Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը համաշխարհային ողբերգություն է. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը համաշխարհային ողբերգություն է. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
24.04.2015 | 01:12

Ապրիլի 21-22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցավ «Հանդուրժողականություն ու հաշտեցում» խորագրով բարձր մակարդակի քննարկում, որում անդրադարձ կատարվեց աշխարհում արմատականության ու ծայրահեղականության, դաժանությունների ու բռնությունների, մշակութային և կրոնական լարվածության ու հակամարտությունների ահագնացող դեպքերին։
Բացման խոսքով հանդես են եկել ՄԱԿ-ի ԳԱ նախագահը, գլխավոր քարտուղարը, Մարդու իրավունքների խորհրդի նախագահը և Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչը։ Ելույթ են ունեցել մեծ թվով պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, մշտական ներկայացուցիչներ և հոգևոր առաջնորդներ։ Ողջունելով ՄԱԿ-ի շրջանակներում հանդուրժողականության, երկխոսության ու հաշտեցման գաղափարոսության տարածման ուղղությամբ հետևողական քայլերը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ռասիզմը, կրոնական և մշակութային անհանդուրժողականությունը, այլատյացությունը, հասարակությունների բևեռացումը, մերժումն ու նսեմացումը հանդիսանում են մարդու իրավունքների զանգվածային ոտնահարում՝ հանգեցնելով ոճրագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների՝ ներառյալ ցեղասպանության։ Դեսպանը նկատել է, որ ԳԱ քննարկումը համընկնում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հետ և ընդգծել, որ հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը համաշխարհային ողբերգություն է՝ կրկին անգամ հիշեցնելով բոլորին, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ։ Ըստ Զոհրաբ Մնացականյանի, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը կարևոր է նաև վերահաստատելու ժողովրդի հավատը մարդու հիմնարար իրավունքների, մարդու արժանապատվության ու անձի արժևորման հարցի նկատատմամբ, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ։ Նշելով, որ աշխարհի շատ ժողովուրդներ կիսում են հայերի վիշտը և իրենց համերաշխությունն են հայտնում հայերին արդարության հաղթանակի համար, դեսպան Մնացականյանը շնորհակալություն հայտնեց տարբեր դավանանքի ժողովուրդներին ու մարդկանց, ովքեր Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Ամերիկայում, Ասիայում, Ավստրալիայում և այլուր օգնության ձեռք են մեկնել, ապաստան տրամադրել ու պաշտպանել հայերին ցեղասպանության ժամանակ ու դրան հաջորդած տարիներին: Նա ընդգծել է, որ հայերը ատելություն չեն տածում թուրք ժողովրդի նկատմամբ, այլ կոչ են անում առերեսվել պատմությանը, ընդունել այն և ճանապարհ հարթել իրական հաշտեցման համար։ Դեսպանը նշեց, որ Հայոց ցեղասպանությունը պատմաբանների հարց չէ, այն ներկա քաղաքական խնդիր է` անցյալը ընդունելու քաղաքական համարձակության խնդիր։ Շեշտելով, որ առանց ճշմարտության և հիշատակի չի կարող լինել իսկական հաշտեցում, դեսպան Մնացականյանը եզրափակեց․ «Արդարությունը և հաշտեցումն է Հայաստանի ու հայ ժողովրդի օրվա ուղերձն այս քննարկմանը»։

Դիտվել է՝ 581

Մեկնաբանություններ