«Պէտք է զատել Եկեղեցին եկեղեցականէն:
Եկեղեցականին վրայ եղած մեղադրանքը չազդեր
Եկեղեցիին վրայ: Անոնց մեղադրելի ըլլալովը
Եկեղեցին մեղադրելի չըլլար բնաւ» [1]:
Մաղաքիա արք. ՕՐՄԱՆԵԱՆ (1841-1918):
19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ եկեղեցական գործիչներից Մաղաքիա Օրմանյանի առաջադրած հիշյալ գաղափարն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը: Մերօրյա հասարակական միտքը նույնացնում է «եկեղեցի» և «հոգևորական» հասկացությունները: Ակնհայտ է, որ հոգևորականը կապող օղակ է եկեղեցու և ժողովրդի միջև: Նա իր վարքով կարող է հասարակությանը մոտեցնել կամ վանել եկեղեցուց: Բայց հոռի բարքերով և նվիրապետական դասին ոչ հարիր պահվածքով հոգևորականը կարո՛ղ է վարկաբեկել Հայ առաքելական եկեղեցին, կարո՛ղ է ստորադասել դարերի պատմություն ունեցող կառույցի նշանակությունը:
Խորհրդային լուծը թոթափելուց հետո Հայ առաքելական եկեղեցին մուտք գործեց պատմական նոր շրջափուլ, որը զերծ էր բռնություններից, տարաբնույթ սահմանափակումներից: Այդպիսով, հնարավորություն ընձեռվեց ձերբազատվել «խորհրդային կապանքներից» և բռնել զարգացման ուղի: Սակայն անցնող տարիները փաստում են, որ բաղձալի ազատության պայմաններում գործող ազգային-հոգևոր կառույցն ունի բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց առկայությունը օրեցօր ավելի ծանր իրավիճակ է ստեղծում Հայ առաքելական եկեղեցու համար: Եկեղեցին արժանանում է խիստ քննադատության, իսկ հոգևորականները կորցնում են իրենց հեղինակությունը:
Հայ առաքելական եկեղեցին իր պատմության ընթացքում ունեցել է բազմաթիվ հիմնախնդիրներ, քննադատվել և հարվածների է արժանացել ինչպես բացահայտ, այնպես էլ ծպտյալ ուժերի կողմից: Դա է եղել պատճառը, որ տարբեր ժամանակներում առաջ է եկել եկեղեցին բարեկարգելու` իր կոչմանը հավատարիմ լինելու շարժընթացն ապահովելու, եկեղեցական կառույցը ավելորդություններից զերծ պահելու, առավել ճկուն և կարող կառույց դարձնելու անհրաժեշտությունը: Հայ առաքելական եկեղեցու «բարեկարգութեան» («բարենորոգութեան», «բարեփոխութեան») հիմնախնդիրն ունի դարերի պատմություն: Դեռ 352-ին Ներսես Մեծ կաթողիկոսի հրավիրած Աշտիշատի Ա եկեղեցական ժողովում քննարկվել են եկեղեցու բարեկարգության խնդիրներ: 354-ին տեղի ունեցած Բ եկեղեցական ժողովն ընդունել է բարեկարգությանը վերաբերող մի շարք կանոններ:
ՈՒշ միջնադարում Հայ առաքելական եկեղեցու բարեկարգության շարժումը ծավալվեց նոր թափով: Հիմնական պատճառը Հայ առաքելական եկեղեցու տրոհումը և հայ հարանվանությունների առաջացումն էր: Պետականության բացակայության պայմաններում առաջ եկած հայ կաթողիկե և հայ ավետարանական հարանվանությունները բոլորովին նոր մարտահրավերների առաջ կանգնեցրին Հայ առաքելական եկեղեցուն:
20-րդ դարասկզբին նոր ուժգնությամբ տարածվեց Հայ առաքելական եկեղեցու բարենորոգչական շարժումը: Նշյալ խնդրի շուրջ իրենց ուրույն մոտեցմամբ աչքի են ընկել այնպիսի հայտնի գործիչներ, ինչպիսիք են Մ. Օրմանյանը, Բ. Կյուլեսերյանը, Մ. Սերոբյանը, Թ. Գուշակյանը և այլք:
Հայ առաքելական եկեղեցու բարենորոգչական շարժումն իր այժմեականությունը չի կորցրել նաև մեր օրերում: ՈՒսումնասիրելով նախորդ դարում լուրջ համախոհներ ունեցող շարժման գաղափարաբանական հիմքերը, կարող ենք փաստել, որ Հայ առաքելական եկեղեցու հիմնախնդիրների բովանդակությունը մեկդարյա պատմության ընթացքում գրեթե փոփոխությունների չի ենթարկվել: Հաշվի առնելով այն, որ հասարակությունը համեմատաբար ավելի քիչ է հետաքրքրվում եկեղեցու ծիսական-կանոնական խնդիրների բարեփոխմամբ, ներկայումս ավելի շատ կարևորվում է Հայ առաքելական եկեղեցու վարչական բարեկարգությունը, որն անմիջական աղերս ունի քահանաների գործունեության հետ:
Հայ առաքելական եկեղեցին ներկա հասարակական հարաբերությունների վիզուալ և վիրտուալ դաշտերում արդարացված և չարդարացված քննադատության է ենթարկվում, պախարակվում և անպատվում: Սակայն այդ քննադատությունների գլխավոր թիրախը հոգևորականներն են, բայց, չգիտես ինչու, միշտ նշվում է եկեղեցու անունը: Քննադատողները առաջ են քաշում եկեղեցու կշիռը թերագնահատող պատմական փաստարկներ, հիշատակում ամբարտավան հոգևորականների: Քննադատությունը իրագործվում է հետևյալ հարցերի շուրջ.
. Հայ հոգևորականությունը հարսանյաց, թաղման ծիսակարգերի ժամանակ դրսևորում է կամայական մոտեցում. մարդկանցից գանձվում է այնքան գումար, ինչքան ցանկանում է տվյալ հոգևորականը:
. Հայ հոգևորականությունը մասնակցում է հասարակական տարբեր նշանակության նորակառուց օբյեկտների օծմանը, սակայն թույլ դիրքերում է հովվական ծառայությունը: Հայ հոգևորականը հաղորդակից չի դառնում մարդկանց խնդիրներին:
. Հայ հոգևորականությունը ունի զգոնության մեծ պակաս: Միշտ չէ, որ հոգևորականները խորամուխ են լինում ծեսի խորհրդի մեջ, և շատ դեպքերում տարբեր եկեղեցիներում ծեսն իրականացվում է ժամանակային ու իմաստային մեծ տարբերությամբ:
. Հայ հոգևորականությունը, չնայած տարբեր ելույթներին, հրապարակումներին, դիտարկումներին, հասարակական մեծամասնության կողմից դիտարկվում է որպես անկարող ուժ` ՀՀ-ում լայն տարածում գտած աղանդների դեմ պայքարելու գործում:
Նշված բոլոր կետերում, բնականաբար, կան բացառություններ, բայց հասարակության ուշադրությունը կենտրոնացած է հենց այս խնդիրների վրա:
2013-ի սեպտեմբերի 24-27-ին Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Եպիսկոպոսաց ժողով, որի ընթացքում Հայ առաքելական եկեղեցու «բարեկարգութեան» հիմնախնդրին անդրադարձան և՛ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը, և՛ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իր խոսքում նշեց. «Սիրելի հոգևոր հայրեր, այսօր մենք մեկտեղվել ենք հոգևոր-եկեղեցական մեր կյանքի առավել բարեկարգության տեսլականով, որի մարմնավորման համար կարևոր առաքելություն ունի Եպիսկոպոսաց ժողովը` ի մասնավորի ծիսական, կանոնական և դավանաբանական հարցերի ուսումնասիրման և սահմանումների բանաձևման գործում»: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն իր «Եկեղեցին կվերածվի թանգարանի, եթե չվերանորոգվի» խորագրով ելույթում նշեց, որ «...բարեկարգութիւնը ըստ էութեան պէտք է ըմբռնել որպէս եկեղեցւոյ կեանքին ու մտածողութեան, առաքելութեան վերարժեւորումը, վերանորոգումը ու վերակենսաւորումը»: Ցավոք, Ամենայն հայոց կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի կողմից դիտարկում չկատարվեց Հայ առաքելական եկեղեցու վարչական բարեփոխմանը: Չանտեսելով ծիսական-կանոնական և այլ բարեփոխումների կարևորությունը, այնուամենայնիվ, պարզ է դառնում, որ վարչական բարեփոխումները ավելի մեծ նշանակություն ունեն Հայ առաքելական եկեղեցու վարկը բարձրացնելու և հոգևորականության դերակատարությունը կարևորելու տեսանկյունից:
Մեր խորին համոզմամբ, հայ հոգևորականությունը ՀՀ-ում ունի վարչական գործունեության ծրագրի, համակարգված կերպով ծիսակատարությունները անցկացնելու, ֆինանսական միջոցները կանոնակարգված տնօրինելու և հավատացյալ ժողովրդի հետ հաղորդակցման լուրջ խնդիրներ: Հոգևորականության գործունեության թերացման արդյունքում Հայ առաքելական եկեղեցին դադարում է իրագործել իր կարևոր գործառույթները և անարդարացի կերպով ենթարկվում է քարկոծման: Այդ ընթացքում մոռացության են մատնվում և՛ Հայ առաքելական եկեղեցու, և՛ արժանահիշտակ հայ հոգևորականների ավանդը Հայաստանում և Սփյուռքում տարբեր ժամանակներում իրականացվող հայապահպանության գործում:
Հոգևորականները, բոլոր մահկանացուների նման, ապրում և հեռանում են երկրային կյանքից: Նրանցից ոմանք արժանանում են հիշելիության, իսկ մյուսները` ոչ: Սակայն Հայ առաքելական եկեղեցին շարունակում և շարունակելու է գործել որպես հոգևոր ու ազգային հաստատություն: Այս իմաստով քահանայական դասը կարոտ է լուրջ բարեկարգման` ի բարօրություն և ի զորություն Հայ առաքելական եկեղեցու:
Կարո ԺԱՄԽԱՐՅԱՆ
«Բարեպաշտ սերունդ»
հիմնադրամի գիտավերլուծական կենտրոնի փորձագետ