Հունվարի 10-ին Կուբայի Ազգային հերոս Խոսե Մարտիի հուշարձանի մոտ ծաղկեպսակի զետեղմամբ մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Կուբա։ Հավանայում նրան ընդունել է Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահ Ռիկարդո Կաբրիսա Ռուիզը:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահը նշել է, որ Կուբայում ամենայն ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին և վստահություն հայտնել, որ առավել, քան տասը տարվա ընդմիջումից հետո առաջին բարձրաստիճան այցելությունը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերություններին և բազմակողմ համագործակցությանը։
Նալբանդյանն ընդգծել է, որ իր այցելությունը միտված է ամրապնդել Կուբայի հետ հաստատված բարեկամական հարաբերությունները, բացահայտել փոխգործակցության նոր ուղիներ։ Ռիկարդո Կաբրիսա Ռուիզը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է Կուբայի կառավարության կողմից երկրի տնտեսության արդիականացման նպատակով նախատեսվող բարեփոխումները։ Նա ընդգծել է, որ Կուբան պատրաստակամ է Հայաստանի հետ խորացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և հնարավոր այլ ուղղություններով։ Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահը և Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից քննարկել են առևտրատնտեսական, առողջապահությանս, գիտակրթական և մշակութային բնագավառներում համագործակցությունը ընդլայնելու նպատակով համատեղ ձեռնարկվելիք քայլերը։
Հայաստանի և Կուբայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Բրունո Ռորդիգես Պարիյայի հանդիպման ընթացքում ողջունելով հայաստանցի գործընկերոջը՝ Կուբայի արտգործնախարարը խնդրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի ողջույններն ու բարեմաղթանքները։ Ռոդրիգեսը նշել է, որ իր երկրում բարձր են գնահատում Կուբայում մի քանի տասնամյակ աշխատած հայ մասնագետների ներդրումը, նրանք ուրույն ներդրում են ունեցել Կուբայի զարգացման գործում։
Հանդիպման ընթացքում նախարարները վերահաստատել են շահագրգռվածությունը` հիմնվելով պատմականորեն ձևավորված փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա՝ գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների ամրապնդման, խորացման և ընդլայնման նպատակով։ Երկու նախարարները հանգամանալից քննարկել են քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կառույցներում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, գիտակրթական և մշակութային փոխանակումների խթանման նպատակով իրականացվելիք համատեղ քայլերը:
Զբոսաշրջության խթանման նպատակով զրույցի ընթացքում կարևորվել է Հայաստանի քաղաքացիների համար Կուբա մուտքի դյուրացումը։
Կուբայի արտգործնախարարը ներկայացրել է լատինամերիկյան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում իր երկրի դերակատարությունն ու դիրքորոշումները։ Նալբանդյանն էլ ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության քայլերը:
Հայաստանի արտգործնախարարը Կուբացի գործընկերոջը հրավիրել է Երևան։
Նախարարական հանդիպումից հետո Կուբայի արտգործնախարարը պաշտոնական ընդունելություն է տվել Հայաստանի ԱԳ նախարարի պատվին, որին ներկա են եղել Կուբայի ԱԳՆ ղեկավարությունը, Հավանայում հավատարմագրված հիսուն դեսպաններ։
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև Կուբայի խորհրդարանի փոխնախագահ Աննա Մարիա Մարի Մաչադոյին։ Կուբայի խորհրդարանի ղեկավարի տեղակալը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը և գործունեության հիմնական ուղղությունները՝ նշելով, որ Կուբայի օրենսդիր մարմինը ցանկանում է իր ներդրումն ունենալ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման գործում։ Այդ համատեքստում շեշտվել է երկու երկրների խորհրդարաններում ձևավորված հայ-կուբական բարեկամության խմբերի միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը, որը կխթանի համագործակցության ընդլայնումը։
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Կուբայի արտաքին առևտրի և ներդրումների նախարար Ռոդրիգո Մալմիերկա Դիասի հետ հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվել են երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Նախարար Մալմիերկան՝ ընդգծելով կուբական կողմի շահագրգռվածությունը խորացնել Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցությունը, մանրամասն տեղեկություններ է հաղորդել Կուբայում ծրագրվող տնտեսական բարեփոխումների և ընձեռվող հնարավորությունների վերաբերյալ։ Արծարծվել է երկու երկրների Առևտրի պալատների միջև փոխգործակցության հաստատման հնարավորությունը։
Կուբայի արտաքին առևտրի նախարարը հրավիրել է Հայաստանին մասնակցելու այս տարվա աշնանը կայանալիք Հավանայի ամենամյա միջազգային ցուցահանդեսին՝ պատրաստակամություն հայտնելով անվարձահատույց տարածք տրամադրել հայկական տաղավարին։ Նախարարները կարևորել են տնտեսական շրջանակային համաձայնագրերի նախախապատրաստումը՝ որպես այդ բնագավառում փոխգործակցության խթանման կարևոր քայլ։ Հավանայում Էդվարդ Նալբանդյանը այցելել է Կուբայի Բիոտեխնոլոգիայի և գենետիկ ինժեներիայի գիտահետազոտական կենտրոն, ուր հանդիպել է կենտրոնի ղեկավարության և գիտաշխատողների հետ, նրանք Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել են իրենց հետազոտությունների արդյունքում արձանագրված ձեռքբերումները։
Զրույցի ընթացքում արծարծվել են Կուբայի Բիոտեխնոլոգիայի և գենետիկ ինժեներիայի կենտրոնի և Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։