Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երևանում վերաբացվեց «Իզմիրլյան» բժշկական հաստատությունը և Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնը

Երևանում վերաբացվեց «Իզմիրլյան» բժշկական հաստատությունը և Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնը
15.10.2013 | 17:16

Հոկտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցավ Իզմիրլյան բժշկական հաստատության և Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնի վերաբացման արարողությունը` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ազգային բարերարներ շվեյցարահայ տեր և տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյանների:

Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Իզմիրլյան ընտանիքի անդամներ, ՀՀ պետական այրեր, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, Իզմիրլյան հիմնադրամի պաշտոնեությունը, նորաբաց հաստատության աշխատակազմը և հյուրեր:

Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող բժշկական այս հաստատությանն ի նպաստ` «Իզմիրլյան» հիմնադրամի և տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի բարերարությամբ իրականացվել է 12 մլն ԱՄՆ դոլարի ծրագիր, որի շնորհիվ հիվանդանոցը հիմնանորոգվել է և համալրվել նոր մասնաշենքով:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նորակառույց մասնաշենքի առջև պատվավոր հյուրերին աղ ու հացով դիմավորեցին Արաբկիրի Հայորդյաց տան սաները, ապա Իզմիրլյան ամուսինները հատեցին բժկական հաստատության մուտքի ժապավենը:

Այնուհետև բժշկական կենտրոնի ընդարձակ նախասրահում նախագահությամբ Ամենայն Հայոց Հայրապետի կատարվեց նորաբաց հաստատության օրհնության կարգ, որից հետո ներկաներին ներկայացվեցին Իզմիրլյան բժշկական հաստատության և Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնի հիմնանորոգության աշխատանքները, պայմաններն ու ձեռք բերված ժամանակակից բժշկական սարքավորումները:

Շրջայցի ավարտին հաստատության հանդիսությունների սրահում արարողության մասնակիցներին ողջունեց կենտրոնի տնօրեն բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը` մասնավոր ուրախություն հայտնելով հիվանդանոցի հիմնական բարերար Տիգրան Իզմիրլյանի և իր ընտանիքի անդամների ներկայության համար: Տիար Արմեն Մուրադյանը իր երախտագիտությունը արտահայտեց Վեհափառ Հայրապետի կողմից հաստատության նկատմամբ դրսևորվող հոգատարության և ազգային բարերարներ Տիգրան Իզմիրլյանի և Լուիզ Մանուկյան Սիմոնի պատրաստակամ հանձնառության համար, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ Հայաստանում ժամանակակից, բարձր տեխնոլոգիաների կիրառությամբ բժշկական կենտրոնի բացումը: Կենտրոնի տնօրենն իր խոսքում անդրադարձավ նաև հաստատության բշժկական անձնակազմի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին և հիվանդներին մատուցվող ծառայությունների զարգացման հեռանկարներին:

Այնուհետև արարողության մասնակիցները դիտեցին «Շողակաթ» հեռուստաընկերության կողմից պատրաստված «Իզմիրլյան բժշկական կենտրոն. անցյալը և ներկան» ֆիլմը կենտրոնի անցյալի, ներկայիս գործունեության վերակազմակերպման և առաքելության մասին:

Ողջույնի խոսքով ներկաներին դիմեց նաև «Իզմիրլյան» հիմնադրամի ավագ փոխնախագահ Գրեգորի Ջերեջյանը՝ անդրադառնալով հիմնադրամի կողմից Հայաստանում իրականցված բազմաբնույթ ծրագրերին:

Ապա հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը ներկաներին բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Մեծ ուրախությամբ կատարեցինք բացման արարողությունը հիմնանորոգված «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի։ Գոհունակություն է Մեզ համար անդրադառնալ, որ այս կարևոր միջացառմանը մասնակից է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Սերժ Սարգսյանը, ով իր բարձր և պատասխանատու առաքելության ընթացքին մշտապես մեծ զորակցություն ու կարևոր աջակցություն է ցուցաբերում նաև բարեսիրական, խնամատար ծրագրերի իրականացմանը:

Սիրելիներ, շուրջ մեկ տասնամյակ առաջ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրաբերեց նախկին Պրոկտոլոգիայի ինստիտուտը, որը տարիներ շարունակ դժվարին իրավիճակներում ծառայություններ մատուցեց` բարեկարգ պայմաններում գործունեություն իրականացնելու այս բերկրալի օրը հուսալով։ Բժշկական կենտրոնի հիմնանորոգմանը սրտաբուխ բարերարությամբ մեծ ներդրում բերեցին մեր Սուրբ Եկեղեցու նվիրյալ զավակներ Տեր և Տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյանները` որպես հիմնական բարերար, ինչպես նաև մեծազնիվ տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնը զգալի ներդրում կատարեց այս աստվածահաճո գործի իրականացման համար: Մեր սիրելի բարերարները ազգային-եկեղեցական կյանքի բարգավաճմանն ու շինությանն ի խնդիր իրենց մեծագործություններին հավելեցին նաև առատաձեռն նվիրաբերություններով իրականացված այս հիվանդանոցի նորոգությունը, որը, ի հիշատակ բարերար Տիգրան Իզմիրլյանի լուսահոգի ծնողներ Սարգիս և Մարի Իզմիրլյանների, կոչվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Հիվանդանոցի վերանորոգմամբ և բարեկարգ պայմանների ստեղծմամբ գործունեության նոր սկիզբ է դրվում հոգատարության ու խնամքի այս հաստատության, որը հիրավի բազմաթիվ մարդկանց համար պիտի լինի «տեղի ապաւինի եւ բժշկութեան»։Այսօր վերակերտյալ հիվանդանոցի բացումը կատարեցինք այս վստահությամբ և սպասումով, որ բժշկական հաստատությունը առավել արդյունավորությամբ շարունակի մեծ օգտակարություն բերել բժշկության կարիքն ունեցող մարդկանց:

Փառք և գոհություն Աստծո, որ Մեր զավակների առողջության, հոգածության ու խնամքի համար հնարավոր եղավ կյանքի կոչել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ստեղծման ազգօգուտ ծրագիրը: «Իզմիրլյան» հիմնադրամի աջակցությամբ հիմնանորոգված «Իզմիրլյան» բժշկական հաստատությունն իր մեջ ներառում է նաև «Սուրբ Ներսես Մեծ» գիտակրթական կենտրոնը: Հիվանդանոցը «Սուրբ Ներսես Մեծ» գիտակրթական կենտրոնով պիտի գործի Սուրբ Ներսես Մեծ Կաթողիկոսի կյանքի վառ օրինակով, ով իր առաքելությունը բարեզարդեց նաև խնամատար, բարեսիրական գործունեությամբ և ամրապնդեց մեր Սուրբ Եկեղեցու սոցիալական ծառայության հիմքերը: Այս սկզբունքով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը շարունակելու է մատուցել բժշկական ծառայությունների բարձր որակ և մատչելիություն, նաև բարեգործական սկզբունքով` ծառայություններ շրջաններում և քաղաքամայր Երևանում սոցիալապես անապահով հիվանդների համար:

Մեր Տերը` Հիսուս Քրիստոս, Իր փրկչական առաքելության մեջ հատուկ ուշադրություն էր դարձնում նաև հիվանդների բժշկությանը, ինչպես վկայում է Ավետարանիչը` նշելով, որ Տերը քարոզում էր արքայության Ավետարանը և բժշկում էր ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդությունները (Մատթ. Դ 23): Մեր սուրբ հայրերը հոգու փրկության հետ մեծապես կարևորել են երկրային այս կյանքում մարմնի առողջության համար հոգալը: Մարդու կյանքի և արդյունալի գործունեության նախապայման է առողջությունը: Քրիստոս ասում է. «Հոգին առավել է, քան կերակուրը, և մարմինը` քան հագուստը» (Ղուկ. ԺԲ 23): Մեր Տիրոջ վարդապետության կարևոր ուսուցումներից է ներկայացնում ավետարանական այս խոսքը, որով Քրիստոս հոգևորի հետ մեկտեղ նաև մարմնի մասին է հիշատակում: Հիրավի, պարտավոր ենք հոգևորն արժևորելով մարմնի մասին մտածել, առողջության համար հոգալ, քանզի մարդը միայն հոգի չէ, և ոչ էլ սոսկ մարմին, այլ այս երկուսի միավորությամբ է` ստեղված աստվածային պատկերով և նմանությամբ: Դրա համար Սուրբ Եկեղեցին հոգու փրկության առաքելության իրականացմամբ մշտապես կարևորել է նաև մարդու ֆիզիկական առողջության համար հոգատարությունը, քանզի աստվածաշնորհ կյանքը բարի գործերով առավել կարող ենք արժևորել, երբ զորեղ ենք առողջությամբ», - նշեց Վեհափառ Հայրապետն իր խոսքում:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բացման ուրախալի առիթով Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հիմնանորոգման նախաձեռնությանը մեծ օգտակարություն ցուցաբերած բոլոր անձանց, «Այգեձոր» շինարարական ընկերությանը, ճարտարապետներին և հիվանդանոցի քաջեռանդ բժիշկներին ու աշխատակիցներին:

Ի գնահատություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնին մատուցած բացառիկ ծառայությունների և ազգային-եկեղեցական անդաստանում իրականացրած ազգանվեր ձեռնարկների համար` Նորին Սրբությունը տիար Տիգրան Իզմիրլյանին շնորհեց «Ասպետ Ս. Էջմիածնի» տիտղոս և Հայրապետական շքանշան:

Ապա ներկաներին իր սրտի խոսքն ասաց Տիգրան Իզմիրլյանը: Ազնվահոգի բարերարն իր ուրախությունը հայտնեց ի հիշատակ իր ծնողների՝ Սարգիս և Մարի Իզմիրլյանների, հիմնովին վերանորոգված կենտրոնի բացման առիթով՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հայորդու համար, ուր էլ որ նա լինի, Հայրենիքի, Մայր Եկեղեցու և ժողովրդի հանդեպ ազգային պարտականությունը պետք է մնա անխախտ և հարատև: Տիար Իզմիրլյանը գնահատանքով շեշտեց նաև, որ ազգային բարերար Լուիզ Մանուկյան Սիմոնի առատաձեռնությունն ու Մանուկյան ընտանիքի օրինակն են իրեն խանդավառել կարևոր այս հանձնառության մեջ:

Հանդիսության ավարտին վերաբացված բժշկական հաստատության պուրակում կատարվեց ծառատունկ ձեռամբ ՀՀ նախագահի, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի և Տիգրան Իզմիրլյանի:

Դիտվել է՝ 4339

Մեկնաբանություններ