Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Հետք»-ի փակումից կտուժի խոսքի ազատությունը

«Հետք»-ի փակումից կտուժի խոսքի ազատությունը
30.09.2013 | 16:09

«Հետք» էլեկտրոնային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե վաղուց է մտմտում թերթը փակելու մասին, քանի որ այն հայաստանյան այսօրվա «մեդիա դաշտում կարծես թե արդեն տեղ և անելիք չունի»: «Յուրաքանչյուր պաշտոնյայի սրբազան պարտքն է դարձել ունենալ նվազագույնը մեկ լրատվական կայք: Հիմա ձեռի հետ պատգամավոր աշխատող Լֆիկը միանգամից բացել է երկուսը», -գրել է «Հետք»-ի խմբագիրը: Ինտերնետը, իրականում, մեծ վնաս է հասցրել լրագրությանը` ընդհանրապես, իսկ մասնավորապես Հայաստանում կայք ունենալը այսօր խաղուպար է դարձել որոշ կատեգորիայի մարդկանց համար: Լրատվակայքերից շատերը զբաղված են միմյանցից նյութ փախցնելով ու դրանք սովորաբար նույնությամբ տեղադրելով: Բացակայում է ոչ միայն սեփական լրատվություն ասվածը, այլև ընդհանրապես խոսքի պրոֆեսիոնալիզմը: «Հետք»-ը, որը նախկինում ուներ նաև տպագիր տարբերակ, տարբերվում է գոյություն ունեցող բոլոր թերթերից իր հետաքննական ուղղվածությամբ: Թերթը մինչ այժմ շատ աղմկահարույց խնդիրներ է բարձրացրել և նման լրատվամիջոցի փակումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանում առհասարակ մեդիա դաշտի զարգացման և խոսքի ազատության վրա:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ