ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Տալիթա՛, կումի»

«Տալիթա՛, կումի»
23.09.2014 | 10:42

Ավետարանիչները վկայում են, որ ժողովուրդը «հմայվում էր» Հիսուսի ուսմունքով: Բայց նվազ տպավորություն չէր թողնում նաև տարերքին ու ցավերին հաղթող Նրա ուժը: Նրա մասին պատմում էին առաջին հերթին իբրև Հրաշագործի: Հետագայում քրիստոնյաները ևս ոչ սակավ պատրաստակամ էին հրաշքների մեջ տեսնելու Հիսուսի գերմարդկային բնույթի գլխավոր ապացույցը: Սակայն Նա Ինքն առանց երկմտելու մերժում էր նման մտայնությունը. «Եթե Աստծո հանդեպ հավատ ունենաք, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լեռանն ասի՝ ել և ծո՛վն ընկիր, և իր սրտում չկասկածի, այլ հավատա, որ ինչ-որ ասում է, կլինի»: Հիսուսը դրանով հասկացնում էր, որ մարդու մասին Աստծո ունեցած մտահղացման մեջ մտնում է բնության վրա նրա իշխանություն ունենալը՝ իր կոչմանը համապատասխան: Եթե մարդը միաբանվի Աստծո Հոգու հետ, ապա նրա համար «անհնարին ոչինչ չկա»: Հրաշքը, սակայն, շատ ավելին է, քան բնականոն դրվածքի հասարակ խախտումը: Նրա մեջ բացահայտվում է իրերի խորությունը, մեկ այլ չափողականություն, որտեղ հաղթահարված են անցողիկ աշխարհի օրենքները, և թագավորում է ազատությունը: Իր ճշմարիտ աշակերտներին Հիսուսը ձերբազատում է «միս ու արյունի» ստրկությունից: Սրանք են նշանները, որոնք պետք է ուղեկցեն նրանց, ովքեր հավատում են. «Իմ անունով դևեր պիտի հանեն, լեզուներ պիտի խոսեն, իրենց ձեռքերին օձեր պիտի բռնեն, և եթե մահացու թույն խմեն, դա նրանց չպիտի վնասի. հիվանդների վրա ձեռք պիտի դնեն և բժշկեն» (Մարկ. 16.17-18): Այն տիեզերական ընդգրկուն մի նախատրվածություն է, որի կատարումն սկսվեց առաքյալների, իսկ նրանցից հետո՝ մեծ սրբերի և խորհրդապաշտների կյանքում, չնայած նպատակն ամբողջությամբ հասանելի կդառնա Աստծո արքայության մեջ:
Կան մեկնիչներ, ովքեր ապացուցում են, թե հրաշքների մասին Սուրբ գրոց խոսքերը պետք է հասկանալ ոչ թե բառացի, այլ «այլաբանորեն»: Դեպքեր են եղել, իհարկե, երբ աստվածաշնչյան փոխաբերություններն ընդունվել են իրական փաստերի տեղ: Բայց դա բնավ չի նշանակում, որ Հին և Նոր կտակարաններում հրաշքների մասին ամբողջ ասվածը մտացածին է կամ «խորհրդանիշ»: Եթե այդպես են մտածում դոգմատիկ նյութապաշտների կողմնակիցները («այդ չի կարող պատահել, որովհետև չի կարող լինել երբեք»), ապա զարմանալու հարկ չկա, բայց բոլորովին տարօրինակ է հնչում նման կարծիքը որոշ աստվածաբանների շուրթերին, ովքեր ցանկանում են Ավետարանի բոլոր հրաշքների մեջ անպայման այլաբանություն տեսնել: Ահա թեքվելով անշնչացած մարմնին՝ Հիսուսն արտասանում է. «Տալիթա՛, կումի» (աղջի՛կ, վե՛ր կաց) կամ հպվելով խուլի ականջին, ասում է. «Էթֆաթա՛խ» (բացվի՛ր): Մեր առջև ամենևին էլ խորհրդանիշ չէ, այլ Տիրոջ արամեերեն լեզվով ասած իրական խոսքերը, որոնք դրոշմվել են ականատեսների հիշողության մեջ: Նա, ով ցանկանում է ապացուցել, որ հրաշքներ կոչված երևույթներն աներևակայելի են, հաշվի չի առնում, թե դեռևս ինչքան քիչ բան է հայտնի գոյության գաղտնիքների մասին: Բայց ինչու նույնիսկ այնպիսի մարդիկ, ովքեր հակված են հավատալու յոգերի մասին ամենազարմանալի տեղեկություններին, թերահավատորեն են վերաբերվում Նոր կտակարանի պատմություններին: Ավետարանն ընդունելը պահանջում է ներքին վճիռ, ընտրություն, կյանքի ամբողջական դրվածքի փոփոխություն: Հիսուսն իր հրաշագործություններն անվանում էր «նշաններ»՝ ի բնութագրումն այլ դարաշրջանի գալստյան: Կատարյալ Մարդը հաղթահարում է անկում ապրող աշխարհի օրենքները, մատնացույց անում բարոյական և ֆիզիկական անկատարության դեմ պայքարելու ուղիները: Երբեմն առօրեական կյանքում Նրա իշխանությունը դրսևորվում էր կարծես թե հընթացս, անսպասելի՝ սարսափ պատճառելով աշակերտներին: Այսպես, մի անգամ, մինչ առաքյալների կանչվելը, երբ Պետրոսն իր ընկերների հետ ապարդյուն ձկնորսություն էր անում ամբողջ գիշեր, Հիսուսը նրանց մատնացույց արեց, թե որտեղ պետք է ուռկանը գցել: Եվ, ի զարմանս բոլորի, ուռկանն անմիջապես լցվեց: Գալիլիական ծովում ձկների մեծ կուտակումներ միշտ լինում են: Մշտապես ձկնորսությամբ զբաղվող մարդիկ գիտեին այդ մասին: Բայց ինչպես կարող էր ՈՒսուցիչը որոշել հարկավոր տեղը ջրի թանձրաշերտի միջից: Սիմոնն այնքան էր ապշել, որ Հիսուսին խնդրեց իր նավակից դուրս գալ: Նա իրեն մեղավոր էր զգում, անարժան՝ Տիրոջ կողքին գտնվելու։
Մի ուրիշ անգամ, մայրամուտին, Քրիստոսն աշակերտների հետ ուղևորվեց լճի հանդիպակաց ափը: Նրանք փութով բաժանվեցին բազմությունից. հոգնած Հիսուսը նավակ նստեց «ինչպես կար», անջրանցիկ թիկնոցը ափին թողնելով և տեղավորվելով նավախելին` անմիջապես քնեց: Այդ միջոցին անսպասելի ալեկոծություն սկսվեց: Բայց ոչ ալիքների շաչյունը, ոչ էլ նավակի տարուբերվելը չկարողացան արթնացնել ՈՒսուցչին: Այդ ժամանակ վախվորած ձկնորսներն իրենք ընդհատեցին Նրա քունը: «Վարդապե՛տ, Քեզ համար բնավ հոգ չէ, որ ահա մենք կորչում ենք»: Հիսուսը ելավ և նայելով ալիքներին՝ ասաց. «Դադարի՛ր, լռի՛ր»: Բոլորն անմիջապես զգացին, որ քամին սկսեց թուլանալ: Երբ փոթորիկը դադարեց, Քրիստոսը հանդիմանեց աշակերտներին. «Ինչո՞ւ այդպես վախկոտ եք. դեռևս հավատ չունեք»: Բայց հիմա էլ նրանց սարսափեցրեց վերահաս խաղաղությունը. «Ո՞վ է արդյոք Սա, որ թե հողմը, թե ծովը հնազանդվում են Սրան»: Ավելի հաճախ, սակայն, Հիսուսի զորությունն ի հայտ էր գալիս մարդկանց վրա ներգործելու ժամանակ: Նրա հրաշքները գթասրտության դրսևորումներ էին: Մարմնական ախտերը և խելահեղությունը Նա անվանում էր Սատանայի իշխանության դրսևորումներ, որին էլ Ինքը պետք է ջախջախեր: Չարից բռնված մարդկությունն է հիվանդը, որին բժշկություն է սպասում: Բժշկել նշանակում է դեմ գնալ սատանայական ուժերին: Եվ հանձինս Իր հետևորդների, Հիսուսը ցանկանում էր տեսնել մեծ ճակատամարտի համամասնակիցների, որոնք ձեռք են մեկնել տառապող աշխարհին: «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ով հավատում է Ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ Ես եմ անում. և դրանցից ավելի մեծերը կանի»: Երբ աշակերտները չկարողացան օգնել հիվանդին, Նա խորապես տխրելով՝ նրանց կոչեց «անհավատ սերունդ»: Հիսուսը հաճախ էր մատնանշում մարմնի վիճակների և հոգու միջև եղած սերտ կապը: Բժշկելով անդամալույծին, Նա զգուշացրեց նրան. «Ահավասիկ առողջացար, այլևս մի՛ մեղանչիր, որպեսզի մի ավելի չար բան չպատահի քեզ»:
ՈՒսուցչի համար առողջացման գլխավոր պայմաններից մեկը հիվանդի հավատն էր, որը ակտիվորեն պետք է ներգործեր բուժման ընթացքի վրա: Թերահավատությունը խանգարում է հիվանդությանը հաղթելուն: Այդ բանում աշակերտներն ակնհայտորեն համոզվեցին, երբ Հիսուսը եղավ «Իր գավառում»՝ Նազարեթում: Որոշ ժամանակ Նա խուսափում էր այցելել այն փոքրիկ քաղաքը, ուր «դաստիարակվել էր», բայց հիմա, ըստ երևույթին, որոշեց, որ հասել է նազովրեցիների փորձության ժամը: Օրը շաբաթ էր, և աղոթատանը խռնվել էին Նազարեթի համարյա բոլոր բնակիչները: Երբ, սովորույթի համաձայն, հասավ Աստվածաշունչն ընթերցելու ժամանակը, Հիսուսը բեմ բարձրացավ, և Նրան պարզեցին Սուրբ գրոց փաթեթը: Նա բացեց այն և Եսայու գրքից կարդաց տողեր. «Տիրոջ հոգին ինձ վրա է, դրա համար իսկ Նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ ավետարանելու աղքատներին, բժշկվելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, հռչակելու՝ Տիրոջ ընդունելի տարին» (Եսայի 61. 1-2): Փաթեթը վերադարձնելով սպասավորներին՝ Հիսուսը նստեց։ Տիրական լռության մեջ բոլորի հայացքը գամվել էր Նրան։ Նա գիտեր, որ հավաքվածները լի են կասկածանքով, որ նույնիսկ այնտեղ գտնվող Իր եղբայրները չեն հավատա Իր պատգամաբերությանը։ Այնուամենայնիվ, Հիսուսը սկսեց խոսել, բացատրելով մարգարեի Իր ընթերցած խոսքերը. «Այսօր այս գիրքը կարդացվեց ձեր ականջներում...»։ Համագյուղացիների շարքերով դժգոհության ալիք անցավ։ Դեռևս երեկ իրենց պատվերները կատարող այս Մարդը ե՞րբ հասցրեց դառնալ ուսուցիչ, ռաբբի: Շատերը տարակուսանքով թոթվում էին ուսերը. «Սա հյուսն չէր, Մարիամի որդին, Հակոբի, Հովսեփի, Հուդայի և Սիմոնի եղբայրը։ Սրա քույրերը այստեղ, մեզ մոտ չեն»։ Գտնվեցին և այնպիսիք, ովքեր ցանկանալով ստուգել Կափառնայումից հասած լուրերը, առաջարկեցին Նրան որևէ հրաշք գործել։ Նրանք նույնիսկ հիվանդներ բերեցին։ Բայց բժշկություն տեղի չունեցավ։ Հիսուսի ուժը դեմ առավ անհավատության խուլ պատին։ Նա Ինքն ապշել էր այդ մարդկանց անհուսալի խստասրտությունից։ «Մարգարեն չհարգված անձ չէ, բայց ոչ իր գավառում»,- ասաց Նա` թողնելով Նազարեթը։ Բժշկումների ժամանակ Հիսուսը երբեմն դիմում էր արտաքին գործողությունների. ձեռքը դնում էր հիվանդ տեղին կամ ցեխ էր քսում, իսկ հետո հիվանդին ուղարկում էր լվացվելու։ Որոշ դեպքերում Նա ցանկանում էր բուժվածների հետ մնալ մենակ: Բայց այդ ամենը արվում էր լոկ այն բանի համար, որ օգներ մարդկանց հավատի մեջ հաստատվելու։ «Քո հավատը քեզ փրկեց», «Մի՛ վախեցիր, այլ միայն հավատա»,- ասում էր ՈՒսուցիչը։ Երբեմն նույնիսկ բավարար էր հավատի թույլ առկայծումը։ Այսպես, ընկնավոր տղայի հայրը տանջվում էր կասկածամտությունից, բայց ամբողջ ուժով ցանկանում էր պայքարել դրա դեմ։ «Հավատում եմ, Տե՛ր,- հոգոց հանեց նա,- օգնի՛ր իմ անհավատությանը»։ Եվ նրա հուսահատ աղաղակը լսվեց։ Սա ցույց է տալիս, թե մոտիկների վստահությունը ինչպես կարող է փոխարինել հիվանդի հավատին։ Այնպես պատահեց, որ մի անգամ Կափառնայումի մեջ հարազատներն ՈՒսուցչի մոտ բերեցին մի անդամալույծ մարդու, բայց ամբոխի պատճառով չէին կարողանում ներս մտնել տուն։ Այդ ժամանակ նրանք հարթ տանիքից անցք բացեցին և մահիճն իջեցրին ուղիղ Հիսուսի ոտքերի մոտ։ Եվ հրաշք կատարվեց, որովհետև, ինչպես ասում է Մարկոս ավետարանիչը, Տերը «տեսավ նրանց հավատը»։ Իսկ հռոմեական հարյուրապետի և Անտիպայի պալատականներից մեկի խնդրանքով Քրիստոսը բուժեց նրանց ծառաներին, առանց նույնիսկ հիվանդների երեսը տեսնելու։ Այնուամենայնիվ, պետք չէ մտածել, որ Հիսուսը միշտ դյուրությամբ էր բուժումներ անում։ Իր երկրային ուղին Նա անցնում էր դեռևս չունենալով «ամենայն իշխանություն երկնքում և երկրի վրա»։ Դրան քիչ չէին խանգարում մարդիկ իրենք, նրանց փոքրոգությունը և կասկածամտությունը։ Մենք կարդում ենք, թե Նա ինչպես «ծանր հոգոցով», հայացքը երկինք հառած, բառացիորեն հաղթահարելով պատնեշը, հանում էր հիվանդությունները։ Հիսուսը համարյա ֆիզիկապես զգում էր Իրենից դուրս ելնող զորությունը։ Մի անգամ Նա անցնում էր հսկայական ամբոխի միջով, և ինչ-որ մի կին, որ տառապում էր արյունահոսությամբ, աննկատ քսվեց Նրա թիկնոցի փեշերին։ Արագ շրջվելով՝ Հիսուսը հարցրեց.
- Ով էր, որ Ինձ դիպավ։
- Վարդապե՛տ,- զարմացավ Պետրոսը,- ժողովուրդն է, որ սեղմում ու նեղում է Քեզ։
- Մեկն Ինձ դիպավ,- առարկեց Հիսուսը,- որովհետև զգացի, որ ինձնից զորություն դուրս եկավ։
Այն ժամանակ կինը դողալով ընկավ ՈՒսուցչի ոտքերը և խոստովանեց, որ ինքն էր դիպչողը։
- Դո՛ւստր, քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ։
(շարունակելի)


Հրապարակման պատրաստեց Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Ըստ Ալեքսանդր Մենի`
«Մարդու Որդին» գրքի

Դիտվել է՝ 2949

Մեկնաբանություններ