ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Քաղաքականության մեջ անկեղծությունը կարևոր բաղադրիչ է

Քաղաքականության մեջ անկեղծությունը կարևոր բաղադրիչ է
15.06.2013 | 12:43

Հայաստանում վաղուց ընդունված բան է` ընդդիմությունն ամռանը թայմ-աութ է վերցնում: Սա պատճառաբանվում է նրանով, թե ամռանը մարդիկ ավելի հակված են հանգստանալու, քան քաղաքական պրոցեսների մասնակից լինելու: Ճշմարտության հատիկ գուցե կա այս պնդման մեջ, բայց եթե նկատի ունենանք, որ Հայաստանի բնակչության մեծամասնության համար տարրական պահանջների բավարումն էլ մեծ պրոբլեմ է, ու այդ շերտի յուրաքանչյուր օրվա հացի փնտրտուքը շաղախվում է «տեսնես կգա՞ օրը, որ մի քիչ լավ ապրենք» մտքով, նշանակում է՝ քաղաքական ակտիվությունն ամռան շոգին պարապ զբաղմունք չի գոնե այս կատեգորիայի համար:
Նախախորհրդարանի` այս գարնան վերջին մեկնարկած քաղաքական-քարոզչական ակտիվությունը ամռան արդեն սկսված տապի մեջ այնքան էլ տարօրինակ չի թվում ոմանց համար, ովքեր երեկ Ազատության հրապարակում հավաքվել էին լսելու Նախախոհրդարանի մարզային վերջին այցելությունների յուրօրինակ հաշվետվությունը: Վերջին մի քանի ամսվա իմ դիտարկումները ցույց տվեցին, որ մեզանում կան մարդիկ, ովքեր գնում են ընդդիմադիր դիրքերից հանդես եկող բոլոր քաղաքական ուժերի հանրահավաքներին` անխտիր: Նրանց համար կուսակցականությունը անկարևոր է, քանի որ կա գերխնդիր և պահանջ` Հայաստանին փոփոխություններ են պետք: Նրանք և՛ ՀԱԿ-ի հանրահավաքներին են, և՛ <Ժառանգության>, և՛ երեկ Նախախորհրդարանի ունկնդիրն էին: Եթե ՀՅԴ-ն էլ հանրահավաք հրավիրի, նրանք այնտեղ էլ կլինեն: Մարդիկ իրականում մի խելացի խոսքի կարոտ են, բայց ավելի շուտ` անկեղծության փնտրտուքի մեջ են: Խելացի խոսք ասելը, որպես կանոն, լավ է ստացվում մեր քաղաքական գործիչների մոտ, բոլորը հմտացել են այլևս, իսկ նույն քաղգործիչների անկեղծության դեֆիցիտը խեղդում է հասարակությանը: Ազատության հրապարակում երեկվա հավաքվածները շատ չէին, բայց մի՞թե խնդիրը մարդկանց քանակն է: Այնտեղ էին և՛ մարդիկ, ովքեր նախագահական ընտրություններին աջակցում էին Հրանտ Բագրատյանին կամ Րաֆֆի Հովհաննիսյանին, այնտեղ էին և՛ ՀԱԿ համակիրներից մեկ-երկուսը, մի քանի դաշնակցական աչքովս ընկավ նույնիսկ:
Մի դիտարկում էլ` մարդիկ հոգնել են գործող իշխանությունների հասցեին քննադատություններ լսելուց, եթե դրանք տեղավորվում են` «Որքան իշխանություններին քննադատենք, այնքան ընդիմադիր կերևանք» գործելաոճի մեջ: Արդեն բավականին քաղաքական փորձ ունեցող ժողովրդի ակտիվ հատվածը հիմա առավել քան երբևէ լավ հասկանում ու զատում է կեղծը՝ անկեղծից, անպտուղ փիլիսոփայությունը՝ գործողությունների ծրագրից, շահախնդրությունը՝ ազնվությունից: Ու կարևոր է, որ մեր ընդդիմադիրները իրենց գործունեությունը ծավալեն այս հանգամանքը նկատի ունենալով: Նախախորհրդարանը, կարծես, նման փորձեր անում է: Որքանով կհաջողվի, ցույց կտա ժամանակը: Գուցե այս կառույցը, համահայկական ակտիվ ուժերին հավաքելու իր ծրագրով, այնպես հաջողի, որ, ի վերջո, իրենց ընդդիմադիր համարող բոլոր ուժերը կենտրոնանան նույն տեղում և նույն նպատակի շուրջ : Դա արդեն ու միայն Նախախորհրդարանից է կախված:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1832

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ