Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Պետք է բանակը, խրամատը, առաջին գիծը ճանաչել»

«Պետք է բանակը, խրամատը, առաջին գիծը ճանաչել»
04.09.2013 | 17:51

Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Մարտական պատրաստության ակումբ» նախագծի պաշտոնական բացումը: Ակումբը կազմակերպել են Երիտասարդ առաջնորդների դպրոցը, ՀՀ պաշտպանության նախարարությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը, ողջունելով ակումբի անդամներին, կարևորեց անվտանգության մշակույթի ձևավորումը։ «Մենք հրադադարի պայմաններում գտնվող երկիր ենք, և շատ կարևոր է, որպեսզի հայ մարդը հասկանա իր երկրի իրական սպառնալիքների բնույթը, հասկանա, թե ինչպես պետք է ինքը գործի, ապրի, որպեսզի ակամա չվնասի իր երկրի անվտանգությանը։ Պետք է բանակը, խրամատը, առաջին գիծը ճանաչել, և նման ծրագրերը տալիս են այդ հնարավորությունը»,- ասաց Դավիթ Ջամալյանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն արդիական համարեց մարտական պատրաստության ակումբի բացումը։ Ըստ Կ. Ավագյանի, այսօր ցանկացած երիտասարդ պետք է տիրապետի առաջին բուժօգնության հմտություններին, պետք է պատրաստ լինի ցանկացած պահի դիմակայել հնարավոր մարտահրավերներին։ Եվ որպես կանոն, նման դպրոց անցած երիտասարդներն ավելի պատրաստված են ու ինքնավստահ։ Կ. Ավագյանը հույս հայտնեց, որ ծրագիրը շարունակական կլինի, և ավելի շատ երիտասարդներ կներգրավվեն մարտական պատրաստության դասընթացներում։

Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար Արտակ Շաքարյանը նշում է, որ յուրաքանչյուր պահի պետք է հոգեբանորեն պատրաստ լինել զենքը վերցնել. «Զենք ասելով՝ չենք հասկանում միայն հրազենը, գիտելիքը նույնպես զենք է։ Ժամանակը մեզ երբեմն ստիպում է բռնի ուժով պաշտպանել մեր իրավունքները։ Հայաստանը գտնվում է այնպիսի տարածաշրջանում, այնպիսի հարևանների կողքին, որ հաճախ ստիպված է լինում վերցնել զենք, ինչը մեզ օգնում է գոյատևել, հաղթել ու ապրել»։

Մարտական պատրաստության ակումբի ղեկավար Րաֆֆի Գևորգյանը տեղեկացրեց, որ ծրագրին մասնակցում են 18-30 տարեկան երիտասարդներ։ Դիմել են մեծաթիվ երիտասարդներ, սակայն նրանցից ընտրվել են 30 լավագույնները։

Ծրագրում ընդգրկված երիտասարդները հնարավորություն կստանան ծանոթանալ կրակային, մարտավարական պատրաստության, առաջին բուժօգնության հմտություններին, ինչպես նաև՝ զինված ուժերի առօրյային: Պարապմունքները կանցկացվեն պաշտպանության նախարարության հսկողության տակ գտնվող զորավարժարաններում: Դասընթացները ներառելու են նաև տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ դասախոսություններ:

Մարտական պատրաստության ակումբին աջակցում են Մովսես Գորգիսյանի անվան Հայաստանի սթրայքբոլի ֆեդերացիան, Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) և Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիան (ԱՐՄԱԿԱԴ):

Դիտվել է՝ 1626

Մեկնաբանություններ