BVA-ի հարցումների արդյունքներով ֆրանսիացիները Նիկոլա Սարկոզիին համարում են ավելի արդյունավետ նախագահ Ֆրանսուա Օլանդից: Հարցման արդյունքները հրապարակել է «Le Figaro»-ն: «Ո՞վ է ավելի արդյունավետ քաղաքականություն վարում` Նիկոլա Սարկոզին, թե Ֆրանսուա Օլանդը» հարցին 40 տոկոսը նախապատվությունը տվել են Սարկոզիին, 22 տոկոսը` Օլանդին: 31 տոկոսը համարում է, որ նրանք միատեսակ անարդյունավետ են, 5 տոկոսը` որ միատեսակ արդյունավետ են: Օլանդին առավել խիստ քննադատում են աշխատավորական շրջանակներում` 11 տոկոսը համարում է, որ նա Սարկոզիից վատ է աշխատում, ում 35 տոկոս արդյունավետություն են տվել:
Աջերի 80 տոկոսը Նիկոլա Սարկոզիին է համարում արդյունավետ նախագահ, ձախերը միասնական տեսակետ չունեն` 46 տոկոսը աջակցում է գործող նախագահին, 39 տոկոսը ոչ մեկին արդյունավետ ղեկավար չի համարում: Երկու նախագահների քաղաքականության արդարացիության հարցում գործող նախագահը 2 տոկոսով առաջ է անցել նախորդ նախագահից` ֆրանսիացիների 35 տոկոսը արդարացի է համարում Օլանդին, 33 տոկոսը` Սարկոզիին: Տասից երկու ֆրանսիացի համոզված են, որ երկուսն էլ միատեսակ անարդար են:
Իշխանության գալուց հետո Ֆրանսուա Օլանդին չհաջողվեց արժանանալ հասարակական կարծիքի դրվատանքին: le Nouvel Observateur-ւ համար արված հարցումով դեկտեմբերին նախագահի վարկանիշը 40 տոկոս էր, զուգահեռ Ipsos/Le Point-ի հարցումով Նիկոլա Սարկոզին իր հաջորդից ավելի հանրաճանաչ է` 45 տոկոսը 35-ի դիմաց: Ընտրությունից հետո 2007 թ. Սարկոզիին աջակցում էր ֆրանսիացիների 64 տոկոսը, 2013-ի մայիսին ընտրությունից հետո Օլանդին աջակցում է ֆրանսիացիների 53 տոկոսը: Հերթական հարվածը նախագահին հասցրեց Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը, որ անիրավազոր ճանաչեց Օլանդի ներմուծած «հարուստների» հարկը, որով 1 միլիոն եվրո եկամուտից 750000-ը վերադարձվում էր պետությանը: Հարկատեսակը համարվել է անհավասարություն մտցնող հասարակության մեջ: Մի քանի ամսում նոր օրենքը պատճառ է դարձել, որ Ֆրանսիայից հեռանան միլիոնատերերը, հիմնականում` Բելգիա: Ֆրանսիացիներին մնում է գուշակել` կվերադառնա՞ Ժերար Դեպարդիեն: