Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ո՞վ է այն լավ տղան, որ մի կտոր հացին չգայթակղվի

Ո՞վ է այն լավ տղան, որ  մի կտոր հացին չգայթակղվի
21.10.2013 | 16:14

Հայաստանի Գրողների միությունը նոր նախագահ ունի: Կարևոր չէ` ով է նա, քանի որ այս կառույցի գոյության նպատակահարմարությունը վաղուց անձով պայմանավորված չէ: Երկու օր է համացանցը լցված է միության համագումարի մասին մանրամասներով, սոցցանցերը` դրանց վերաբերյալ մեկնաբանություններով: Հիմնականում ոչ բարենպաստ` միության անդամների համար: Ժամանակին, երբ լուսահոգի Խորեն Աբրահամյանը Միացյալ Նահանգներում էր և Թատերական գործիչների միության հերթական համագումարին սուր քննադատություններ էին հնչում միության` արդեն նախկին նախագահ Աբահամյանի ձեռամբ արված յուրացումների վերաբերյալ, դերասան Կարեն Ջանիբեկյանը փորձեց բացել դժգոհությունների բուն շարժառիթը: Ջանիբեկյանը մոտավորապես այսպես ասաց` «Ձեզանից ո՞վ է Խորենից ավելի լավ տղա, որ մի տեղ մի կտոր հաց լինի ուտելու ու չուտի»: Հենց սա է` եղած-չեղածը այս մի կտոր հացի խնդիրն է բոլոր ստեղծագործական միություններում էլ: Սա սովետական հասարակարգին հատուկ երևույթ է, որից չենք ձերբազատվել-ձերբազատվում արդեն քսան տարուց ավելի: Գրողների միությունը մյուս ստեղծագործական միությունների նման ուտելու տեղ է ընկալվում շատերի կողմից: Միության նորընտիր նախագահ Էդվարդ Միլիտոնյանի դեմ ոչինչ չունեմ, բայց կարծում եմ, նա չունի այն պոտենցիալը, որն անհրաժեշտ է ստեղծագործող մարդկանց համախմբելու, այս` վաղուց մեռած միությանը նոր շունչ հաղորդելու համար: Առհասարակ, մտավորական ասվածը բավականին բարձր հասկացություն է գրող ասվածից: Ամեն գրող համարվող մեկը դեռևս մտավորական չէ: Հիշում եմ` տարիներ առաջ Գրողների միության դահլիճում մի միջոցառման ժամանակ ինչպես էր Միլիտոնյանը թևը դրած իմ աթոռի թիկնակին իր մարմնի ողջ ծանրությամբ շարժում այն ու բարձր խոսում: Երրորդ անգամ արված դիտողությանս ի պատասխան շրջվեց դեպի լուսահոգի բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանն ու ասաց` «Արա, ասում ա` թևդ խանգարում ա»: Հովհաննես Գրիգորյանը անհարմար ժպտաց. նա հայացքով ասում էր` ասում է, դու էլ թևդ իջեցրու: Միլիտոնյանն այդպես էլ արեց: Այս մի փոքրիկ շտրիխը ինձ թույլ է տալիս մտածելու, որ հասարակական վայրում ոչ պատշաճ պահվածքով մարդը դժվար թե կարողանա մի համքարություն ղեկավարել: Ղեկավարել ասելով նկատի ունեմ` սիրել-ծառայել: Ինչ վերաբերում է մի կտոր հացին, միության ունեցվածքից մի կտոր փախցնելու պատրաստ գրողների երկօրյա համագումարյան լեզվակռիվը ավելի խոսուն էր, քան որևէ ստեղծագործություն` նույն գրողների հեղինակությամբ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1460

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ