ Տաճարը համատեղ տնօրինում են Հայ, Հույն և Կաթողիկե եկեղեցիները, և նրանց է վերապահված այս սրբավայրի մաքրությունը, նորոգությունն ու գործածությունը։ Հայոց եկեղեցու իրավասությունների շրջանակում մասնավոր իրավունքներ ունեն նաև ղպտիներն ու ասորիները։ Համբարձման տոնին բարձրացել էինք Ձիթենյաց լեռ, որտեղ էլ գտնվում է Համբարձման մատուռը։ Այս սրբատեղին նշանավոր է նրանով, որ երկրի վրա կրում է Քրիստոսի վերջին ոտնահետքերի տեղերը. քառանկյուն շրջանակի մեջ առնված է այն բնական ժայռը, որտեղից Աստծո Որդին համբարձվել է։ Երկրաշարժից Համբարձման մատուռն ավերվել է։ 19-րդ դարի սկզբին մահմեդականներն այս տեղում մզկիթ են կառուցել, որտեղից դուրս, սակայն, մնացել են սեղանները: Համբարձման տոնին հայերը, հույները, կաթոլիկեները, ղպտիներն ու ասորիները վրաններ դնելով` այստեղ Սբ. Պատարագ են մատուցում։ Ձիթենյաց լեռան վրա է այն եկեղեցին, որը կոչում են բոլոր ազգերի եկեղեցի։ Այստեղ է Հիսուս իր աշակերտներին սովորեցրել «Հայր մեր» տերունական աղոթքը։ Եկեղեցու պատերի հախճապակե սալիկների վրա աշխարհի տարբեր ազգերի լեզուներով գրված է «Հայր մերը»։ Դրանց հերթականության մեջ հայերենը երրորդն է։ Այցելեցինք նաև Սուրբ Կույսի գերեզմանը: Թեև Ավետարանները Տիրամոր վախճանման ու թաղման մասին չեն պատմում, սակայն, համաձայն եկեղեցական ավանդության, Սուրբ Կույսը ննջումից հետո թաղվում է Գեթսեմանիում, ապա մարմնով երկինք վերափոխվում։ Գեթսեմանիի եկեղեցին կառուցված է այն տեղի վրա, ուր դրվել է Սուրբ Կույսի մարմինը։ Գրեթե ամբողջությամբ հողի մեջ թաղված եկեղեցին մեկն է Երուսաղեմի ամենաինքնատիպ շինություններից։ Եկեղեցու կենտրոնից դեպի արևելք գտնվում է Սուրբ Կույսի գերեզմանը՝ առնված առանձին մի փոքրիկ մատուռի մեջ, ուր ամեն առավոտ հաջորդաբար Սբ. Պատարագ են մատուցում հույներն ու հայերը։ Շաբաթվա ընթացքում երկու անգամ պատարագում են նաև ղպտիներն ու ասորիները։ Հաջորդ հանգրվանը Բեթղեհեմի Ծննդյան քարայրն էր: Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան Տաճարում, ի շարս հույների ու լատինների, իր ներկայությունն ունի նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Սուրբ Ծննդյան տաճարը կառուցված է այն այրի վրա, ուր ծնվեց Հիսուս։ Բուն այրի մեջ է գտնվում Հիսուսի ծնված տեղը և մսուրը։ Հիսուսի ծննդյան այրում գտնվում է Պատարագի մի սեղան, որը հայերինն ու հույներինն է։ Հայերին է պատկանում նաև եկեղեցու հյուսիսային թևը։ Հայոց իրավասության ներքո կա պատարագամատույց ևս երկու սեղան։ Վերջում Քրիստոսի հետքերով հասանք Թաբոր լեռ, ուր մեր Տերը պայծառակերպվեց: Այնտեղից ուղևորվեցինք Նազարեթ, Կանա, Գալիլիա, Հոպպե` խոնարհվելով տեղի հրաշագործ սրբավայրերին:
-Երուսաղեմի հայկական համայնքը վաղու՞ց է ստեղծվել:
-Հայերը Երուսաղեմում բնակություն են հաստատել շատ վաղուց, և հայ-հրեական քաղաքական, մշակութային շփումները հազարամյակների պատմություն ունեն: Քրիստոնեության մուտքից հետո շատ հայեր բնակություն հաստատեցին Սուրբ երկրում, և հայկական եկեղեցին առաջիններից էր, որ ներկայացված էր Պաղեստինում: Կիլիկիայի թագավորության բազմաբնույթ շփումները Երուսաղեմի խաչակրաց թագավորության հետ քաջ հայտնի են պատմությանը: Կարծիք կա, որ հայկական համայնքը Երուսաղեմում ձևավորվել է դեռևս 5-րդ դարից: Այսօր էլ բավական աշխույժ է հայ համայնքի առօրյան: Սակայն ավելի խնամք և հոգածություն է անհրաժեշտ, որպեսզի Երուսաղեմի հայերը չարտագաղթեն Եվրոպա ու Ամերիկա, այլ մնան և շենացնեն տեղի սրբավայրերը: Ներկայումս Իսրայելում բնակվում է շուրջ 13 հազար հայ: Իսրայելում գործում են ՀՅԴ-ի, ՌԱԿ-ի տեղական մարմինները, հայկական դպրոցներ, ՀՄԸՄ-ի, ՀԵՄ-ի, ՀՕՄ-ի մասնաճյուղերը, հասարակական, մշակութային, երիտասարդական այլ կազմակերպություններ, լույս են տեսնում «Սիոն» և «ՀԵՄ եռամսյա» պարբերականները:
-Ինչո՞վ են զբաղվում այնտեղ հայերը: Ի տարբերություն մյուս հայկական գաղթօջախների՝ Երուսաղեմում ինչպե՞ս է դրված ազգային ինքնության պահպանման հարցը:
-Երուսաղեմում հայերը հիմնականում կցված են հայոց վանքի զանազան վարչական կառույցներին, մի մասն էլ զբաղվում է գործարարությամբ: Զգալի թիվ են կազմում արհեստավորները, լուսանկարիչները, հախճապակեգործները, մտավորականները, բժիշկները, իրավաբանները, առևտրականներն ու ձեռնարկատերերը: Ինձ ուրախացրեց այն հանգամանքը, որ տեղի հայերը հայախոս են` ի տարբերություն արտասահմանյան մյուս հայկական գաղթօջախների: Երուսաղեմում գործում է նաև Սրբոց Թարգմանչաց հայկական երկսեռ վարժարանը, որը հայեցի կրթություն է ապահովում երուսաղեմցի նորաբողբոջ սերնդին:
-Ինչպիսի՞ն է այսօր Երուսաղեմում գտնվող հայապատկան սրբավայրերի վիճակը:
-Երուսաղեմում հայերը բավական իրավունքներ ունեն, որոնց տեր կանգնելը հեշտ բան չէ: Երբեմն հարկ է լինում դիվանագիտության կողքին նաև «ոգի ի բռին» պայքարել: Հայապատկան սրբավայրերը, Երուսաղեմի հայկական եկեղեցին դարավոր պատմություն ունեն, վերջինս կազմակերպված, բազմաճյուղ հաստատություն է: Այսօր Երուսաղեմի եկեղեցիների և սրբավայրերի ճնշող մեծամասնությունը հայապատկան է, որոնք, ընդհանուր առմամբ, խնամքով են պահպանված, կա ամենօրյա հսկողություն: Ճիշտ է, քաղաքում նշանակալից են նաև Հույն ուղղափառ և կաթողիկե եկեղեցիները: Երուսաղեմի հայոց պատրիարքարանն ունի իր տպարանը, գրադարանը, որտեղ պահպանվում են բազմահազար գրքեր: Քիչ չեն նաև հին մագաղաթյա ձեռագրերը, որ մի քանի հազար կտոր են կազմում և պատմական ու գեղագիտական մեծ արժեք ունեն: Ձեռագրատունը գտնվում է սուրբ Թորոս մատուռում: Պատրիարքարանի տնօրինության տակ է նաև Ժառանգավորաց վարժարանը, որտեղ հոգևորականներ են պատրաստում, և, ըստ էության, այն իրենից հոգևոր ճեմարան է ներկայացնում:
-Երեք կրոնների այս քաղաքում անխուսափելի են վիճաբանությունները: Հատկապես վերջին տարիներին հարաբերություններն առավել սրվել են, և գործը հասել է կատաղի մարտերի: Բայց ցավալին այն է, որ դրանք տեղի են ունենում հենց սրբավայրերում և հոգևորականների կողմից: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Ճիշտ է, որ Երուսաղեմը երեք կրոնների քաղաքն է։ Երուսաղեմ հին քաղաքը իր երեքհազարամյա պատմության ընթացքում եղել է սրբազան քաղաք քրիստոնյաների, հրեաների և մահմեդականների համար: Այն բոլոր ժամանակներում կռվախնձոր է եղել այս երեքի համար։ Երկարատև պատմության ընթացքում Երուսաղեմը բազմաթիվ պատերազմներ, կորուստներ ու ավերածություններ է տեսել։ Արշավանքների ու հարձակումների հետևանքով անընդհատ փոխվել է։ Փոխվել է ոչ միայն նրա տեսքը, այլ նաև ժողովրդագրական կազմը, և աստիճանաբար ձևավորվել է մի մթնոլորտ, որը հատուկ է այսօրվա Երուսաղեմին։ Պատմության այդ վայրիվերումների և ներկա մթնոլորտի մեջ Հայ առաքելական եկեղեցին պահպանել է իր դիրքերն ու արթուն ժամապահի պես հսկել տերունական սրբավայրերը։ Ինչ խոսք, կատաղի մարտերը ցանկալի չեն որևէ քրիստոնյայի համար: Շատ տգեղ և տհաճ է տեսնել, թե ինչպես Քրիստոսի գերեզմանի դիմաց «Հիսուսի անունով» իրար գլուխ են կոտրում հայ և հույն հոգևորականները: Տարեցտարի այդ միջադեպերը նվազում են` շնորհիվ հրեա ոստիկանների անվտանգության պահպանության: Փառք, Աստծո, այս տարի բախումներ գրեթե չեն արձանագրվել:
-Ուխտագնացությունները, վստահաբար, քրիստոնյայի կյանքում առավել ամրացնում են քրիստոնեական հավատը և մղում նորանոր բարի գործերի: Ի՞նչ ծրագրեր և գաղափարներ ունեք առաջիկայում:
-Ուխտագնացությունը հանդիպում է Աստծո և մարդու միջև, հավատքի նորոգություն, ապաշխարության կոչ, սրբության հրավեր: Հավատացյալների կյանքում շատ կարևոր են նման միջոցառումները, որոնք ուղեկցվում են տևական աղոթներով և Սբ. Պատարագների արարողությամբ: Որքան հնարավոր է, պետք է մեր ժողովրդին հաղորդ դարձնենք մեր ինքնությանը, հոգևոր ժառանգությանը, արմատներին, որպեսզի ավելի ամուր և հաստատուն լինենք քրիստոնեական արժեքների պահպանման գործում: Սրան մեծապես խթանում են նաև ուխտագնացությունները, որոնք, սակայն, պետք է զանազանել սովորական արշավներից, էքսկուրսիաներից ու բացօթյա խնջույքներից: Վերոհիշյալ ուխտագնացությունները, կարծում ենք, պետք է լինեն շարունակական:
-Եվ վերջում չցանկանալով շրջանցել բոլորիս համար ցավոտ մի խնդիր, այն է՝ կաթողիկոսի կողմից կարգալուծությունների հարցը, մանավանդ երբ վերջերս կարգալույծ արվեցին նաև Տ. Մխիթար աբեղա Գուտուզյանը (Արգենտինայի հայոց թեմ) և Տ. Մարտիրոս քահանա Բերբերյանը (Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ), այնուամենայնիվ, ինչպե՞ս պետք է բռունցքվել և Ձեր ձայնը ավելի լսելի դարձնել (ի դեպ, նշեմ, որ Գարեգին Բ-ի օրոք կարգալույծ են արվել տասնյակ հոգևորականներ):
-Սա մի չսպիացող վերք է Հայ եկեղեցու սրտին, որ տագնապեցնում ու խռովեցնում է հավատավոր մեր ժողովրդին: Մի փոքր ուղղում կատարեմ «կարգալույծ» բառի վերաբերյալ: Թեև գրաբարում չենք հանդիպում «կարգալույծ» եզրին, սակայն դասական հայերենի պարագային թերևս ճիշտ է այս ձևակերպումը, քանի որ «լուծցի ի կարգէն» նշանակում է «թող զրկվի կարգից», այսինքն` քահանայական իշխանությունից: «Լուծել» բայը, որ գրաբարում նշանակում է «հեռացնել», «զրկել», աշխարհաբարում ձեռք է բերել «լուծարել» իմաստը, այսինքն` «ջնջել», «չեղարկել», «վերացնել»: Բանասիրական և լեզվաբանական քննությունը ցույց է տալիս, որ աշխարհաբարի համար սխալ է կիրառել «կարգալույծ» բառը, քանի որ համաձայն Աստվածաշնչի և Եկեղեցու վարդապետության` քահանայությունը հավիտենական է, օծումը` անջնջելի, իսկ ձեռնադրության խորհուրդը` անկրկնելի: Սա նման է Մկրտության և մնացյալ խորհուրդներին, որոնք նույպես մշտնջենական բնույթ ունեն: Արդյոք կարո՞ղ է մի եպիսկոպոս որևիցե գրությամբ ջնջել որևէ մեկի վավերական մկրտությունն ու դրոշմը, այլ խոսքով` այդ քրիստոնյային «մկրտալույծ» և «դրոշմալույծ» հռչակել` դասելով «հեթանոսների շարքը»: Եթե ոչ, ապա ինչպե՞ս է հնարավոր, որ կաթողիկոսը մի գրությամբ «ջնջի» քահանայությունը` այդ հոգևորականին դասելով «աշխարհականների շարքը»: Սա պարզապես հակասում է Սուրբ Գրքի խոսքերին, քանի որ մենք գրությամբ չէ, որ դարձանք քահանա, այլ Ձեռնադրության սուրբ խորհրդի մատակարարությամբ, Սուրբ Հոգու շնորհաբաշխությամբ: Ուստի ակնհայտ է, որ մարդկային գրությամբ հնարավոր չէ վերադառնալ աշխարհականների դաս, քանի որ Աստծո տվածը մարդը չի կարող ետ վերցնել: Եկեղեցական կանոնները, ելնելով որոշ հանգամանքներից, հոգևորականին կարող են զրկել քահանայական իշխանությունից, որպեսզի տվյալ ելեղեցականն այլևս իրավունք չունենա քահանայագործելու: Բայց նա դարձյալ մնում է քահանա հավիտյան. նույնիսկ եթե դժոխք գնա, այնտեղ էլ քահանա է: Իսկ եթե հոգևորականն իր կամքով է հրաժարվում քահանայական ծառայությունից, կարգից ու կոչումից, ապա նրան հարկ չկա կրկին «կարգալույծ» հռչակելու, այլ պետք է հայտարարել «կարգաթող»` արտոնելով «անցնել աշխարհական վիճակի» (այս երևույթը կոչվում է «աշխարհականացում»), այլ ոչ թե «ուղարկել աշխարհականների դաս», ինչն անկարելի է: Աշխարհաբարում ճիշտ կլինի գործածել «կարգազուրկ» բառը` «կարգալույծ»-ի փոխարեն:
Գալով վերջերս նորաձև դարձած ապօրինի և կամայական կարգազրկումներին` պետք է նկատել, որ հիմնականում դրանց զոհ են դառնում ժողովրդի կողմից սեր ու համակրանք վայելող պարկեշտ, ծառայասեր, հավատացյալ և գիտուն եկեղեցականները: Հասկանալի է, որ այդպիսի եկեղեցականները, մեղծ ասած, «խանգարում» կամ ստվերում են իրենց շրջապատի` իրենցից էապես տարբերվող եկեղեցականներին: Սակայն մի՞թե այդ անձերը հոգևորական են դարձել «շրջապատի» կամ «համակարգի» համար և ոչ թե ժողովրդի: Իսկ եթե «եկեղեցին ժողովուրդն է» լոզունգը կեղծ չէ, ինչո՞ւ է անտեսվում և արհամարհվում այդ ժողովրդի արդար ձայնը, որպեսզի տիրապետող լինեն «գարշապար լիզողնե՞րը»: Թող ներվի ինձ ասել, սակայն կրոնական ահաբեկումների, անիրավ կարգազրկումների, տարատեսակ սպառնալիքների այս անծայրածիր շղթան ինձ հիշեցնում է Դիոկղետիանոսի հալածանքները, որոնք հասարակության մեջ ծնում են հոգևոր ճգնաժամ ու հավատքի անկում` պատճառ լինելով եկեղեցական համայնքների քայքայման` հուրախություն աղանդավորական և այլակրոն խայտաբղետ խմբակների:
Մի ճանապարհ կա բռունցքվելու` քաջատեղյակ լինել եկեղեցական օրենքներին, կանոններին ու իրավունքներին` միաժամանակ լինելով նախանձախնդիր և պահանջատեր, որպեսզի ներկա եկեղեցական վերնախավը առաջնորդվի ոչ թե «ըստ կամս» և «ըստ տրամադրության», այլ վերադասից սկսած` եկեղեցական կարգ ու կանոնը հավասարապես տարածվի յուրաքանչյուր եկեղեցականի վրա: Այս իրողությանը իրենց վճռորոշ ձայնը պետք է բերեն Եպիսկոպոսաց անկաշկանդ ժողովները` կանոնական որոշումներով հանդերձ:
Հարցազրույցը վարեց Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ